ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով Տավուշի մարզում ստեղծվել են հանձնախմբեր՝ անտառների պահպանության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Թե ինչ է կատարվում այդ ոլորտում, պարզ է դառնում դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության՝ մեկ այլ՝ Տավուշի մարզի անտառտնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված խախտումների ու թերությունների մասին տեղեկանքից: Եվ այսպես, բնապահպանության նախարարը գտնում է, որ «ներկայումս ապօրինի անտառահատումները զանգվածային բնույթ չեն կրում»: Իսկ առանձին վերցրած մեկ Տավուշի մարզում գլխավոր դատախազության կատարած ստուգումները պարզել են հետեւյալ խախտումները: Մասնավորապես՝ «ներկայումս անտառի պահպանության եւ շահագործման գործառույթները իրականացվում են իրավաբանորեն գոյություն չունեցող կազմակերպությունների կողմից»: Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի որոշմամբ, «Հայանտառ» ՓԲԸ-ն եւ նրա դուստր ընկերությունները (ԴՓԲԸ-ներ) վերակազմավորվել են «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ), որը, սակայն, իր կանոնադրության համաձայն, տեղերում մասնաճյուղեր չի կարող ստեղծել: Մինչդեռ մարզերում շարունակում են գործել գոյություն չունեցող դուստր ընկերությունները: «Հետեւաբար վերջիններիս կնքած պայմանագրերն իրավաբանական ուժ չունեն»,- կարդում ենք դատախազության տեղեկանքում: Դա բնավ չի խանգարել, որ այդ ԴՓԲԸ-ները անտառի շահագործումից ստացված շահույթն օգտագործեն ընկերության կարիքների համար, որը նույնպես հակասում է ՊՈԱԿ-ի կանոնադրությանը: Նոր «Հայանտառը» շարունակել է օգտագործել արդեն գոյություն չունեցող հիմնարկի կնիքը՝ առանց վերաձեւակերպելու ԴՓԲԸ-ների աշխատակիցներին: Այնպես որ, վերջինները, «չհանդիսանալով նորաստեղծ կազմակերպության աշխատակիցներ, չեն համարվում նյութական պատասխանատու անձինք»: Այդ ոչ բարդ ձեռնածություններն ընդամենը միջոցներ են եղել՝ իրականացնելու այն ամենը, ինչի մասին տարիներ շարունակ գրում են լրագրողները,եւ ինչը վերջապես «հայտնաբերեց» նաեւ գլխավոր դատախազությունը: Քանի որ ՀՀ անտառային օրենսգիրքն արգելում է արդյունագործական անտառահատումները, դրանք կատարվում են սանիտարական հատումների անվան տակ: Սա հաստատում են Տավուշի մարզի հինգ անտառտնտեսություններին իջեցված փայտանյութի մթերման եւ իրացման ծավալները: Դրանց հիման վրա վերը նշված ԴՓԲԸ-ների եւ Իրանի Իսլամական Հանրապետության երեք ընկերությունների միջեւ 2003 թ. տարբեր ամիսներին կնքված շինափայտի մատակարարման պայմանագրերով, անտառտնտեսությունները պարտավորվել են մեկամսյա ժամկետում գնորդին վաճառել նախատեսված ծավալի եւ որակի հաճարի կեղեւահան գերաններ եւ կողահատ տախտակ: «Այսինքն ակնհայտ է, որ պայմանագրերը կնքվել են արդյունաբերական հատումներ կատարող անտառտնտեսությունների հետ, այլապես մեկամսյա ժամկետում սանիտարական հատումներից նման որակի եւ ծավալների շինափայտ հնարավոր չէ ստանալ»,- եզրակացնում են դատախազությունում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ պայմանագրերով նախատեսված չափանիշներին համապատասխանող շինափայտ կարելի է ստանալ միայն «էլիտար» հատումներից: Փոխարենը չեն հատվել իսկապես սանիտարական հատման ենթակա ծառերը: Ավելին, «մի շարք հատատեղերում հատված ծառերից շինափայտն առանձնացվել, մթերվել է, իսկ փայտանյութը, թափուկները եւ մյուս մնացուկները չեն հեռացվել, հատատեղերը բարեկարգ տեսքի չեն բերվել, ինչի հետեւանքով ոչ միայն փչանում է արժեքավոր փայտանյութը, այլեւ ստեղծվել են հրդեհավտանգ նպաստավոր պայմաններ»: Հատման ենթակա ծառերի ընտրությունը կատարել են անտառտնտեսությունները, իսկ ՊՈԱԿ-ի կողմից դրանց հիմնավորվածությունը չի ստուգվել: Պարզվել է նաեւ, որ հատումները կատարվում են ԽՍՀՄ նորմատիվներով: Այնպես որ, անտառշահագործողները «յուրովի են բացատրում այս կամ այն ծառի սանիտարական հատման անհրաժեշտությունը եւ խուսափում են պատասխանատվությունից՝ կատարված սխալ հատումների համար»: Հենց միայն շինափայտի պայմանագրեր կնքելու փաստն արդեն ապացուցում է, որ ի սկզբանե նպատակը արդյունաբերական հատումներն են եղել: «Կտրվում են ոչ միայն առողջ եւ երիտասարդ ծառեր, այլեւ դրանց հետ մեկտեղ զանգվածաբար ոչնչացվում է մատղաշը»,- այս եւ արդյունաբերական հատումների մասին հատվածները հատուկ մեջբերում ենք՝ պատասխանելու համար երեկվա մեր հոդվածում առաջադրված հարցին, թե ինչի՞ դեմ են պայքարելու Տավուշի մարզում ստեղծված հանձնախմբերը: Մի՞թե այն երեւույթի, որի գոյությունը ժխտում է բնապահպանության նախարարը: Եվ սա, կրկնենք, միայն Տավուշի մարզում է կատարվում: Հիշեցնենք նաեւ, որ «Հայանտառում» ստուգումներ իրականացնում են եւս երկու պետական մարմին՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը եւ 6-րդ վարչությունը: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ