Նոր հանգամանքներ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատարանում երեկ ցուցմունք էր տալիս ամբաստանյալ Ռաֆիկ Մելքոնյանը: Նա մեղադրվում է այն բանում, որ իմանալով Հովհաննես Հարությունյան-«Ապերի»՝ Տ.Նաղդալյանի սպանության գործով հետախուզման մեջ լինելու մասին, մարտի 11-14-ն ընկած ժամանակահատվածում նրան թաքցրել է իր՝ Բաբայան 38, բն. 35 հասցեում գտնվող բնակարանում, որովհետեւ «Ապերն» իր փեսայի ընկերն է եղել: Իսկ նրա ցուցմունքները վերաբերում էին նաեւ այն հայտնի գրությանը, որտեղ «Ապերն» իր կնոջը հանձնարարել էր գնալ Արարատ, Գրետա Սարգսյանի մոտ եւ այլն: Հիշեցնենք, որ նամակի գոյության, դրա բովանդակության մասին հայտնի դարձավ միայն դատարանում, երբ «Ապերի» կինը՝ քրգործով վկա Գայանե Մելքոնյանը հայտնվեց դատարանում՝ ասելով, որ հիշյալ գրությունը ստացել էր Ռ.Մելքոնյանից՝ «Ապերի» ձերբակալությունից հետո: Ամբաստանյալ Ռ.Մելքոնյանի մատուցմամբ, «Ապերն» իրեն այդ գրության մասին տեղյակ չի պահել, չի հանձնարարել փոխանցել կնոջը: Ինքն «Ապերի» ձերբակալությունից հետո էր տեսել, որ նրա սենյակում «տմբուչկայի» վրա ծալված ինչ-որ թուղթ կա, որի բովանդակությանը չէր ծանոթացել: Բայց «Ապերի» ձերբակալությունից 2-3 օր անց Ռ.Մելքոնյանին զանգել է «Ապերի» կինն ու ասել, թե ուզում է գնալ նրա տուն, տեսնել այն սենյակը, որտեղ «Ապերն» այդ 2-3 օրը մնացել է: Ռ.Մելքոնյանի տուն են այցելել «Ապերի» կինը, դուստրը եւ փեսան: Տանտերը ցույց է տվել սենյակը, Գ.Մելքոնյանը ներս է մտել, վերցրել է զարդասեղանի վրա դրված ծալված գրությունն ու գնացել: Ակնհայտ էր, որ հակասություններ կան Ռ.Մելքոնյանի եւ «Ապերի» կնոջ ցուցմունքներում. կամ՝ «Ապերի» կինն է ստել, երբ հայտարարել է, թե այդ գրությունն իրեն Ռ.Մելքոնյանն է տվել, կամ՝ ամբաստանյալը, որն ասում է, թե՝ Գ.Մելքոնյանն ինքն է գնացել ամբաստանյալի տուն եւ գրությունը վերցրել: Երկրորդ, «Ապերի» կինը որտեղի՞ց եւ ումի՞ց է իմացել, որ Ռ.Մելքոնյանի տանը գրություն կա, որ դա «Ապերն» է գրել, եւ ուղղված է հենց իրեն: Ավելին, «Ապերի» կինը դատարանում ասել էր, թե իրեն փոխանցված գրությունը սքոչով փաթաթված է եղել, մինչդեռ, ըստ Ռ.Մելքոնյանի, գրությունը միայն ծալված վիճակում է եղել: Տարակուսանք է առաջացնում այն, որ բնակարանում, որտեղ «Ապերը» թաքնվել է, նրան ձերբակալելիս կամ դրանից հետո իրավապահները հիշյալ գրությունը չէին հայտնաբերել: Ավելին, Ռ.Մելքոնյանի ցուցմունքներից պարզ դարձավ, որ նրանք ոչ միայն չէին էլ փորձել խուզարկել բնակարանը, որտեղ «Ապերը» կարող էր ինչ ասես, այդ թվում՝ զենք, փաստաթղթեր, պահած լինել, այլեւ՝ «Ապերին» թույլ են տվել անարգել, առանց ոստիկանի ուղեկցության մտնել իր սենյակը, հավաքել «վեշ-մեշոկն» ու դուրս գալ: Սրանք, մեղմ ասած, կասկածահարույց փաստեր են, որոնք ամենատարբեր ենթադրությունների համար պարարտ հող են ստեղծում: Երեկ տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանին ամբաստանյալ Ջոն Հարությունյանը հարցրեց, թե Տ.Նաղդալյանին հիվանդանոց տանելուց հետո, բժիշկներն իրենց ինչ են ասել: Ամբաստանյալի ակնարկը մեզ հիշեցրեց քրգործի նյութերում առկա մի հետաքրքիր հանգամանք: Բանն այն է, որ ամբաստանյալ Ջ.Հարությունյանի ցուցմունքներով եւ քրգործի նյութերով Տ.Նաղդալյանը սպանվել է դիմահար կրակոցով: Ամբաստանյալի ասելով, ինքը կրակել է շենքի մուտքում դարանակալած ժամանակ, կրակել է մթության մեջ իջնող լրագրողի կրծքավանդակին, ու փախել, նրա դիրքն այդ պահին չի տեսել: Մինչդեռ Երեւանի թիվ 3 հիվանդանոցում, որտեղ Տ.Նաղդալյանին տեղափոխել են, նյարդավիրաբույժը դեկտեմբերի 28-ի ժ.19.20-ի դրությամբ արձանագրել է այն վերքերը, որոնք լրագրողը ստացել էր, եւ, որոնք վկայում են, որ Տ.Նաղդալյանին կրակել են թիկունքից: Ըստ այդմ՝ «գլխի աջ ծոծրակային շրջանում առկա է 1 սմ տրամագծով մուտքի անցք, աննշան երակային արյունահոսություն: Գլխի ետին ճակատա-պարասագիտալ շրջանում մոտ 2սմ տրամագծով ելքի անցք, առկա է ինտենսիվ երակային արյունահոսություն ուղեղային դետրիտով»: Դատաբժշկության մեջ, փորձագետների պնդմամբ, պարզ ճշմարտություն է՝ գնդակի մուտքի անցը ելքի անցքից միշտ ավելի փոքր է լինում: Իհարկե, ավելի ուշ արդեն դատախազությունում դատաբժշկական փորձաքննությունը որոշակիորեն սրբագրել է այս ախտորոշումը եւ վնասվածքների նկարագրությունը զգուշավորությամբ հանգեցրել նրան, թե լրագրողի վրա կրակել են դիմացից: Հիշեցնենք, որ ժամանակին դարձյալ դատաբժիշկների թեթեւ ձեռքով եւ նրանց փորձաքննության եզրակացությամբ ՆԳՆ փոխնախարար Արծրուն Մարգարյանն էլ ինքն իր կրծքավանդակին կրակելուց հետո, երկրորդ կրակոցն արձակել էր իր իսկ ծոծրակին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ