«ԱՅՍ ՀՈՂԸ ՁԵՐ ԼԵՇԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԻ» Երեկ «27»-ի ոճրագործներին ասաց տուժող Անդրանիկ Մանուկյանը «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության վիճաբանությունների փուլում երեկ դատարան ներկայացան եւ ճառերով հանդես եկան տուժողներ Արամայիս Բարսեղյանը, Անդրանիկ Մանուկյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը։ Դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ բոլոր տուժողներին ուղարկվել են ծանուցագրեր եւ «մոբիլիզացվել» է ոստիկանությունն անգամ։ Ակնհայտ էր, որ Արամայիս Բարսեղյանը պատրաստ չէր ճառին, հավանաբար այդ պատճառով դահլիճը չընկալեց նրա այդ ելույթը։ Նախկին պատգամավորի ելույթը հիմնականում քաղաքական գնահատականներ էր պարունակում, ինչպես նաեւ՝ դժգոհություն՝ գործի բոլոր հանգամանքները չբացահայտելու կապակցությամբ։ Դրան ի պատասխան դատավոր Ուզունյանը, հորդորեց ցուցմունքներ տալ գործի անջատված մասով։ Ականատես Անդրանիկ Մանուկյանը ճառն սկսեց իր հոգեվիճակի նկարագրմամբ. «Ինձ համար շատ դժվար է երկրորդ այցելությունը այս տականքներին, ես ստիպված եղա գալ»։ Նա ասաց, որ 3 տարի ընթացող դատավարությունը նաեւ իրենն է, որովհետեւ «զոհված ընկերներիցս հետո ես 10 օր մահացած եմ մնացել եւ Աստծո կամոք եմ կենդանացել, որ գամ դատարան եւ ասեմ՝ ինչ որ տեսել եմ, որպեսզի դատավարությունը չվերածվի կատակերգության»։ Տուժողն ասաց, որ ինքը խոսելու է ոչ իբրեւ նախարար, ոչ իբրեւ պաշտոնյա, այլ մարդ, որը 27-ը համարում է ժողովրդի վիշտը եւ պետության ամոթը։ «Նման տականքներ միշտ գտնվել են մեր պատմության մեջ. 14-րդ դարից չենք ունեցել պետականություն, ինչը նման տականքների ձեռքի գործն է եղել»,- շարունակեց նա։ Ա. Մանուկյանը պնդեց իր բոլոր ցուցմունքները, ասելով. «Տեսել եմ դաժանությունները, սպանությունները»։ Ըստ տուժողի, «այդ տականքների նկատմամբ վճիռը կարելի էր կայացնել 3 ամսվա ընթացքում, այն ժամանակ մենք չունեինք պարտավորություն եվրոպական կառույցների հանդեպ»։ Եվ այդ դեպքում, ըստ պրն Մանուկյանի, մահապատիժը միանգամայն հնարավոր կլիներ։ «Ես չգիտեմ, դատարանը ինչ որոշում է կայացնելու,- ասաց նա։- Ես իմ որոշումը կայացրել եմ։ Դուք այս հողի վրա տեղ չունեք, այս հողը ձեր լեշը չպիտի ընդունի»։ Տուժողը գտնում էր, որ դատավարությունը զավեշտի է վերածվել, որ այն քաղաքականացվել է, իսկ ձգձգումը հանգեցրել է նրան, որ «տականքները հրաժարվում են սպանություններից։ Վ. Սարգսյանին սպանել են իմ աչքի առաջ։ Փոքր տականքը խփեց Դեմիրճյանին ու Բախշյանին։ Վիրավոր ընկած էի երկրորդ միկրոֆոնի տակ, հայացքս ուղղված էր Դեմիրճյանին։ Այդ ժամանակ ճանաչեցի մեծ տականքին։ Նա ավտոմատի կրակ արձակեց, Դեմիրճյանը ասում էր մոտավորապես. «Էս ինչ մեթոդներ են», լավ չէր հասկացվում, նայում էի Դեմիրճյանին, ուզում էի հարցնել, իհարկե, չէի կարող, որովհետեւ ես այդ վիճակում չէի։ Տեսա, թե նա ինչպես կրակահերթ արձակեց Դեմիրճյանի եւ Բախշյանի ուղղությամբ։ Ես երբ տեսա, թե ինչպես Վազգենը գլուխը թեքեց եւ բերանից արյունը գնաց, ես, անկախ ինձանից, վեր թռա»։ Ականատես Ա. Մանուկյանը դիմեց ամբաստանյալ «բժշկին». «Դու չէի՞ր տեսնում, որ արյան մեջ շաղախված էի։ Չէիր ուզում ինձ օգնել» եւ ցույց տվեց գլխին հասցրած ինքնաձիգի վերքերը։ Անդրադառնալով դատավարությունը քաղաքականացնելու փորձերին, Ա. Մանուկյանը նկատեց. «Ցավում եմ, որ անտեղի միջնորդություններով ձգձգեցին դատավարությունը։ Ցանկացած միջնորդության դուք ընթացք տվեցիք։ Աբսուրդի է հասել, որ տականքը Յունոշեւից պաշտպան է ուզում՝ ասելով, որ տուժողի ներկայացուցիչներին կարողացել է բերել իր կողմը, հիմա էլ մեղադրողների եւ դատավորների հետ նույնը պիտի անի։ Իմ համար ցավ է, որ դատարանի դահլիճը դատարկ է։ Ցավ եմ ապրում, որ ժողովուրդը չի ուզում լսել այս դատի մասին։ Մեր արյունը մի օգտագործեք քաղաքական նպատակներով։ Ցավալի է, որ տականքները ցմահ բանտարկություն պիտի ստանան։ Օլեգ Յունոշեւի վրա է այս դատավարության ձգձգման մեղքը։ Աշոտ Սարգսյանը տեսավ ստեղ ինչ-որ խաղեր են գնում, հասկացավ, հրաժարվեց, դուրս եկավ։ Դուրս եկան մեր հայտնի իրավաբանները՝ Ջանոյանները։ Բայց մեր արյունը քաղաքական խաղաքարտ չդարձնեք։ Քաղաքական հարցերը գնացեք լուծեք ոնց ուզում եք։ Նախագահ եք ուզում դառնալ, ինչ եք ուզում։ Մեր արյան վրա քաղաքականություն մի սարքեք»,- հուզված ասաց նա։ Պակաս զգայացունց չէր նաեւ տուժող Հերմինե Նաղդալյանի ճառը։ «Ես իմ պարտքը համարեցի գալ դատարան եւս մեկ անգամ ասել այն ամենի մասին, ինչի մասին խոսել եք շուրջ 3 տարի։ Ես տեսել եմ։ Եթե կասկածներ ունեք՝ ես չունեմ։ Ես ոչ միայն իմ մահն եմ տեսել, այլ իմ ընկերների մահը։ Դրա համար ձեզնից պահանջելու իրավունք ունեմ։ Եթե որեւէ մեկը կգա վաղը, 1 տարի, 10 տարի հետո կապացուցի կամ կփորձի ապացուցել, թե ով է սպանել Վազգենին, Կարեն Դեմիրճյանին, ո՞վ է կրակել իմ վրա, ես, բարեկամներ, դրա կարիքը չունեմ։ Ինչքան էլ որ ձեր ապացույցները շատերի համար հետաքրքիր լինեն։ Ես հորս պատմածը ձեզ չեմ ասում եւ ոչ էլ որեւէ լրագրողի։ Տեսել եմ ով է իմ վրա կրակել, ով՝ Վազգենի եւ Կարեն Դեմիրճյանի»։ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդը՝ Արմենուհի Արմենակյանն ասաց. «Մինչ այսօր մտածում էի ուժ կգտնեի արտահայտելու մտքերս։ Ն. Հունանյանի եւ նրա ստոր խմբի միջոցով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, հեռացան լավագույնները»։ Երեկվա դատական նիստին ներկա չէին փաստաբաններ Օլեգ Յունոշեւը եւ Աշոտ Սարգսյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ