ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Ըստ եվրոպացիների՝ այլընտրանքային ծառայությունը մեզ համար նման սպառնալիք չի ներկայացնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված է միջազգային պայմանագրերով, միջազգային չափանիշներով եւ նման կարգի այլ բաներով։ Եթե, իրոք, հավատանք ԵԽ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Զիմանին, ապա կարող ենք զորքն ու զենքը «հանձնել»։ Բայց մենք մի քիչ այլ հոգեկերտվածք ենք ժառանգել եւ շատ լավ պատկերացնում ենք մեր հարեւան պետությունների հավակնությունները։ «Այլընտրանքային ծառայության մասին» ԵԽ-ի հետ համատեղ սեմինարից հետո երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խիստ անհարմար վիճակներ էին ստեղծվում՝ եվրոպական սառնաշունչ չափանիշները, Հայաստանի ստանձնած պարտավորությունները, կարծես, ոչ մի կերպ մի առվով չէին գնում մեր ազգային շահերի հետ։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ հարցը քննարկվել է աշխարհաքաղաքական տեսանկյունից եւ «մեր տեսակետն այն էր, որ փոփոխությունները դիտարկվեն որպես սիմետրիկ փոփոխություն այլ երկրների համար եւս։ Եվրոպայի մեր գործընկերները վստահեցրին, որ Ադրբեջանի նկատմամբ քննարկումների ձողն ավելի ցածր չի լինի եւ այն, ինչ պահանջվում է Հայաստանից, տառացիորեն կպահանջվի նաեւ Ադրբեջանից։ Իհարկե, մնում է մեկ պրոբլեմ, եւ մենք մեր կոլեգաների ուշադրությունը հրավիրեցինք այդ փաստին, որ գոյություն ունի Թուրքիա, որը ընդհանրապես չի ճանաչում այլընտրանքային ծառայության ոչ մի ձեւ։ Եվ այս միջավայրում մենք պետք է փորձենք մեր անվտանգության շրջանակների մեջ տեղավորել մեր բոլոր պարտավորությունների կատարումը։ Սա բավական դժվար խնդիր է, բայց այս սեմինարի մեջ եզրերը երեւացին»։ Հետաքրքիր է, ի՞նչ եզրեր են երեւացել, երբ եվրոպացի փորձագետները շարունակում են պնդել, թե Հայաստանի անվտանգությունը պահպանվում է ոչ թե զենքով ու բանակով, այլ՝ միջազգային իրավունքով։ ԵԽ ներկայացուցիչ Քրիստոֆ Զիմանը թերեւս հենց այս պատճառով, ըստ էության, չպատասխանեց «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, որը հնչեց մոտավորապես այսպես. միջազգային իրավունքը ինչպե՞ս կարող է մեզ պաշտպանել, երբ ԵԽ բավականին ազդեցիկ ներկայացուցիչներ ադրբեջանական 700 քաղբանտարկյալների գոյության փաստը ոչ մի կերպ չէին կարողանում ընդունել տալ Ադրբեջանին. «այսինքն՝ եվրոպական իրավունքը, երբ քո վրա կրակում են, որեւէ ձեւով չի ազդելու, եւ կրակելու են»։ Թղթակիցն առաջարկեց նախ Ադրբեջանին ընդունել տալ այլընտրանքային ծառայությունը. «որպեսզի ռազմաշունչ կոչեր հնչեցնողները չկարողանան Եվրոպայի անվտանգությունը խաթարել»։ «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը որոշակի շտկումներից հետո պետք է ընդունվի առաջին ընթերցմամբ՝ մինչեւ նոր տարի։ Սակայն եվրոպացի փորձագետները խիստ դիտողություններ են արել մի քանի սկզբունքային կետերի վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ պատասխանելով այլընտրանքային ծառայության ժամկետներին վերաբերող մեր հարցին, մասնավորապես նկատեց. «քանի որ ծառայության տեւողության հարցը ամենից շատ է հետաքրքրում մեր հասարակությանը, ասեմ, որ կար երկու տարբերակ։ Մեկը առաջարկել էր պաշտպանության նախարարությունը՝ 48 ամիս։ Սա պարզ թվաբանական հաշվարկ էր՝ եթե զինծառայողը հերթափոխի մեջ է 16 ժամ, ընդ որում, մեր բանակի 70 տոկոսը ճակատային պայմաններում է, անընդհատ գտնվելով ադրբեջանական գնդացիրների նշանառության տակ։ Ավտոմատ կերպով ութ ժամ ծառայողների՝ այլընտրանքայինների ծառայության ժամկետը պետք է կրկնապատկվի։ 24 ամիս ծառայությունը դառնա 48։ Բնական է, որ սա ընդունելի չէ ոչ մի իմաստով, եւ մենք գտնում ենք, որ 42 ամիսը բավարար է։ Ըստ ամենայնի՝ այստեղ եւս կարելի է զիջում կատարել եւ հիմա խոսքը գնում է 36 ամսվա մասին։ Իսկ ես անձամբ առաջարկում եմ համահեղինակներին՝ ստեղծել ճկուն սանդղակ։ Չէ՞ որ ծառայողներ կլինեն երկու տեսակի՝ զինծառայություն առանց զենքի եւ այլընտրանքային քաղաքացիական տիպի ծառայություն։ Սրանք տարբեր բաներ են։ Առաջարկելու եմ հետեւյալը՝ նրանք, ովքեր կգնան զինծառայության առանց զենքի, սրանց, իհարկե, կարելի է զիջել եւ ծառայությունը դարձնել 36 ամիս։ Իսկ նրանք, ովքեր կոշտ կերպով կհրաժարվեն պաշտպանության նախարարության համակարգում ծառայությունից, ապա նրանց համար կառաջարկեմ պահպանել նույն թիվը՝ 42 ամիս»։ ԵԽ-ի ներկայացուցիչները քննարկումների ընթացքում առաջարկել են խղճի պատճառով այլընտրանքային ծառայության ձգտողների համար հիմք ընդունել ոչ միայն գրանցված կրոնական կազմակերպությունների, այլեւ՝ չգրանցվածների երաշխավորագիրը։ Վահան Հովհաննիսյանի կարծիքը հետեւյալն է. «մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդպիսի կազմակերպությունը չի սկսի տեղեկանքներ տալ ոչ միայն խղճի եւ գաղափարի սկզբունքներից ելնելով, այլ՝ բոլորովին այլ դրդապատճառներով։ Ուստի, ես էլ կարծում եմ, ավելի ճիշտ է գործ ունենալ անհատի հետ։ Այլ հարց է՝ թե ի՞նչ մեխանիզմներով ճշտել, որքանով է ինքն անկեղծ իր դիմումի մեջ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ