ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Վրաստանի օլիմպիական հիմնադրամի ստեղծման 10-ամյակի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Մարիո Պեսկանտեն, գլխավոր քարտուղար Խիկը, Հայաստանի, Ռուսաստանի ԱՕԿ-ների նախագահները, Ադրբեջանի ԱՕԿ-ի նախագահի առաջին տեղակալը (Իլհամ Ալիեւը չէր կարողացել անձամբ ներկա գտնվել)։ Եղան բազմաթիվ գործնական հանդիպումներ ու քննարկումներ։ Մասնավորապես, բարձրացվել է մեծ սպորտ մեծ փողեր ներխուժելու հարցը։ Դա անընդունելի իրողություն է, որի դեմ հետագայում պայքարելու կարեւոր միջոց է համարվել մանկապատանեկան սպորտում համապատասխան աշխատանքներ ծավալելը, առկա գումարները հենց այդ տարիքային ոլորտ ուղղելը։ Հայկական կողմը առաջ է քաշել նաեւ ՄՕԿ-ում փոքր պետությունների՝ քվեարկության ձայն չունենալու հարցը, որի հետեւանքով տուժում են փոքր երկրները։ Որոշվել է այդ խնդիրը ՄՕԿ-ի առջեւ դնել դեկտեմբերի 13-ին Հռոմում կայանալիք համաժողովում։ Մեր պատվիրակության առաջարկով, որը վերաբերում է ՄՕԿ-ի եւ ԵՕԿ-ի կողմից այսպես կոչված երրորդ աշխարհին անբավարար ֆինանսավորելուն, որոշվել է այդ հարցը նույնպես փորձել քննարկման թեմա դարձնել ՄՕԿ-ի համաժողովում։ Հայաստանի պատվիրակությունը հանդիպեց Ադրբեջանի մարզական ղեկավարության հետ եւ քննարկեց եկող տարի Բաքվում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի մասնակցության խնդիրը՝ կապված անվտանգության երաշխիքների հետ։ Հարցը դեռեւս հետագա քննարկման կարիք ունի։ Համեմատության ոչ մի եզր Վրաստանում պետությունը մեծ սպորտը պետբյուջեից տարեկան ֆինանսավորում է 4,5 միլիոն դոլարի չափով։ Բայց հաշվի առնելով, որ 2003 թվականը նախաօլիմպիական տարի է, այս տարի այդ գումարն ավելացվել է եւս 1,5 միլիոն դոլարով։ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավոր Բադրի Պատրիկաշվիլին իր միջոցներից տարեկան 1,5 միլիոն դոլար է տրամադրում մեծ սպորտին։ Եթե այս թվերը համեմատելու լինենք Հայաստանում սպորտին հատկացվող գումարների հետ, հարեւան հանրապետությունը մոտ 10-15 անգամ գերազանցում է մեզ։ Ասենք, որ Վրաստանում սպորտի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը վաղուց է ավելի բարձր։ Ու պատահական չէ, որ սկսած 1952 թվականից, այդ երկիրը տվել է 31 օլիմպիական չեմպիոն, որից 9-ը կին է, իսկ միայն օլիմպիական մարզաձեւերից Վրաստանն ունի 214 աշխարհի չեմպիոն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ