«Չեմ ընդունել Խորհրդային կայսրությունը» Հայտարարում է այդ պատճառով 80-ականներից արտասահմանում ապաստանած կինոռեժիսոր Դոն Ասկարյանը: Հոկտեմբերի 17-ից 22-ը «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեցին կինոռեժիսոր Դոն Ասկարյանի «Երաժիշտները», «Հին հռոմեական ճանապարհին», «Փարաջանով», «Ավետիք», «Արջը» եւ «Կոմիտաս» ֆիլմերը։ Ռեժիսորը հատկապես առանձնացնում է վերջին ֆիլմը։ «Եթե «Կոմիտասը» նկարահանած չլինեի՝ վաղուց մեռած կլինեի։ Կոմիտասի ճակատագիրը մշակույթի ու արվեստի աշխարհն է, որ մորթվեց յաթաղանով»,- ասում է Դ. Ասկարյանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկում եւ մեծ ճանաչում բերել ռեժիսորին, այնուհետեւ դրան Թուրքիայում հետեւել են խուճապն ու սադրիչ հայտարարությունները։ «Կոմիտաս» ֆիլմում շատ են խորհրդանիշները: Օրինակ, կա մի տեսարան, որտեղ փոքրիկ տղան լավաշ է ուտում, իսկ լավաշի վրա սեւ թթի հյութով՝ ողբեր, հառաչանք ու վայ է գրված։ Այդ կապակցությամբ ռեժիսորն ասաց. «Ես չեմ հղացել ֆիլմը, ոչ էլ կառուցել այն։ Այնտեղ ներկայացվածն այնքան բնական է, որովհետեւ ֆիլմը նախեւառաջ 2 միլիոն նահատակների մտահղացումն է։ Այսինքն, կատարվածի բացարձակ իսկությունը»։ Կոմիտասը ֆիլմում բոլորովին էլ հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում։ «Իսկ ո՞վ ասաց, որ Կոմիտասը խելագարվել է։ Նա ավելի շուտ իր ցավի ու տառապանքի մեջ ինքնամփոփված մարդ էր, որ գիտակցաբար խռովել ու մեկուսացել էր աշխարհից։ Հենց այդպիսին էլ փորձել եմ ներկայացնել նրան»։ Հետաքրքիրն այն է, որ Կոմիտասի դերակատարը՝ Սամվել Հովասափյանը պրոֆեսիոնալ դերասան չէ, բայց Դ. Ասկարյանը նրան փնտրել է շուրջ 1 տարի ու վստահ է, որ իր Կոմիտասը հաջողված է։ Ֆիլմին հայեցիություն է հաղորդում Սահյանի պոեզիան՝ հեղինակի ընթերցմամբ։ Դ. Ասկարյանը։ Դ. Ասկարյանը իրեն հայկական կինոյից շատ հեռու ռեժիսոր է համարում, միաժամանակ գտնում է, որ ինքը ամենեւին էլ գերմանական կինոյի հետեւորդ չէ։ Համոզված է, որ արվեստը չպետք է բաժանել ազգային խմբավորումների։ «Ինձ հավասարապես զարմացնում են ե՛ւ Տարկովսկին, ե՛ւ Փարաջանովը, ե՛ւ մյուս մեծերը կինոյում, բայց կինեմատոգրաֆիական մանկավարժ համարում եմ դանդաղ սահող ամպին, որը սովորեցնում է աշխատել ստվերի ու անդրադարձների հետ»,- մեր հանդիպման ավարտին ասաց Դ. Ասկարյանը։ Նա առաջիկայում պատրաստվում է իր ֆիլմերը ցուցադրել Արցախում, սակայն սա միակ պատճառը չէ ծննդավայր մեկնելու. Գերմանիայում ապրած տարիներին նա շատ է կարոտել Արցախի անտառները։ Հիշեցնենք, որ իր գործունեությունը որպես ռեժիսոր Ասկարյանը սկսել է 1987-ից՝ Բեռլինում, իսկ մինչ այդ նստել էր բանտում, քանի որ հրաժարվել է ծառայել խորհրդային բանակում։ Դրա համար էլ պատճառներ ուներ՝ գտնում էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան են կործանել իր հայրենիքը։ ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ