Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԻՉՆԵՐԸ «ՎԱՐԿԱՅԻՆ» ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ

Հոկտեմբեր 29,2003 00:00

ՆԿԱՐԻՉՆԵՐԸ «ՎԱՐԿԱՅԻՆ» ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑԱՆ Երեկ Կինոյի տանը բացվեց Հայաստանի նկարիչների միության 16-րդ համագումարը, որն առատ էր ողջույններով։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նկարիչներին ուղղված ուղերձը ընթերցեց նախագահի «հակակոռուպցիոն» խորհրդական Բագրատ Եսայանը՝ արվեստագետներին մաղթելով արդյունավետ աշխատանք ու որոշումներ։ Այնուհետեւ ընթերցվեցին այլ պաշտոնյաների ուղերձները։ Ինչպես միշտ, բուռն ոգեւորությամբ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։ Նա գոհունակություն հայտնեց, որ անցել են արվեստի «երկրորդայնացման» ժամանակները եւ այժմ մեծացել է հասարակության ուշադրությունը արվեստի նկատմամբ։ ՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով, որում ամփոփված էր միության 5 տարիների գործունեությունը, որը տպագիր հանձնված էր համագումարի բոլոր պատգամավորներին։ Կ. Աղամյանը տեղեկացրեց, որ Նկարիչների միության անդամների թիվը 1130 է, Հայաստանում է 732-ը եւ ընտրության ժամանակ քվորում ապահովելու համար բավական է ընդամենը 367 ձայն։ Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արա Նիսանյանն էլ ներկայացրեց հաշվետվություն Նկարիչների միության ունեցվածքի, նրա տնօրինած տարածքներից ստացված եկամուտների ու ծախսերի մասին։ Հատկապես ընդգծվեց Շորժայի հանգստյան տան նախկին տնօրեն Միքայել Սահակյանի վնասարարության փաստը։ Ըստ Ա. Նիսանյանի, վերջինս 2.234.128 դրամի վնաս է հասցրել՝ թալանելով Շորժայի նկարիչների հանգստյան տան հեռուստացույցները, սավանները եւ այլն։ Տնօրենի գործերը, Ա. Նիսանյանի վկայությամբ, հանձնված են իրավապահ մարմիններին։ Բեմ բարձրացած Զառա Մալոյանն էլ, որը ներկայացավ հոգեբան-նկարիչ, խնդրեց համագումարի պատգամավորներին իրենց «պանակներում (նկատի ուներ թղթապանակը- Գ.Հ.) գտնել վարկային (հավանաբար, վարկանիշային- Գ.Հ.) հարցաթերթիկը ու լրացնել այն»։ Որպեսզի դրանց հիման վրա «գիտական ուսումնասիրությունների արդյունքում վերջապես որոշվի», թե հայ նկարիչներից ու քանդակագործներից ով է մեծագույնը, ով է ոչ այնքան արժանի փառաբանված, ով է ավելի արժանի փառքի, օտարազգի նկարիչներից ով է ավելի սրտամոտ եւ այլն։ Միկրոֆոնին մոտեցող նկարիչներից շատերը զբաղվում էին ինքնագովազդով։ Նրանցից հետ չմնաց արվեստաբան Մերի Երզնկյանը։ Նա կոչ արեց չխեղճանալ. «Չէ՞ որ մենք՝ արվեստաբաններս, ասպետների պես կանգնած ենք ձեր թիկունքին»։ Այնուհետեւ ներկայացրեց իր տպագրած եւ տպագրելիք գրքերը։ Ուշագրավ էր հատկապես Աղվան Հունանյանի ելույթը։ Նա ավելի շատ դժգոհեց մշակույթի նախարարից. «Թվաբանության մասնագետն ի՞նչ պիտի անի մեզ համար եւ ո՞ւր է հիմա, ելույթ ունեցավ ու փախավ»։ Նա դժգոհեց նաեւ «լիրիկական սոցիալիզմին» փոխարինելու եկած «հրեշավոր կապիտալիզմից» ու փաստեց, որ նորից եկել են Ֆրիկի ժամանակները։ Նկարչուհի Արփինե Թոքմաջյանն էլ (Տիգրան Թոքմաջյանի դուստրը) բողոքեց իրենց փաստաբան հարեւանուհուց, որը կարողացել է որոշում կորզել Արաբկիր թաղապետարանից, ըստ որի, իրենց արգելվում է ստեղծագործել (իբր թխթխկոցը խանգարում է)։ Ոմանց ելութներում էլ կարեւորվեց հետեւյալ հանգամանքը. նկարիչները պետք է համագումարի անունից ուղերձ հղեն Ազգային ժողով, որպեսզի վերջապես իրենց արվեստանոցները տարբերեն արհեստանոցներից եւ իրենցից մեծ հարկեր չգանձվեն։ Հենրիկ Իգիթյանը դահլիճին խորհուրդ տվեց նամակների հետ հույսեր չկապել։ «Միեւնույն է, որեւէ մեկը դրանք չի կարդում»,- ասաց նա ու առաջարկեց ՆՄ նախագահի ընտրության ժամանակ առաջնորդվել ոչ թե անձի սանրվածքով, հագուկապով ու կեցվածքով, այլ կատարած գործով։ Եվ, որ ամենակարեւորն է, կոչ արեց համախմբվել՝ թիկունքում ունենալով հզոր Նկարիչների միություն, որպեսզի վերջին շրջանում հարստացածները չկարողանան վնաս պատճառել մշակույթի օջախներին։ Ըստ էության ելույթները քիչ էին։ Ակնհայտ էր, որ նկարիչները հաճախ չեն հանդիպում, դրա համար էլ դահլիճում նստածներն ավելի շատ խոսում էին միմյանց հետ, քան լսում ելույթ ունեցողներին։ Համագումարի աշխատանքները կշարունակվեն այսօր։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել