ԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՆԴԱ Է ԳՈՐԾՈՒՄ Սակայն Գեղարքունիքի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում՝ հանցագործներին չեզոքացնելու համար: Երեկ Ժուռնալիստի տանը լրագրողներից պաշտպանություն էին խնդրում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Քնարիկ Գրիգորյանը եւ նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ռշտունին։ 2003թ. մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Քնարիկի որդին՝ Բնության պահպանության «Սեւան» ազգային պարկի Գավառի տարածքի տնօրեն Վրեժ Գրիգորյանը աշխատավայրից վերադառնալիս, Սեւան-Գավառ խճուղու վրա կանգնեցվում է գյուղի բնակիչ, 27-ամյա Գարուն Մանուկյանի կողմից։ «Դանակը ձեռքին, հայհոյանքներով, հարբած Գ. Մանուկյանը հարձակվում է որդուս վրա։ Վրեժը դիմադրում է եւ միասին ընկնում են գետնին։ Հետագա քաշքշուկից խուսափելու համար նա նստում է մեքենան եւ գալիս տուն»,- պատմում է Ք. Գրիգորյանը։ Միջադեպից հետո, ժամը 17-ի սահմաններում Գրիգորյանների ընտանիքը տեղեկանում է, որ այրվում է Վրեժին պատկանող խանութը։ Հայտնի է դառնում նաեւ, որ Գարուն Մանուկյանը, ազդրին ստանալով մարմնական վնասվածք, «ժամանակին բժշկական օգնություն ցույց չտալու պատճառով» (վերջին բնորոշումը փաստաբան Ռուբեն Ռշտունունն է) Գավառի հիվանդանոցում մահանում է։ «Իմանալով, որ Գարունի հոր՝ Գառնիկ Մանուկյանի տանը մեծ բանդա է հավաքվել՝ զինված ավտոմատներով, բենզինի շշերով պատրաստվում են հարձակվել ինձ պատկանող տան վրա, ժամը 18-ի սահմաններում զանգահարել եմ մարզային դատախազություն, խնդրել եմ մեզ վերցնել օրենքի հսկողության տակ։ Լացելով խնդրեցի, որ գան փրկեն մեզ։ Վերջապես հայտնվեցին վարչության պետի տեղակալը՝ օրենքի «պաշտպանների» հետ, ոստիկանապետը՝ իր անձնակազմով»,- շարունակում է այս գործով տուժող ճանաչված Քնարիկ Գրիգորյանը։ Սակայն հիշյալ բանդայի անդամները այրում են տունը, հարձակվում տանը գտնվող Նովլեթ Խաչատրյանի վրա, դանակահարելով նրան, ջարդելով քունքոսկրն ու կողոսկրը։ Տասից ավելի ավտոմատներ են օգտագործվում, բենզինով լցված շշերով այրում են երկհարկանի տունը, երկու ավտոտնակը, «Նիվա» ավտոմեքենան։ Ավտոմատավորները հայտնվում են նաեւ Վրեժի կնոջ հայրական բնակարանում՝ գիշերվա ժամը 3-ին։ «Ջարդելով պատշգամբը, անցնում են ննջասենյակ, ավտոմատային կրակ են բացում ննջարանում, որտեղ այդ պահին գտնվում էին 10 օրական, 1 տարեկան, 2 տարեկան, 5 տարեկան, 7 տարեկան, 9 տարեկան թոռներս, 4 կին եւ 3 տղամարդ։ Հրազենային վնասվածք են հասցնում հարսիս եղբորը՝ Մուրադ Անտոնյանին, վախից ընդհատվում է հարսիս հղիությունը»,- շարունակում է Ք. Գրիգորյանը։ Ըստ փաստաբան Ռ. Ռշտունու, 4 տուժողներին հասցվել է 175 հազար դոլարի վնաս։ Փաստորեն, հանցագործության մասին տեղյակ լինելով, ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել Գրիգորյաններին։ Ավելին, ըստ տուժողի, Գեղարքունիքի ոստիկանության վարչությունում Գառնիկ Մանուկյանը հարձակվել է տիկին Քնարիկի վրա, խփել նրան։ «Ես ուշաթափվեցի, ես ոչինչ չզգացի»,- արցունքներն աչքերին ասում է Ք. Գրիգորյանը։ Այս պահի դրությամբ, 70-ամյա կինը հարսի եւ 3 թոռների հետ փոխել է իր բնակավայրը եւ, ինչպես փաստաբան Ռուբեն Ռշտունին տեղեկացրեց, «Վրեժն էլ փախել է, նրան ներկայանալ չի կարելի»։ Հետաքրքիր է, որ այս գործը գտնվում է ոստիկանության քննչական վարչությունում, այն դեպքում, երբ ակնհայտ է դարձել ոստիկանության անզորությունը։ Տուժողները խնդրում են, որ գործը տեղափոխվի ՀՀ գլխավոր դատախազության վարույթ, որովհետեւ խոսք է գնում կազմակերպված զինված բանդայի, եւ երկու հետախուզվող՝ Հովիկ Ավետիսյանի եւ Գարիկ Մանուկյանի մասին, որոնք, սակայն, ըստ Ռ. Ռշտունու, հանգիստ ապրում են Գավառում: «Առավոտի» այն հարցին, թե վերջին հաշվով, Վրեժի եւ հանգուցյալ Գարուն Մանուկյանի միջեւ նախկինում եղե՞լ են շփումներ եւ ինչո՞վ էր Վրեժը «կանգնած Մանուկյանների կոկորդին», մայրը պատասխանեց, որ «բանդան անօրինական ճանապարհով ձուկ է արտահանում Սադախլո եւ Դիլիջանից օրական 5-6 մեքենա փայտ տեղափոխում Գեղարքունիքի մարզ։ Իմ տղան 15 տարի աշխատում էր «Սեւան» ազգային պարկի տարածքի տնօրեն եւ աշխատանքի բնույթով խանգարում էր ապօրինի ձուկ եւ փայտ վաճառողներին՝ Մանուկյաններին»։ Տուժողը նաեւ ակնարկեց, որ բանդան մեծ փող ունի եւ դիմելով լրագրողներին, հռետորական հարց տվեց. «Եթե մարդը օրական հազար դոլար փող է աշխատում, նրա դեմ ո՞վ կխոսի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ