Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱ՞ՄԲ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 29,2003 00:00

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱ՞ՄԲ, ԹԵ՞ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ Վերջապես պետական մարմինների ստուգումներն էլ են ցույց տալիս, որ Հայաստանի անտառները բնաջնջվում են: Մեր տեղեկություններով, այս օրերին մայրաքաղաք վառելափայտ գրեթե մուտք չի գործում, քանի որ մայրուղիների, հատկապես Սեւանի եւ Վանաձորի, տարբեր հատվածներում ստուգումներ են կատարվում, իսկ տեղերում մշտական հերթապահություն է սահմանված: Այս ամենի արդյունքում, փայտի գները մեկ խմ-ի դիմաց 5-8 հազար դրամից բարձրացել են 20 հազարի: Ջեռուցման սեզոնից առաջ նման արմատական միջոցառումների անցկացումը հուշում է, որ այս ոլորտում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Առայժմ անհայտ է՝ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին պաշտոնանկ անելու հատուկ նպատակո՞վ, թե՞ բնության նկատմամբ անշահախնդիր սիրուց դրդված՝ «Հայանտառում» ստուգումներ է իրականացնում միանգամից երեք պետական մարմին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, 6-րդ վարչությունը եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Վերջինի ստուգումները դեռ ընթացքի մեջ են եւ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դրանց ավարտին արդյունքները կներկայացվեն ՀՀ նախագահին եւ բնականաբար՝ ԶԼՄ-ներին: Գլխավոր դատախազության լրատվական բաժնի պետ Գուրգեն Ամբարյանն ասաց, որ արդեն ավարտվել են ոչ միայն իրենց, այլեւ մարզային դատախազությունների ստուգումները: Ավելին, մեզ նույնիսկ տրամադրեցին այդ ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքները, որոնցում հաստատվում են լուրջ գործընթացների մասին մեր կասկածները: Այդ տեղեկանքներից մեկը՝ ապօրինի անտառահատումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկված միջոցառումների եւ դրանց արդյունքների մասին՝ ստորագրված պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հ. Մարգարյանի կողմից, պարունակում է թերեւս ամենահետաքրքիր տեղեկությունը: Պատկերացնու՞մ եք, հանրապետության կեսը անտառ է կտրում, մյուս կեսը՝ խոսում այդ մասին, իսկ բնապահպանության նախարարը ի պատասխան ապօրինությունները կանխելու, իրավախախտումներ թույլ տված անձանց շրջանակը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու գլխավոր դատախազության հանձնարարականի, գրում է, որ հիմնական անտառահատումները կատարվել են էներգետիկ ճգնաժամի ժամանակահատվածում եւ որ ներկայումս ապօրինի անտառահատումները զանգվածային բնույթ չեն կրում: Այն տպավորությունն է, որ հենց այսպիսի «իրազեկությունը» նկատի ունեն գլխավոր դատախազությունում, երբ այդ տեղեկանքում գրում են. «Հիշյալ գրություններում ընդգծվել է վերահսկողության գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների անգործության մատնվելու, ինչպես նաեւ դրանց թողտվությամբ իրավախախտումներ կատարելու հանգամանքը»: Մինչ նախարարը «թրով կտրում է» իր նկատմամբ ուղղակի եւ անուղղակի մեղադրանքներ պարունակող հանձնարարականը, Տավուշի մարզպետն արձանագրում է, որ իրենց մարզում ստեղծվել են հանձնախմբեր, որոնցում ընդգրկվել են մարզպետարանի, ոստիկանության ու բնապահպանության տարածքային տեսչությունների աշխատակիցներ, կազմվել է համապատասխան բնապահպանական աշխատանքների վերաբերյալ միջոցառումների ծրագիր, որը համաձայնեցվել է մարզի դատախազի եւ ոստիկանապետի հետ: Իսկ ինչի՞ դեմ են պայքարելու այս հանձնախմբերը: Մի՞թե այն երեւույթի, որի գոյությունը ժխտում է բնապահպանության նախարարը: Այս հարցի պատասխանը կտանք առաջիկա հրապարակումներում: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել