Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գլխին ամպեր են կուտակվում

Հոկտեմբեր 29,2003 00:00

Ադրբեջանի գլխին ամպեր են կուտակվում ԱՄՆ-ը հիասթափված է, բայց կհամագործակցի Երեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Իլհամ Ալիեւը հռչակվել է Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով վերջինս հոկտեմբերի 15 կայացած նախագահական ընտրություններում ստացել է ընտրողներից 76,84 տոկոսի քվեն: Սպասվում է, որ Ի.Ալիեւի կողմից նոր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո արդեն նոյեմբերի 6-ին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բյուրոյի Փարիզում կայանալիք նիստում Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կդառնան քննարկման առարկա: Ի դեպ, այդ հեռանկարի մասին ժամանակին ադրբեջանական իշխանություններին զգուշացրել էին ԵԽ Նախագահ Պիտերն Շիդերն ու ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: ԵԽ ԽՎ բյուրոյում հարցի քննարկմանը Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցի, որովհետեւ Բյուրոյում այդ երկրի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Իլհամ Ալիեւն այլեւս նոր պաշտոն է ստանձնել, իսկ նոր ներկայացուցչի առաջադրումը հնարավոր է միայն 2004-ի հունվարին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ նիստում ոչ ոք չի կարող պաշտպանել: Ադրբեջանցի փորձագետների դիտարկմամբ, այս անգամ Ադրբեջանին չի հաջողվի խուսափել ընտրությունների վերաբերյալ, նաեւ դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ կոշտ գնահատականներից: Ադրբեջանական մամուլի գնահատմամբ, պաշտոնեական Բաքուն կարող է մխիթարվել միայն նրանով, որ Բյուրոյում զեկուցողն «այնպիսի դեմոկրատ-իդեալիստ չէ, ինչպես Անդրեաս Գրոսսը», այլ՝ Մարտինես Կասսանը, որն ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի ետխորհրդային երկրներում ընթացող պրոցեսների նկատմամբ եւ մի առիթով նույնիսկ հայտարարել է, թե այդ երկրում նախագահական ընտրությունները Ադրբեջանում նոր դարաշրջանի սկիզբ կհանդիսանան: Վերլուծելով ԵԽ ԽՎ բյուրոյում հարցի քննարկման հնարավոր տարբերակները՝ հատկապես Ադրբեջանում ետընտրական շրջանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների համատեքստում, Բաքվում փորձագետներն ավելի հակված են կարծելու, թե նույնիսկ Մ.Կասսանին հեշտ չի լինելու «ադրբեջանամետ» դիրքորոշումը պաշտպանել: Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ մի հաղորդագրություն է տարածել, ուր ասված է, թե Միացյալ Նահանգները խորապես հիասթափված են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, որ ոստիկանությունն ուժ է կիրառել ետընտրական շրջանում, նաեւ քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ են իրականացվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը չափազանց կարեւորում էր այդ ընտրությունները եւ բազմաթիվ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը: Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են լուրջ խախտումներ, ներառյալ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, ընտրողների ահաբեկումը, կողմնակի անձանց ներկայությունը ընտրական տեղամասերում, նաեւ քվեատուփերի լցոնումը կեղծ քվեաթերթիկներով: Այդ եւ այլ լուրջ խախտումները կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների հավաստիությունը: Միաժամանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեպքում ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նորընտիր նախագահի եւ նրա կառավարության հետ: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել