Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԷԻՆՔ»

Հոկտեմբեր 29,2003 00:00

«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԷԻՆՔ» «27-ի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին ասում է Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը: – Օրենսդրությամբ սահմանվում են այն հիմքերը, որոնց դեպքում դատական նիստը պիտի անցնի դռնփակ՝ երբ քննվելիք հարցերը պետական գաղտնիք են, առնչվում են անձի արժանապատվությանը եւ այլն: Սակայն արտահոսքերից դատելով՝ «27»-ի դատաքննության ընթացքում դռնփակ քննվել են ՀՅԴ-ին վերստին անդամակցելու վերաբերյալ Նաիրի Հունանյանի դիմումը, լուրերը, թե նա նաեւ որոշ պատգամավորների է նախօրոք հայտնել ծրագրվող ահաբեկչության մասին: Եթե իրոք կոծկելու խնդիր չէին հետապնդում՝ ի՞նչ հիմքով այս ամենը քննեցին դռնփակ: – Լիովին համաձայն եմ, որ ԱԱՆ գործակալների հաղորդումները, որոնք համարվում են պետական գաղտնիք, պիտի քննվեին փակ նիստում: Բայց հարց է, թե ինչու այդ նիստերից արտահոսք եղավ մամուլ: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե որտեղի՞ց էր Հանրային հեռուստաընկերություն արտահոսք եղել, որ դռնփակ նիստում Նաիրի Հունանյանը տվել է Վիկտոր Դալլաքյանի անունը: Եվ հարցի պատասխանն ինձ համար ակնհայտ դարձավ, երբ Կորյուն Փիլոյանը մեղադրական ճառում անդրադարձավ այդ դրվագին եւ հայտարարեց, թե որեւէ միջամտություն չի եղել ամբաստանյալների նկատմամբ, որ շոշափեն գործի հետ չառնչվող մարդկանց անուններ եւ դրա ապացույցն այն է, որ դատարանում տրվեց Վիկտոր Դալլաքյանի անունը: – Այսինքն, այս միջոցով նախկին մեղադրյալների վերաբերյալ ցուցմունքնե՞րն էին վնասազերծում հետին թվով: – Այո՛: Նաեւ այդ մտացածին ու անհիմն վարկածը եւ հալածանքը տուժողների իրավահաջորդների նկատմամբ, թե իբր նրանք միացել են այդ տականքներին՝ վերջին պահին ստեղծված մթնոլորտի համար էր: Ի՞նչ է, մեղադրողները մեղադրանքի կողմում էին եւ տուժողների իրավահաջորդները հենց այնպե՞ս ձերբազատվեցին նրանցից: Սկզբում կարծում էինք, թե տուժողների իրավահաջորդներս իրավունք չունենք հակադրվելու մեղադրողներին, քանի որ այդ տականքները պետք է զգային, որ մեղադրողները եւ տուժողի իրավահաջորդները գտնվում են նույն կողմում: Ես շատ բաներ նիստերից հետո եմ ասել մեղադրողներին: Եվ երբ այժմ ասում ենք, որ Նաիրի Հունանյա՛նը չի սպանել Ռուբեն Միրոյանին՝ հաջորդ օրը Գագիկ Ավետիսյանը եւ Կորյուն Փիլոյանը հայտարարում են, թե ինչո՞ւ են տուժողների իրավահաջորդները շահագրգռված մեղմացնելու ամբաստանյալների մեղքը: Չե՛նք մեղմացնում. ասում ենք, որ Միրոյանին սպանել է Դերենիկ Բեջանյանը, եւ Նաիրի Հունանյանն այդ սպանությունը ստանձնում է միայն այն պատճառով, որ Բեջանյանի բերանը փակ պահեն: Արմենակ Արմենակյանին սպանել է կա՛մ Էդիկ Գրիգորյանը, կա՛մ Վռամ Գալստյանը: Եվ Վռամ Գալստյանի բերանը փակելու համար է սպանությունը վերագրվում Կարեն Հունանյանին: – Ինչո՞վ եք բացատրում, որ հատկապես վերջին փուլում Նաիրի Հունանյանը, որը դատաքննության սկզբում միշտ պաշտպանում էր երկրի ղեկավարներին՝ սկսեց նրանց հասցեագրել սպառնալից բաց նամակներ: – Հունանյանը մարդասպան է եւ Հայրենիքի դավաճան, եւ նրա բոլոր հայտարարություններն ու գործողություններն ուղղված են միայն այն նպատակին, որ փրկի իր կաշին: Եվ եթե լուրջ ընդունենք նրա այսօրվա հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ պիտի լուրջ վերաբերվենք դատաքննության ժամանակ նրա տված նաեւ այն ցուցմունքին, թե որեւէ մեկին սպանելու մտադրություն չէին ունեցել: Անընդունելի է, որ փոխվի նրա նկատմամբ վերաբերմունքը, եթե նույնիսկ տա կազմակերպիչների եւ օժանդակողների անունները, համագործակցի անջատված մասով: Ես չեմ հավատում այդ ստահակի եւ ոչ մի ասածին. այս 3 տարում ուսումնասիրելով նրան՝ հասկացել եմ, որ նրա բոլոր գործողությունները շահադիտական են: – Եվ ի՞նչ շահ է հետապնդում այժմ: – Պարզ է, որ դատապարտվելու է ցմահ ազատազրկման եւ նա ուղղակի պահանջում է նոր երաշխիքներ: Չէ՞ որ պարզվեց, որ ազատազրկման վայրերում հոսանքահարումից կարող է մարդ մահանալ: Բացի այդ, եթե նա գնացել է այդ պատվիրված հանցագործությանը, որն ուղղված էր Հայաստանը թուլացնելուն, ինչո՞ւ պիտի այժմ փոխի իր դիրքորոշումը: Նրան պետք է, որ երկրում անընդհատ լինի անկայուն վիճակ: – Ինչպե՞ս եք բացատրում, որ թեեւ «Քրեական օրենսգրքի» համահեղինակ Միքայել Գրիգորյանը հայտարարեց, թե «27»-ի մեղադրողներն իրավունք ունեն մահապատիժ պահանջել՝ բավարարվեցին ցմահ ազատազրկմամբ: – Իմ դասախոսը՝ Միքայել Գրիգորյանը չէր կարող սխալվել՝ օրենքում ամրագրված է, որ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում է այն կատարելու ժամանակ գործող «Քրեական օրենսգրքով»: Բացի այդ՝ մենք ստորագրել ենք 6-րդ արձանագրությունը, որտեղ վերապահում կա՝ մահապատիժը թույլատրվում է պատերազմի անմիջական սպառնալիքի դեպքում: Դատարանում իմ հարցաքննությունների ժամանակ բոլոր տուժող քաղաքական գործիչներին տվել եմ այդ հարցը եւ դաշնակցական Աղվան Վարդանյանը, հանրապետականներ Գալուստ Սահակյանն ու Տիգրան Թորոսյանը, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ բոլորը միանշանակ հայտարարել են, թե մենք կանգնած էինք քաղաքացիական պատերազմի շեմին, որից հնարավոր է, թե օգտվեր մեր այն հարեւանը, որի հետ թշնամական հարաբերություններ ունենք: Ուստի այսօր մահապատիժ եմ պահանջելու այս ստահակների համար: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել