ԳՅՈՒՄՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԸ Գյումրիի անվճարունակ ծերերի մեծ մասը (927 մարդ) այսուհետ ստիպված է ոտքով քայլել, քանի որ «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն փակվելու առաջ է կանգնած: Արդեն երրորդ ամիսն է այն չի աշխատում. անգործ մնացած վարորդներն էլ իրենց հասանելիք գումարն են պահանջում: Վարչության պարտքերը տարբեր սուբյեկտներին ու իր աշխատակիցներին 2001թ.ից սկսած կազմում են 34 մլն դրամ, որից 7,5 մլն-ն աշխատավարձի պարտքերն են: «Տրոլեյբուսային վարչությունն» իր հերթին կառավարությունից փոխհատուցում է պահանջում 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամների ու բռնադատվածների համար անվճար ու զեղչով երկու տարի շարունակ իրականացրած ուղեւորափոխադրման համար: Վերջինս դատի է տվել ՀՀ կապի եւ տրանսպորտի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին՝ 30767.1 հազար դրամը փոխհատուցելու պահանջով։ Վերջին ամիսների ընթացքում տրոլեյբուսային վարչությունը խայտառակ վիճակում է հայտնվել. հոսանքազրկվել է, հեռախոսներն են անջատվել, ավելին՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը շատ «դաժան» է գտնվել. 2.546.000 դրամ պարտքը բռնագանձելու նպատակով իրենց դատի է տվել ու շահել: Ներկա պահին հիշյալ գումարի չափով արգելանք է դրված «Տրոլեյբուսային վարչության» դրամական միջոցների ու նրան պատկանող գույքի վրա: «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ազատ Հարությունյանը հաշվարկներ է անում ու ինքն իրեն մխիթարում, որ կառավարության պարտքից անգամ փոքր գումար ստանալու ու իրենց վրա դրված արգելանքը հանելու դեպքում 18 տրոլեյբուսներից 7-ը լիարժեք կաշխատեն։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ