Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի խնայատուփը

Հոկտեմբեր 28,2003 00:00

Աշխարհի խնայատուփը Արտասահմանյան կյանքի մասին տարբեր կարծիքներ գոյություն ունեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շվեյցարիայում ութ տարի բնակվող նախկին հայաստանցի օրիորդի (որը չցանկացավ ներկայանալ) տպավորությունները: «Այն զգացումը, որ ես հոգեբուժարանում եմ ապրում, ինձ երբեք չի լքում: Ամեն քայլափոխի աննորմալներ են հանդիպում: Սակայն մեր մարդկանց համար այստեղի նորմալներն էլ տարօրինակություն են: Մի ծանոթ կին ունեմ: Նա մեկ նստարանի, մեկ որեւէ արձանի վրա կբարձրանա, մեկ էլ՝ կենտրոնական փողոցում գտնվող շատրվանի մեջ կմտնի: Այս ծանոթուհիս արձակուրդին Թուրքիա էր գնացել, այնտեղ նրան քիչ էր մնում բռնաբարեին. կարծել էին մարմնավաճառուհի է: Շվեյցարացիները ապրում են իրենց գեղեցիկ տնակներում՝ իրարից ու բոլորից հեռու: Եվ ամբողջ ինֆորմացիան թերթերի եւ հեռուստատեսության միջոցով են ստանում: Տեսնում է Դորիսը հեռուստատեսությամբ, որ Չիլիում գործադուլներ են հայտարարված, եւ միանգամից նրա մոտ կարծիք է ստեղծվում՝ լավ է դա, թե՝ վատ: Եթե վատ է՝ Տեր Աստծուն է աղոթում, եթե լավ՝ կրկին աղոթում է: Սա է նրանց կյանքը: Ամուսինները աշխատում են, երեխաները՝ համակարգիչների առջեւ պատերազմ խաղում: Իսկ Դորիսները աղոթում են, կաթ խմում եւ մտածում: Այստեղ են հավաքվում աշխարհի բոլոր ծայրամասերի փողերը: Բանկերը փքված են ոսկու քանակից: Եվ ո՞վ կփորձի ռմբակոծել Շվեյցարիան: Նույնիսկ մետրո կառուցել չեն կարող՝ փորելը վտանգավոր է՝ կարող են ոսկու վրա դուրս գալ: Ասում են՝ շվեյցարացիները աղքատ են: Կան այդպիսիք, բայց միայն նրանք, ովքեր ալարում են աշխատել կամ հարկեր մուծել: Բայց նրանց աղքատները բոլորիցս էլ հարուստ են: Սոցիալական օգնության մեջ են մտնում՝ բնակարան, ջեռուցում, երեխաների համար արձակուրդ, բուժում՝ եւ այս ամենը անվճար: Սակայն կան այնպիսիք, ովքեր հրաժարվում են այս օգնությունից՝ սրանք իրոք աղքատ են, բայց անխելք: Իրենց Քրիստոսի տեղն են դնում՝ ամառ-ձմեռ բոբիկ, պատառոտված հագուստով: Մյուսներն այս կերպով հարուստներին մարտահրավեր են նետում: Մի ծանոթ ունեմ, հենց իմացավ, որ Իրաքում պատերազմ է, որոշեց Իսրայել գնալ, քանի որ այնտեղ հակագազերով են ման գալիս: Ես նրան առաջարկեցի Շվեյցարիայում հակագազով պտտվել: «Բայց ո՞վ մեզ կռմբակոծի»,- ամենայն լրջությամբ պատասխանեց նա ու միանգամից գցվեց աղոթելու. «Տեր Աստված, հեռու պահիր»: Սակայն ժողովուրդը մեղավոր չէ: Աշխարհը Շվեյցարիան խնայատուփ է սարքել: Եվ աշխարհին հարկավոր է, որ շվեյցարացիների գլուխները դատարկ լինեն: Աշխարհը նրանց ամեն ինչ կհատուցի, միայն թե ժողովուրդը չմտածի: Նոր ռուսները, արաբ նավթամագնատները, իտալացի մաֆիոզները՝ բոլորը շահագրգռված են, որ շվեյցարացիների ուղեղներում ոչ մի միտք չծագի: Այսպես էլ ապրում ենք»: Պատրաստեց՝ Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել