Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈ՞ՒՄ

Հոկտեմբեր 28,2003 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈ՞ՒՄ Առաջարկում է ամերիկահայ կոմպոզիտոր Ժան Սարգսյանը Նա առաջին անգամ է ժամանել Հայաստան եւ որոշել է առաջիկայում հետաքրքիր առաջարկով դիմել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ամերիկայի էքսնախագահ Ռեյգանի կառավարման տարիներին Սենատը օրենք ընդունեց, ըստ որի, այլ հարկերից զատ, ԱՄՆ քաղաքացիներից գանձվում էր չնչին գումար՝ 3 ցենտ մշակույթի համար։ Դա բազմապատկած ամերիկացիների թվով (ավելի քան 280 մլն)՝ պատկառելի գումար էր ստացվում, պլյուս մեծահարուստների հովանավորությունը։ Արդյունքում, ամերիկացի արվեստագետները մարդավայել էին ապրում»,- զրույցի սկզբում փաստեց Ժան Սարգսյանը։ Ըստ կոմպոզիտորի, այսօր պատկերը փոխվել է իրենց երկրում եւ ամերիկացի արվեստագետները կարոտով են հիշում ռեյգանյան տարիները։ Զարմանալի էր, որ պարոն Սարգսյանը ամերիկացի արվեստագետների վիճակն էլ վատ որակեց։ Չնայած ասաց, որ Հայաստանի մշակույթի գործիչները սոցիալական ծանր պայմաններում են ապրում։ Ըստ Ժ. Սարգսյանի, ներկայումս, Հայաստանի հետ համեմատած, անծայրածիր Ամերիկայում հազիվ թե գտնվի 5-6 կոմպոզիտոր, որ զբաղված է միայն ստեղծագործելով։ Հայաստանցիների նման, ամերիկացիներն էլ ստեղծագործական կյանքը համատեղում են տարբեր աշխատանքներով, լավագույն դեպքում՝ որեւէ ուսումնական հաստատությունում դասավանդելով։ «Ճիշտ կլիներ, որ նախագահ Քոչարյանը, Ռեյգանի նման, Ազգային ժողով ներկայացներ նախաձեռնություն-առաջարկ։ Վստահ եմ, թեկուզ այսօրվա ծանր պայմաններում ամենաչունեւոր հայն էլ չէր հրաժարվի մի քանի դրամ զոհաբերել հայրենի մշակույթին»,- համոզված է կոմպոզիտորը։ Հակառակ դեպքում, Ամերիկայի նման, Հայաստանում եւս կշարունակվի հովանավորվել միայն «թեթեւ» արվեստը։ «Նկատել եմ, Ամերիկայում անպայման ինչ-որ էկզոտիկ բան պիտի անես, որպեսզի հովանավորներ գտնես։ Ձեզ մոտ էլ էդպես է»,- նշեց Ժ. Սարգսյանը։ Նրան զարմացնում է հատկապես այն, որ Հայաստանն ունենալով մշակութային ոլորտը կոորդինացնող գերատեսչություն՝ նախարարություն, չի կարողանում լավագույն հայ արվեստագետներին ներկայացնել արտերկրում. «Խորհրդային տարիներին ԱՄՆ ժամանած հայ արվեստագետները իրավունք չունեին հյուրանոցից, առանց իրենց կցված մեկի, դուրս գալ։ Հիմա էլ փոքր-ինչ տարբերությամբ նույնն է։ Հայ արտիստները ելույթ են ունենում մեծամասամբ գաղթօջախներում, «չմտնելով» ամերիկյան մշակույթ»։ (Իրականում տարբերությունը մեծ է. այն ժամանակ պատնեշը Խթը-ն էր, հիմա՝ շուկայական պահանջարկը կամ երաժշտական անհաջող մենեջմենթը-խմբ): Ըստ ամերիկաբնակ կոմպոզիտորի, ընդամենը հատուկենտ հայաստանցի արվեստագետներ (Հասմիկ Պապյան, Գեղամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան եւ այլք) են «խելքով գործում»՝ ունենալով օտարազգի իմպրեսարիոներ։ «Վերջիններս գիտեն ամեն ծակուծուկ, մինչդեռ ամերիկաբնակ հայ կազմակերպիչներն աշխատում են միայն հայկական գաղութի սահմաններում»,- նկատեց Ժ. Սարգսյանը։ Կոմպոզիտորը վկայեց, որ հայաստանցի արվեստագետները երբեմն ելույթներ են ունենում Գլենդելի իրանահայերի ակումբում, ուր «հայերը հիմնականում գնում են նարդի խաղալու»։ Կամ վերջերս, երբ կանչել էին ստուգելու, թե ինչպես է լարված Բոստոնի ոչ հայկական եկեղեցիներից մեկի դաշնամուրը, պատահաբար տեղեկացել էր, որ շուտով այնտեղ համերգ են տալու բարձրակարգ երգիչներ Հայաստանից։ «Անունները չեմ ուզում հայտնել, որ անհարմար չզգան։ Ախր այդ կարգի երգիչներն օրինավոր թատրոններում պետք է ելույթ ունենան,- ափսոսաց կոմպոզիտորը,- ես ընդամենը բավարարվեցի համերգի կազմակերպչին նախատելով»։ Ըստ Ժ. Սարգսյանի, ժամանակն է մշակութային կապեր հաստատել պետական, կառավարական մակարդակով։ Այնպես, ինչպես, օրինակ, Գերգիեւն է Մարիինյան թատրոնը ներկայացնում աշխարհի լավագույն բեմերում։ Ի դեպ, Ժ. Սարգսյանը 1 շաբաթ է անցկացրել հայրենիքում, արդյունքում. «Սիրեցի Հայաստանը, գալիք տարի կաշխատեմ իմ արվեստով ներկայանալ ժողովրդիս»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել