ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ Առաջին անգամ մտավոր ներդրում հայրենիքում Հոկտեմբերի 23-25-ը Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան-2020» ծրագրի 3-րդ նիստը: Մասնակցում էին 150 ներկայացուցիչներ՝ աշխարհի երկրներից, միջազգային ու հայկական կազմակերպությունների ղեկավարներ: «Հայաստան-2020»-ի շրջանակներում միջազգային եւ տեղական փորձագետներն անցկացրել են 13 հետազոտություն՝ զանազան ոլորտների վերաբերյալ (պետության եւ մասնավոր սեկտորի համագործակցություն, մշակույթ, կրոն, արտագաղթ, տեղեկատվություն, աշխարհաքաղաքականություն եւ այլն): Հետազոտությունների եւ քննարկումների արդյունքների հիման վրա մշակվել է 4 սցենար, որոնք պայմանականորեն անվանվել են «Հայաստանը միանում է Եվրամիությանը: Տունդարձ», «Հայաստանը միանում է Ռուսաստանին: Սիրով՝ Ռուսաստանից», «Սինգապուրյան զարգացման սցենար», «Հավերժ պատերազմ. 30 տարի նամակագրության իրավունքով»: «Հայաստան-2020» ծրագրի կոորդինացիոն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ աշխարհում հայտնի այս ծրագիրը երբեւէ չի կիրառվել Հայաստանում. «Սա ոչ թե ճիշտ եւ սխալ սցենարների հայտնագործման պրոցես է, այլ գործընթաց, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ քննարկումների ու բանավեճերի արդյունքում փորձում են գտնել այն կարեւոր օղակները, որոնք կներազդեն այս կամ այն սցենարի վրա»: Ի դեպ, նման փորձ արդեն կիրառվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Իռլանդիայում, Ճապոնիայում եւ Ռուսաստանում: Այս ծրագրի շրջանակներում նաեւ նախատեսված է սեմինարներ կազմակերպել Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի խոշոր բուհերում՝ այն լայն հանրությանը մատչելի ու հասկանալի դարձնելու նպատակով: «McKinsey & Company Inc.»-ի գերմանական մասնաճյուղի տնօրեն Անդրե Անդոնյանը հույս ունի, որ այս գաղափարի իրականացումը ժամանակի կորուստ չէ, այլ օգուտ կբերի Հայաստանին: Նույն ընկերության Բելգիայի մասնաճյուղի տնօրեն Պիեր Գյուրջյանը ծրագրի մասին նշեց կարեւոր հանգամանք. «Բոլոր մասնակիցները Հայաստանում եւ այլ երկրներում հաջողությունների հասած մարդիկ են եւ միավորվել են մտավոր ներդրում կատարելու Հայաստանի զարգացման հնարավոր սցենարների ստեղծման գործում»: Հայաստանի ներկա վիճակի մասին բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հետազոտությունների, ծրագրի համար հատուկ արված հարցազրույցների, սոցհարցումների, ուսումնասիրությունների եւ վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ Ա. Անդոնյանի «Հայաստանը վերջին չորս տարում բավական աճ է ունեցել, եւս երկու տարի այդ աճը կշարունակվի, սակայն եթե ոչինչ չձեռնարկվի՝ թե տեղական եւ թե արտաքին շուկայի եւ նոր սեկտորների ստեղծման ուղղությամբ, չենք ունենա հարատեւ տնտեսական աճ: Կարողությունների եւ ցանկությունների միջեւ մեծ տարբերություն կա Հայաստանում: Կարողությունները պետք է զարգացնել այնքան, որ բավարարի այդ ցանկությունները»: Պ. Գյուրջյանի կարծիքով՝ «Հայաստանի ժողովուրդը շատ լավն է, սակայն վատն են ստրատեգիաները եւ չկան համապատասխան ֆինանսավորումներ: Կամ եթե կան այդ ֆինանսավորումները, ապա դրանք օգտագործվել են առանց որեւէ ռազմավարության, հետեւաբար դրանք կորել են»: Ըստ Պ. Գյուրջյանի, որը ներկայացնում էր Եվրոպայի ճանապարհով ընթանալու զարգացման սցենարը, միայն գեղեցիկ հայտարարություններով հնարավոր չէ այդ ծրագիրն իրագործել: Կամք է հարկավոր. «Ժողովրդի մտայնությունը պիտի փոխվի եւ գործարարները պիտի ադապտացվեն եվրոպական պայմաններին: Եվրոպական ուղու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կլինեն, որոնք չպետք է թերագնահատել: Այդ պատճառով մենք 2020 թվականի մասին ենք խոսում: Եթե մենք ճշտենք, թե որտեղ ենք գնում, ճանապարհները տարբեր կարող են լինել: Սակայն ռադիկալ բարելավումներ անելով մենք կմտնենք մի մեծ շարժման մեջ: Հետագայում այդ շարժման էներգիան կարելի է օգտագործել այս վիճակից դուրս գալու եւ ուրիշ տեղ գնալու համար»: «Ռուսաստան- 2015» եւ «Հայաստան-2020» ծրագրերի տնօրեն Վլադիմիր Պրեոբրաժենսկու կարծիքով Հայաստանը հաղթահարել է գոյության պահպանման դաժան տարիները եւ հիմա զարգացման ժամանակներ է ապրում: «Բոլոր չորս սցենարները յուրովի հետաքրքիր են: Ո՞րը դրանցից կօգտագործվի՝ ժամանակը ցույց կտա: Հայաստանը միշտ պատրաստ է եղել մասշտաբային փոփոխությունների: Արտագաղթի երեք ալիքների շնորհիվ մարդիկ բացվել են աշխարհի առջեւ եւ դա այլեւս անհնար է հետ շրջել: Պետք է փոխել երկրի կառավարման կանոնները, այլապես անհնար կլինի պայքարել կոռուպցիայի կամ այլ խնդիրների դեմ, կամ ստեղծել գլոբալ մրցունակ բիզնես-ճյուղեր: Ժողովուրդը լավ պատրաստված է, էլիտան պետք է արագ քայլեր նախաձեռնի»: Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԼ. ՕՀԱՆՅԱՆ