Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնության մեքենաները՝ շրջափակված

Հոկտեմբեր 28,2003 00:00

Շտապօգնության մեքենաները՝ շրջափակված Շտապօգնության կենտրոնական կայանում (ՇԿԿ) միկրոավտոբուսների աշխատանքի խաթարումների պատճառով հաճախ է լարվածություն առաջանում։ Սակայն մեծ մասամբ՝ ոչ կայանի աշխատակիցների մեղքով։ Պռոշյան փողոցից ՇԿԿ տանող ճանապարհի սկզբնամասում իրար շատ մոտ (մի քանի մետր), դեմ առ դեմ վեր են խոյանում «Կեսարի պալատ» եւ «Ոսկե պատառաքաղ» ռեստորանները։ Ռեստորանների այցելուներն իրենց մեքենաները կանգնեցնում են առանց այն էլ այս նեղ փողոցում։ Այստեղ չկա ռեստորանների պահանջներին համապատասխանող հարմարավետ, ընդարձակ կայանատեղի։ Արդյունքում խցանումներ են առաջանում, ինչը խանգարում է եւ մեքենաների, եւ հետիոտնի ելումուտին։ Այսպես է լինում բոլոր օրերի ուշ ժամերին։ Իսկ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, հիշյալ հատվածում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չի լինում։ Հենց այս՝ մեքենաների կուտակումների եւ հաճախ անսթափ մարդկանց արանքով պետք է անցնեն շտապօգնության միկրոավտոբուսները։ Բացի այդ, Պռոշյան փողոցի այս մասում հաճախակի են նաեւ հրավառությունները, որոնց ուղեկցող աղմուկ-աղաղակով խախտվում է հարեւան հիվանդանոցների եւ առհասարակ շրջակայքի բնակիչների անդորրը։ Այս խառնաշփոթը, բնականաբար, չէր լինի, եթե քաղաքի գլխավոր ճարտարապետը ժամանակին՝ կառույցների թույլտվությունը տալուց առաջ հաշվի առներ տեղը, հարեւան հիմնարկների յուրահատուկ պահանջները կամ քաղաքաշինական տարրական կանոնները, որոնք մոռացել է բիզնեսին զարկ տալու օրվա պահանջից ելնելով։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, թե այս խնդրի առնչությամբ «իրենք գրեթե ոչինչ չունեն անելու եւ հիմնականում անելիք ունի Երեւանի ավտոտեսչությունը»։ Դիմեցինք նաեւ պետավտոտեսչության պետի տեղակալ Հայկ Սարգսյանին։ Հարցին, թե ինչու են արգելող նշանների առկայության պայմաններում ռեստորանների այցելուների մեքենաներն, այնուհանդերձ, փակում շտապօգնության միկրոավտոբուսների ճանապարհը, պետի տեղակալը չժխտեց օրինազանցությունը եւ խոստացավ անպայման կարգավորել երթեւեկությունը ռեստորանների արանքում։ ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ Բնական է, ռեստորանները չեն քանդվելու։ Մնում է ակնկալել, որ դրանց տերերն առավել հարգանքով կվերաբերեն հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի եւ շտապօգնության կայանի աշխատանքին ու բնակիչների հանգստի իրավունքին, իսկ ոստիկանները՝ իրենց պարտականությունների կատարմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել