Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ «ՓՈԽՀԱՐՍՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԵՄՔԸ»

Հոկտեմբեր 28,2003 00:00

ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ «ՓՈԽՀԱՐՍՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԵՄՔԸ» Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը տարալուծվեց «Օրինաց երկրի» մեջ Շաբաթ օրը տեղի ունեցած ԺԴԿ համագումարում, որին ներկա էր նաեւ ՕԵ պատվիրակությունն՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ԺԴԿ-ն իր համաձայնությունը տվեց ՕԵ-ի հետ միավորվելու։ Բուն հարսանեկան արարողությունը տեղի կունենա օրերս կայանալիք ՕԵ համագումարում։ Այս «ամուսնությունը» ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը իշխանության մաս կազմելու միջոց չի համարում։ Իսկ ակնկալվող հարսանեկան նվերի՝ տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնի վերաբերյալ, Գ. Ասլանյանը համեստ հարսի պես նկատեց. «Մինչեւ հիմա այդ հարցը չենք քննարկել, հիմա նպատակահարմարությունը կքննարկենք»։ Իսկ թե ինչու ԺԴԿ-ն գերադասեց հենց ՕԵ-ի հետ միավորումը, ըստ Գագիկ Ասլանյանի՝ «այդ կուսակցության հետ քաղաքական քննարկումները մենք սկսել ենք ուղիղ մեկ տարի առաջ։ Դաշինքի կայացումն ընտրություններով պայմանավորված ընդհատվեց, որպեսզի համագործակցությունը նախընտրականի չվերածվեր»։ ԺԴԿ-ի եւ ՕԵ-ի միջեւ Գ. Ասլանյանը՝ «ծրագրային, գաղափարական, գործելակերպի եւ քաղաքական պահվածքի ընդհանրություններ» է տեսնում։ Ապա՝ «Երկուսն էլ ընդհանուր ոչինչ չունեն աջ եւ ձախ ծայրահեղությունների դրսեւորումների հետ՝ ինչպես տնտեսության, այնպես էլ պետական քաղաքականության մեջ»,- գտնում է նախկին կոմունիստ եւ նախկին ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը։ Ըստ պրն Ասլանյանի, ԺԴԿ-ն եւ ՕԵ-ն ունեն եւս մի կարեւոր առանձնահատկություն. «երկու կուսակցություններն էլ պայքարել ու պայքարում են անարդարությունների դեմ, գերակա են համարում ոչ թե նեղ անձնական, այլ ժողովրդի ու երկրի շահը»։ Մոտեցումն, ինչ խոսք, շատ յուրահատուկ է, քանի որ բոլոր մնացած կուսակցությունները հայտարարում են, որ ղեկավարվում են նեղ անձնական շահերով: Պարոն Ասլանյանը չմանրամասնեց, սակայն, թե ժողովրդի ու երկրի հատկապես որ շահի համար ինքը կստանձնի փոխնախարարի պաշտոնը։ «Ակնհայտ է, որ Հայաստանի պես փոքր երկրի համար 100-ից ավելի կուսակցությունների գոյության փաստը մեծագույն շռայլություն է,- միավորումը շարունակեց հիմնավորել Գ. Ասլանյանը,- քաղաքական կուսակցությունները ինքնանպատակ չեն ստեղծվում եւ ինքնարտահայտման նպատակ չեն կարող լինել»։ Արդյունքում պարզվեց, որ այս միավորումը «ժողովրդի պահանջով է»։ Իսկ թե երբ եւ ինչպես է ժողովուրդն հասցրել նման պահանջով հանդես գալ, մեր հարցի պատասխանն Արթուր Բաղդասարյանը տվեց. «Նախընտրական շրջանում մենք եղանք գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ Ժողովուրդն ամենուր միավորվելու հարց էր դնում»։ ԱԺ նախագահը նաեւ վստահ է, որ իրենց «կհաջողվի ստեղծել միասնական կառույց, որը ի վիճակի կլինի ստանձնել լուրջ պատասխանատվություն՝ երկրում ընթացող բարեփոխումների համար»։ Ապա՝ «ինչքան կարգին մարդիկ համախմբվեն, դրանից մեր հայրենիքն ու երկիրը կշահեն։ Մեկի խելքը լավ է՝ մի քանիսինն՝ ավելի»,- նշեց ԱԺ նախագահը։ Ի դեպ, պատասխանելով «Առավոտի» հարցին, Ա. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «այլ ուժերի հետ էլ են միավորման բանակցություններ գնում»։ «Արդյո՞ք այդ ուժը «Արժանապատիվ ապագան» է» հարցին ԱԺ խոսնակը ժպտալով հակադարձեց՝ «անունները չի հրապարակվում»։ ԺԴԿ Արաբկիրի տարածքային կառույցի քարտուղար Հովիկ Օհանյանն իր պաթետիկ ելույթում եզրակացրեց. «Այսպիսով, մենք ոչ միայն կպահպանենք մեր դեմքը, այլ կփոխհարստացնենք այն»։ Իսկ ԺԴԿ երիտասարդական թեւի անունից միավորման վերաբերյալ կարծիք արտահայտող Տիրուհի Նազարեթյանը հույս ունի, որ այլեւս «կունենանք ժողովրդադեմոկրատական հասարակություն եւ օրինաց երկիր»։ Ամենահետաքրքիրը, թերեւս, ԺԴԿ քաղխորհրդի անդամ Ռոբերտ Զարգարյանի ելույթն էր։ Նա, մասնավորապես, խորհուրդ տվեց՝ «հեչ չմտածեք, որ մեզ 2,7% գրեցին, մենք 9%-ն անցել ենք։ Թող մեղքը լինի մեր ձայներն իրենց վերագրողների վիզը»։ Սակայն նրա քննադատությունն ամենեւին էլ ուղղված չէր կոալիցիայի դեմ, որի անդամ է «ՕԵ»-ը։ Հակառակը՝ իր ելույթում նա համեմատեց Արթուր Բաղդասարյանին խորհրդային լեգենդար հրամանատար Չապաեւի հետ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել