«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ» Այն նույն օրը, երբ հրաժեշտ էինք տալիս 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված գործիչներին՝ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ տիկին Անահիտը, կոչ արեց համախմբվել պետության շուրջ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջեց ամեն ինչ անել, որ բացահայտվեն կազմակերպիչները: «Առավոտը» երեկ նրան հարց ուղղեց, թե կանե՞ր այդ հայտարարությունն այժմ, երբ չեն փարատվել կասկածները, թե ահաբեկիչները վայելում են բարձրագույն իշխանության հովանավորությունը: «4 տարի անց ասում եմ, որ կազմակերպիչները չգտնվեցին եւ դատարանը 3 տարի շարունակ քամուն տվեց պետության գումարները,- պատասխանեց տիկին Անահիտը:- Եվ այն միջնորդությունը, որ արեցին մեղադրողները՝ կարող էին անել հոկտեմբերի 28-ին ու չէր փոխվի ոչինչ: Այսինքն՝ դատավարությունը լույս չսփռեց եւ ոչ մի հարցի վրա: Իսկ այդ հարցերը մնացել են օդում, հասել խիտ կրիտիկական զանգվածի չափերի եւ պայթյունավտանգ են: Այդ հարցերի պատասխանն արդարադատությունն ի վիճակի չէ տալ, բայց մեկ այլ խնդիր «հրաշալի՜» լուծեցին՝ այն երաշխիքների, որոնք Ռոբերտ Քոչարյանը տվեց ահաբեկիչներին: Արդարադատությունը 100 տոկոսով իրականացրեց այդ երաշխիքները եւ խորը թաղեց մեզ տրված խոստումները: Եվ ես այժմ ընդամենն ասում եմ՝ Հայաստանում արդարադատություն չկա»: «Այբ-ֆե»-ի թղթակիցը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն անընդհատ խոստանում էր «27»-ի առնչությամբ իր ասելիքը հետո ասել, սակայն շարունակում է լռել եւ Յուրի Բախշյանի այրին ասաց. «Որպես պետության ղեկավար իր վերաբերմունքը, այսինքն՝ անտարբերությունը, ոչ սրտացավությունն այս ահավոր ահաբեկչության նահատակների հիշատակների նկատմամբ՝ ասում է իր ասելիքը: Նա շարունակում է դիտորդի կարգավիճակով հետեւել այս ամենին»: Ա. Ի.