Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ զինուժի տեղակայումն Ադրբեջանում

Հոկտեմբեր 28,2003 00:00

ԱՄՆ զինուժի տեղակայումն Ադրբեջանում ժամանակի հարց է Ինչպես եւ կարելի էր սպասել, հարավկովկասյան տարածաշրջանում, որը մի շարք հայտնի հանգամանքների բերումով միջազգային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, դեպքերը սկսել են զարգանալ գլխապտույտ արագությամբ։ Այն կանխատեսումները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ իրենցից զուտ տեսական արժեք էին ներկայացնում, այժմ աչքի առաջ առարկայանում եւ միս ու արյուն են ստանում։ Ուստի պատահական չէ, որ Եվրոպայում ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Չակ Ուոլդի՝ ամերիկյան Defense news թերթին տված հարցազրույցը Հայաստանում արդեն իսկ արձագանքենր է առաջացրել։ Գեներալն աներկիմաստ կերպով հայտարարել է, որ հրամանատարությունը մտադիր է ուժեղացնել ամերիկյան զինուժի ներկայությունը Աֆրիկայում եւ Մերձկասպյան տարածաշրջանում։ Վերջինս թվարկել է այն երկրները, որոնցում մոտ ապագայում ԱՄՆ-ն մտադիր է ռազմաբազաներ տեղակայել։ Դրանք են՝ Ադրբեջանը, Ուգանդան, Սան-Թոմ կղզին եւ Փրինսիպին։ Գեներալ Ուոլդը նշել է, որ կոնկրետ Ադրբեջանում զինուժի տեղակայումը թելադրված է նավթատարների անվտանգության ապահովման պահանջներով, ապա եւ ավելացրել, թե ընդամենը մի քանի տարի հետո, նավթային նախագծերի իրագործմանը զուգընթաց, Ադրբեջանը կարող է դառնալ հինգերորդ երկիրը՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի մակարդակով։ Մեկնաբանելով Չակ Ուոլդի այս հայտարարությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, թե այն կապված է առհասարակ Եվրոպայում ամերիկյան զինուժի վերակազմակերպման հետ։ Իսկ վերակազմակերպումը վաղուց էր սպասվում, քանզի սառը պատերազմից հետո, կապված աշխարհին նետված նոր մարտահրավերների հետ (մասնավորապես՝ ահաբեկչության), հին կառույցն իրեն այլեւս չի արդարացնում։ Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Ադրբեջանում ամերիկյան զինուժի տեղակայումը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության եւ, մասնավորաբար, ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, դեսպանատանը պատասխանել են, թե վաղաժամ է խոսել այդ մասին, քանի որ անհնար է այսօր ինչ-որ որոշակի բան ասել ընդամենը «հրապարակված վերսիայի» առնչությամբ։ Խնդրի կապակցությամբ «Ռեգնումին» մեկնաբանություններ են ներկայացրել նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը։ Ըստ առաջինի, «ես կասկածներ ունեմ, թե ամերիկյան զինուժի տեղակայումը ոչ այնքան նավթատարի անվտանգության մտահոգությամբ է պայմանավորված, որքան հարեւանների,, մասնավորապես, Իրանի գործոնով եւ դա, իհարկե, պետք է մտահոգի Հայաստանին»։ Հովհաննիսյանը համարում է, որ Հայաստանի անվտանգությունը հիմնված է տարածաշրջանային «շատ փխրուն» փոխառնչությունների վրա, ուստի բալանսի խախտումը կարող է լրջորեն ազդել «մեզ վրա»։ Իր հերթին, Դավիթ Շահնազարյանը նշել է. «Աշխարհը զարգանում է արագ տեմպերով, ընթանում են նոր աշխարհաքաղաքական պրոցեսներ եւ դրանց արդյունքում, տարածաշրջանում կձեւավորվի նոր իրադրություն»։ Շահնազարյանը համոզված է, որ, ի մասնավորի, առաջ կգան ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակներ։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել