«ԻՍԿԱՊԵՍ ՏԽՈՒՐ Է, ԿԱՐՈՏ ԿԱ» Երեկ ասաց զոհված վարչապետի եղբայրը՝ Ար ամ Սարգսյանը Հերթական հոկտեմբերի 27-ը ճանապարհեցինք։ Կրկին իշխանություններն ու ընդդիմությունը մեր ընդհանուր զոհերի շիրիմներին այցելեցին առանձին-առանձին։ Վաղ առավոտյան Եռաբլուր էր այցելել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մոտ մեկ ժամ անց Եռաբլուրում էին ԵԿՄ վարչության անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ԵԿՄ-ի հետ էր Եռաբլուր այցելել նաեւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նաեւ՝ Մուշեղ Սաղաթելյանը։ Մինչ այս այցելությունները Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ դրված էր մի ծաղկեպսակ՝ «Եղբայր Արմենից» մակագրությամբ։ Վաղ առավոտյան ամբաստանյալ Արմեն Սարգսյանին թույլատրվեց այցելել եղբոր գերեզմանը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ չայցելեց ո՛չ Եռաբլուր, եւ ո՛չ էլ Պանթեոն, սակայն ժամը 12-ի սահմաններում Ռ. Քոչարյանի կողմից միկրոավտոբուսով երկու նույնատիպ ծաղկազամբյուղ էր ուղարկվել։ Սպիտակ մեխակները եռագույն ժապավենի տակ, վրան՝ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանից»։ Պանթեոնում հավաքվածներից մի քանիսը ցանկացել էին զամբյուղն արժանացնել նախորդ տարվա ծաղկազամբյուղի ճակատագրին՝ մի կողմ շպրտելով, սակայն պանթեոնում գտնվող ՀԺԿ-ի ակտիվիստներն արգելել էին, եւ զամբյուղը պարզապես ավելի հեռու դրվեց։ Որեւէ այլ միջադեպ չգրանցվեց։ Միայն երկու կուսակցություն էին առանձին ծաղկեպսակներ բերել զոհվածներին՝ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն, մյուս կուսակցությունների անունից առանձին պսակներ չկային։ Զինվատախազ Գագիկ Ջհանգիրյանը պարզապես խույս տվեց ձայնագրիչից եւ անաղմուկ հեռացավ։ Գեներալ Մանվել Գրիգորյանն ի պատասխան «27»-ին վերաբերող մեր հարցի՝ «զինդատախազին թողած ի՞նձ եք հարց տալիս»,- ասաց։ Որեւէ բառ չասաց նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Պանթեոնում ներկաներից մի քանիսը պարզապես հայհոյեցին ՍԴ նախագահին՝ մեղադրելով նրան նախագահական ընտրությունների արդյունքները վավերացնելու մեջ։ Կեսօրին, երբ Եռաբլուր այցելեցին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը եւ մյուսները, հավաքվածների միջից մի կին ասաց. «Շանսը բաց եք թողել, եկել եք այստեղ կանգնել»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Եռաբլուրում պատասխանելով մեր հարցերին, ասաց. «Այն, ինչ կատարվեց չորս տարի առաջ, պետության եւ ժողովրդի համար ցավալի էր եւ իր հետեւանքներն ունեցավ հետագա տարիներին, բայց ի պատիվ մեր ժողովրդի եւ պետության, կարելի է ասել, այդ ծանր վիճակներից մենք կարողացանք առանց ցնցումների դուրս գալ։ Իհարկե, եթե չլիներ «27»-ը, այս չորս տարիների ընթացքում մենք ավելի մեծ ձեռքբերումներ կունենայինք։ Ինչ-որ եղել է, եղել է, մեր մեջ պիտի ուժ գտնենք, որ բարոյական եւ տնտեսական դաշտում ունեցած բացթողումները կարողանանք արագ վերացնել»։ Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, վարչապետը գտնում է, որ «անջատված գործի» քննությունը ցույց կտա՝ եղե՞լ են պատվիրատուներ, թե՞ ոչ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գնահատականները չեն փոխվել չորս տարի անց եւս. «Ես իմ կարծիքներում որպես կանոն կայուն եմ լինում եւ ուզում եմ նշել, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան, այն պահին, երբ հանցագործներին հանձնեցինք ԱԱ մեկուսարանին եւ ես դուրս եկա, ինձ լրագրողները հարցրին եւ այդ պահին, շոկի մեջ, ամբողջ գիշեր ներսում մնալուց եւ հետո՝ կենդանի վահան լինելուց հետո, ես իմ կարծիքը հայտնեցի, որ այդ ամբողջ ընթացքում շփվելով նրանց հետ, որեւէ կազմակերպվածություն չեմ զգացել այդտեղ։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ չեմ տեսնում որեւէ կազմակերպված ձեռք այդտեղ»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս շարունակում է մնալ չորս տարի առաջվա իր կարծիքին. «Ես մի քանի անգամ եմ այդ կասկածները հայտնել, կարծում եմ, որ ոճրագործները կպատժվեն, բայց դրանից իմ կասկածները չեն փարատվում, կարծում եմ, որ անկասկած կազմակերպիչներ եղել են եւ կգա ժամանակը եւ հասարակությունը կիմանա այդ մասին, բայց դա շուտ չի լինի»։ Ըստ պրն Սահակյանի՝ «27»-ի կազմակերպիչներին պետք է փնտրել դրսում։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքը եւս շարունակում է մնալ նույնը՝ «27»-ը կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էր եւ իշխանությունները շարունակում են հովանավորել ահաբեկիչներին. «Դատավարությունը վերածվեց ֆարսի։ Ըստ էության, ամեն ինչ արվեց, որ «27»-ի գործը կոծկվի, խոչընդոտվեց լիարժեք բացահայտումը։ Դատավարությունը չփարատեց հասարակության մեջ առկա կասկածները եւ ավելի խորացրեց»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքը եւս միանշանակ է. «Գործող իշխանությունների պարագայում «27»-ի կազմակերպիչները չեն բացահայտվի եւ իշխանությունները երաշխիքներ են տալիս 27-ի ոճրագործներին»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով. «եթե կային կազմակերպիչներ, ապա դրանց բացահայտելու հնարավորությունները գրեթե զրոյացան քննության առաջին հիստերիկ փուլի ժամանակ, հենց 99-ի վերջին եւ 2000-ի առաջին կեսին։ Ես այդ փուլը համարում եմ հիստերիկ փուլ, որովհետեւ իրավաբանության հետ այն որեւէ կապ չունի եւ միմիայն քաղաքականացված էր։ Եվ եթե կար բացահայտելու բան, ապա այն ժամանակ այդ հնարավորությունը, կարծում եմ՝ թաղվեց»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դատավարության մասին իր գնահատականում ասաց. «Ուղղակի 5-ի վարկածը ամրագրեցին, իսկ թե ով էր պատվիրել 5-ի վարկածը, բոլորին էլ հայտնի է»։ Հարցրեցինք՝ իսկ եթե իրենց վերջին խոսքում ոճրագործները սկսեն անուննե՞ր տալ. «Եթե ոճրագործն ուզում է որեւէ բան ապացուցել, պիտի ապացուցի փաստերով, հիմնավորված, ոչ թե անհեթեթ նամակներով, անիմաստ մտքերով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ