Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅԱ ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԵԼ»

Հոկտեմբեր 25,2003 00:00

«ՅԱ ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԵԼ» Այդ բախտը վիճակվել է «Առավոտի» թղթակցին ԱՄՆ-ում բնակվող լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանը եկել է մասնակցելու «Արարատ-73»-ի փառապանծ հաղթանակի 30-ամյակին։ Երեկ նա իր թիմակիցների հետ միասին «Հրազդան» ստադիոնում մասնակցեց այն տարիների ֆուտբոլիստներից կազմված ԽՍՀՄ խորհրդանշական հավաքականի հետ հանդիպմանը։ Իսկ նախորդ օրը սիրով համաձայնեց հարցազրույց տալ մեզ։ – Դու բավականին երկար ժամանակ բնակվում ես ԱՄՆ-ում։ Անգլերեն խոսել սովորե՞լ ես։ – Այդքան լավ չեմ տիրապետում։ Այնտեղ էլ շրջապատված ենք հայերով ու անգլերեն խոսելու առիթ շատ չի լինում։ Ինչպես ասում են՝ կարողանում եմ էշը ցեխից հանել։ – Ընտանիքդ ինչպե՞ս է։ – Նորմալ։ Արդեն երեք տարեկան թոռնիկ ունեմ։ Անունը Դավիթ է։ Մեր ուրախությունն է։ Հիմա գնում է հայկական մանկապարտեզ։ Հետո կհաճախի հայկական մասնավոր դպրոց։ – Ֆուտբոլի հետ կապերդ պահպանե՞լ ես։ – Երբ նոր էի գնացել, ցանկացա հայկական ֆուտբոլային թիմ ստեղծել։ Բայց դա շատ դժվար է։ Մենակ ոչինչ անել չես կարող։ Ֆուտբոլով զբաղվողներ, ֆինանսավորողներ են պետք։ Այնտեղ ամեն ինչը փող է։ Հայերից ամեն մեկն ունի իր գործը, իր հոգսերն ու այլ գործերով զբաղվելու ժամանակ ու հնարավորություն չունի։ Թեեւ կան մարդիկ, կազմակերպություններ, բայց դա քիչ է։ Անցած տարի հայկական մի պատանեկան թիմ կար։ Ուզում էինք ակումբ ստեղծել։ Գլխավոր մարզիչը ես էի։ Ինձ հետ աշխատում էին Սերգեյ Բոնդարենկոն, Արմեն Սարգսյանը, Անդրանիկ Խաչատրյանը։ Բայց չստացվեց։ Որովհետեւ սկզբում ասում են մի բան, հետո դա դարձնում բիզնես։ – ԱՄՆ-ում ֆուտբոլը հսկայական քայլերով է առաջ գնում։ Այդ երկրի հավաքականն էլ աշխարհում բարձր դիրք է զբաղեցնում։ – Ամերիկայում շատ լավ ֆուտբոլ կա։ Ու դա վաղուցվանից է։ Մի անգամ մասնակցեցի նրանց ֆեդերացիայի նիստին, որի ժամանակ նախագահը ասաց, որ չզարմանանք, եթե Ամերիկան 2010 թվականին դառնա աշխարհի չեմպիոն։ Նրանք քիչ են խոսում, բայց շատ գործ են անում։ Ֆուտբոլում հսկայական ներդրումներ են արված։ Դա բիզնես է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ գիտեն դա ճիշտ անել, որպեսզի հետո նաեւ շահույթներ ստանան։ – Վերադառնանք «Արարատի» տարիներ։ Այն ժամանակ դուք առավելագույն չափով էիք օգտագործում գոլային պահերը։ Գավաթային գոլերը, որ դու խփեցիր, երբեք չեն մոռացվի։ Ուրիշ ի՞նչ գոլեր են մնացել հիշողությանդ մեջ։ – Դրանք, իրոք, շատ են։ 1969 թվականին մեր «Հանրապետական» ստադիոնում խաղում էինք «Կայրաթի» հետ։ Այդ օրն առաջին անգամ ընդգրկվել էի «Արարատի» հիմնական կազմ։ Պարտվում էինք 0։1 հաշվով ու ես երկու գոլ խփեցի։ Տպավորվել է հատկապես երկրորդ գոլը։ Փոխանցում ստանալով, ձախ ոտքով շրջանցեցի մրցակցի երեք խաղացողի ու գնդակն ուղարկեցի դարպասի հեռավոր վերին անկյունը։ Եվ գնդակը մնաց ցանցում, օդում կախված։ – Երբեւէ հաշվե՞լ ես հնարքների թիվը, որոնց տիրապետում էիր։ – Անկեղծ ասած՝ ոչ։ Դրանք յուրացվում են ամենօրյա մարզումներում։ Պետք է շատ քրտինք թափել, հետեւել ուրիշներին, լավը յուրացնել, սովորել մեծ ֆուտբոլիստներից։ Այսօր տոնում ենք «Արարատի» պատմական հաղթանակի 30-ամյակը։ Դա ավելի շատ այսօրվա երիտասարդ ֆուտբոլիստներին է հարկավոր, որպեսզի այս սերունդը տեսնի, հպարտանա ու ձգտի ինքն էլ դրան հասնել ու գերազանցել։ – Դրա համար ի՞նչ է հարկավոր անել։ – Նախ, երիտասարդ սերունդը պետք է ձգտում ունենա։ Շատ բան կախված է ֆեդերացիայից, ֆուտբոլային աշխարհի մարդկանցից, համատեղ ճիշտ աշխատելուց։ Ես տեսնում եմ, որ հիմա այստեղ դեռ միմյանց հետ «կռվում» են, փոխանակ ֆուտբոլ սարքեն։ Դա հեշտ չէ։ Հակառակն է հեշտ։ Քիչ առաջ Նիկիտա Սիմոնյանը, Վալենտին Իվանովը, Գեորգի Սարգսյանցը ճիշտ ասացին. «Թիմ քանդելն ընդամենը 30 րոպեի խնդիր է»։ Թիմ պատրաստելն է դժվար։ – Լեւոն, հայկական ֆուտբոլի ներկայիս խոհանոցը հեռվից ինչպե՞ս ես տեսնում։ – Մեր այսօրվա ֆուտբոլով շատ եմ հետաքրքրվում, բայց շատ բան էլ չգիտեմ։ Իմ կարծիքով, այստեղ մի տեսակ չկամեցողություն կա։ Եթե ֆուտբոլի մարդիկ միմյանց սիրեն, միասին աշխատեն, համոզված եմ՝ Հայաստանը մեծ ֆուտբոլ կունենա։ Հրաշալի ֆուտբոլիստներ ենք ունեցել, բայց, կարծես, չեն համագործակցում։ – Լավ ֆուտբոլիստը նշանակում է, որ նա անպայման նաեւ լավ մարզի՞չ է։ – No։ Ամեն մի ֆուտբոլիստ չի կարող մարզիչ աշխատել։ Կարող ես հրաշալի ֆուտբոլիստ լինել, բայց մարզիչ դառնալ՝ ոչ։ – Այսօրվա մեր ազգային հավաքականի մասին ի՞նչ կասես։ – Դիտել եմ Երեւանում Իսպանիայի հավաքականի հետ խաղի տեսագրությունը։ Տպավորությունս տխուր էր։ Հավաքականի ներքին խոհանոցին ծանոթ չեմ։ Աչքի զարնեց, որ թիմում այն տղաներն են, որ հավաքական ընդգրկվել են դեռ տասը տարի առաջ։ Կարծես փոխարինող սերունդ չկա։ Երեւի ակումբներում պետք է ավելի լավ աշխատեն։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել