Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ PR» կերպարվեստո՞ւմ

Հոկտեմբեր 25,2003 00:00

«Սեւ PR» կերպարվեստո՞ւմ Նկարիչների միության նախագահի ընտրությունների ժամանակ կարող են օգտագործվել կեղտոտ տեխնոլոգիաներ եւ ընտրակեղծիքներ: Հոկտեմբերի 28-ին Կինոյի տանը կբացվի Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի ընթացքում կկայանան Նկարիչների միության նախագահի ընտրություններ։ Առայժմ պաշտոնապես իր թեկնածությունն է դրել միայն ՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանը։ Սակայն նա չի բացառում, որ կան նախագահի պաշտոնին հավակնող եւս 5-6 նկարիչ։ Ի դեպ, Կ. Աղամյանը պատրաստվում է իր նախընտրական զեկույց-հաշվետվությունը տպագիր տեսքով հանձնել համագումարի պատգամավորներին (նկարիչներին), որպեսզի վերջիններս կարողանան իրենց նկատառումները հայտնել այդ առիթով։ «Գիտեմ, թե ինչ խնդիրների համար գովեստի կարժանանամ եւ ինչի համար կքննադատվեմ»,- ասում է ՆՄ նախագահը։ Ըստ Կ. Աղամյանի. «Սեւ PR-ը առկա է նաեւ մեզ մոտ։ Չնայած բոլորին թվում է, թե նման բան կերպարվեստի աշխարհում չպետք է լիներ։ Ուղղակի կխնդրեի, որ մարդիկ, ովքեր իմ հասցեին ինչ-ինչ տեղեկություններ են տարածում, նույն բանը անպայման կրկնեն համագումարում»։ Կ. Աղամյանի բնորոշմամբ, Նկարիչների միությունում անցկացվող ընտրությունները նման են մեր երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Դրանք եւս զերծ չեն ընտրախախտումներից եւ կեղտոտ տեխնոլոգիաներից։ Օրինակ, ըստ ՆՄ նախագահի, իրենց նախորդ ընտրության ժամանակ որոշ նկարիչներ «աշխատել» են՝ եղունգների տակ մատիտ դրած: «Ամեն ինչ անելու եմ, որ այս ընտրություններն անցնեն հնարավորինս մաքուր, իսկ հաշվիչ հանձնաժողովն անպայման աշխատի դիտորդների ներկայությամբ։ Նման բան ՆՄ պատմության մեջ դեռեւս չի եղել»,- հայտարարեց Նկարիչների միության նախագահի թեկնածու նախագահը։ Նա չի բացառում, որ գուցե համագումարի ընթացքում վերջին պահին այլ մարդկանց էլ առաջադրեն, «բայց նման ձեւով հանկարծակիի բերելը ճիշտ չէ, դա քաղաքակիրթ ձեւ չէ»։ Կ. Աղամյանը խոստովանեց, որ 5 տարի առաջ, երբ ՆՄ նախագահ էր ընտրվում, վարդագույն ու լուսավոր էր պատկերացնում իր աշխատանքը։ Այսօր ամեն ինչ այլ է։ Նկարիչների միության նախագահը ստիպված է լուծել ոչ միայն ստեղծագործական խնդիրներ, «լիկվիդացված է մեր գեղարվեստի ֆոնդը, չկան մեր սալոն-խանութները, չունենք ֆինանսային հիմքեր եւ պետական աջակցություն»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես են տնօրինվում Նկարիչների միության շենքից՝ տարածքների վարձակալության գումարները։ «Մեր տարածքը շատ փոքր է։ Ընդհանուր առմամբ, տարեկան 1200-1400 դոլար գումար է հավաքվում, որի 20%-ից ավելացված արժեքի հարկ ենք մուծում։ Այդ գումարն օգտագործում ենք շուրջ 30 աշխատակիցների աշխատավարձերի, շենքի պահպանման ծախսերի համար»,- պարզաբանեց ՆՄ նախագահը։ Նա պատասխանեց վերջին շրջանում շրջանառվող մեկ այլ լուրի՝ Նկարիչների միության հանգստյան տներից (Ծաղկաձորում եւ Շորժայում) եւ արտասահմանյան ուղեւորություններից օգտվում է միայն միության վերնախա՞վը։ «Վերջին 5 տարիներին չի եղել որեւէ նկարիչ, որ դիմում գրի հանգստյան տան ուղեգիր ստանալու համար ու մերժվի։ Արտասահմանյան ուղեւորություններին էլ (համագումարներ, ցուցահանդեսներ) կոնկրետ ես մեկնել եմ հրավիրողի ծախսերով եւ որեւէ լումա Նկարիչների միության բյուջեից չեմ ծախսել»,- ասաց Կ. Աղամյանը։ ՆՄ նախագահի խոսքերով, իրենց շենքը կանգուն չէր մնա, եթե վարձակալության գումարները գրպանած լիներ։ Կ. Աղամյանը նաեւ փաստեց, որ իր՝ ՆՄ նախագահ եղած ժամանակահատվածում (5 տարի) յուրաքանչյուր տարի կազմակերպվել է շուրջ 30 ցուցահանդես, «ավելի շատ, քան խորհրդային տարիներին»։ Եվ դա արվել է ստրատեգիկ նպատակով, որպեսզի մեծանա հասարակության ուշադրությունը կերպարվեստի նկատմամբ։ «Վերջին շրջանում մենք տարբեր խոսակցություններ ենք լսում, պրեսսինգի ենթարկվում։ Շատերն են ուզում, որ Նկարիչների միությունը պառակտվի կամ չլինի։ Ու օտար հովեր, գաղափարախոսություն ներմուծվի Հայաստան»,- կարծում է Կ. Աղամյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել