Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը հստակեցնում է

Հոկտեմբեր 25,2003 00:00

Ամբաստանյալը հստակեցնում է Երեկ Արմեն Սարգսյանը շարունակեց ցուցմունք տալ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության վերջին երկու նիստերում ամբաստանյալ Արմեն Սարգսյանի հրապարակված նախաքննական ցուցմունքները, որոնք մինչ այդ իշխանական քարոզչամեքենայի ակտիվ մասնակցությամբ հանրությանն աղավաղված էր ներկայացվել, հստակեցնում են լրագրողի սպանությունից հետո նրա կողմից Հովհաննես Հարությունյան-«Ապերին» ընդհանուր հաշվով 75 հազար դոլար տալու շարժառիթներն ու հանգամանքները: Հետեւելով Ա.Սարգսյանի ցուցմունքների հրապարակմանը, ստացվում է, որ նա Տ.Նաղդալյանի սպանությանն «Ապերի» մասնակցության մասին իմացել է միայն սպանությունից հետո: Նախ «Ապերը», որն Ա.Սարգսյանի ասելով, վերջին անգամ իր տանն է եղել 93-94թթ., 2002թթ. դեկտեմբերի 30-ին հանկարծ կրկին եկել է իր տուն եւ հավաստիացրել, թե Բեյրութից ֆուռերով բերված ապրանքը Վրաստանում է եւ դրա մաքսազերծման համար մի 30 հազ. դոլար է պետք: Ա.Սարգսյանը նախ ասել է, թե իր մոտ այդքան գումար չկա, բայց «Ապերի» խնդրանքից հետո, թե՝ գոնե ընկերներիցդ վերցրու պարտքով, ես մեկ ամսից կտամ, գնացել է իր տնօրինած գործարան, վերցրել 30 հազ. դոլար, որից 25 հազարը տվել է «Ապերին»: Դրանից հետո, արդեն հունվարի 2-ին կամ 3-ին «Ապերն» իր ընտանիքի հետ է գնացել Ա.Սարգսյանենց տուն, բայց Տ.Նաղդալյանի սպանության մասին որեւէ խոսք չի եղել: Միայն հունվարի 15-ին Ա.Սարգսյանին այցելել է Լ.Հարությունյանն ու ասել, թե իր բարեկամ Գեղամ Շահբազյանը՝ «էդ գյադեն», ու «Ապերը» լրագրողի սպանության հետ ինչ-որ կապ ունեն ու հիմա Գ.Շահբազյանն ուզում է ճշտել, թե արդյո՞ք դրա դիմաց Ա.Սարգսյանն է խոստացել «Ապերի» միջոցով փող տալ: «Երբ լսեցի, որ «Ապերը» դրա հետ կապ ունի, ոնց որ կվալտով գլխիս տային»,- ասաց Ա.Սարգսյանը: Նա նախ հերքել էր այդ տեղեկությունն ու ավելացրել՝ «ով պատվիրել է թող նրանից էլ գնան փողը ստանան: Թող գնան «Ապերի» վզից բռնեն»: Լ.Հարությունյանին վռնդելուց հետո Ա.Սարգսյանն, այնուամենայնիվ, կասկածել է, որ «Ապերն» իրենից փողը հենց քիլլերներին վճարելու համար է վերցրել եւ, եթե այդպես է, ուրեմն «Ապերն» իր մոտ դեռ կգա: Եվ եկել էր՝ արդեն գործարան՝ ասելով, թե՝ «մեկնումեկս էդ թասիբի տակից պետք է դուրս գայինք: Պետք էր, ես էլ իմ անելիքը գիտեի: Էդ մարդիկ Ռուսաստանից են եկել ու իրենց ետեւից մարդիկ կան, պետք է դրանց փողը տալ, որ թողնեն գնան», թե չէ իրեն էլ կխփեն, Արմենին էլ, նրա ընտանիքին էլ եւ պահանջել էր 100 հազ. դոլար, որն այդ ժամանակ Ա.Սարգսյանը չէր տվել: Բայց երկար մտածելուց հետո կանչել էր Լ.Հարությունյանին, որ նա իր բարեկամ Գ.Շահբազյանին ասի՝ «Ապերին» ձեռք չտան, ինքը դրանց փողը կտա: Այսպես մաս-մաս, իսկ վերջին անգամ արդեն փետրվարի 28-ին, 35 հազ. դոլար տվել էր «Ապերին», որն էլ խոստացել էր 2-5 ամսվա ընթացքում պարտքը վերադարձնել: Ա.Սարգսյանը երեկ էլ հայտարարեց, որ ինքն այս գործում ներքաշվել է անկախ իր կամքից եւ «Ապերի» կողմից նախ խաբեության, ապա նաեւ շանտաժների արդյունքում: Ընդ որում, Ա. Սարգսյանի հարցաքննության արդյունքում առանց վերջինիս կողմից գնահատականներ հնչեցնելու ՀԿԳ քննիչ Հ.Սարդարյանն ինքն էլ է հանգել այն եզրակացության, որ կատարվածը շորթում է: Սա քննիչի ձեւակերպումն է, որը հարցի ձեւով նա ուղղել է Ա. Սարգսյանին՝ «ստացվում է, որ «Ապերը» շորթե՞լ է»: Երեկ տարակուսանք առաջացրեց հատկապես դատախազների պահվածքը, որոնք, թվում էր, պատեհ առիթ ունեին Ա.Սարգսյանին տրվելիք հարցերի միջոցով ի ցույց դնել նրա մեղսակցության «անհերքելի ապացույցները», ցույց տալ, որ ամբաստանյալը ստում է իր ցուցմունքներում, բայց՝ չարեցին: Նրան հարցեր ուղղեց միայն Տ.Նաղդալյանի քույրը՝ Կարինե Նաղդալյանը. «Ազնի՞վ քայլ եւ տղամարդկությո՞ւն եք համարում ոճրագործներին 75 հազար դոլար տալն ու սպանությունը պարտակելը»: «Ես ձեզ լավ եմ հասկանում, որովհետեւ 4 տարի նույն վիճակում ես եմ եղել: Եթե ես Տ.Նաղդալյանին սպանելու պատվեր տվող լինեի, դա կանեի, երբ նա «27»-ի գործով դատարանում ցուցմունքներ տված կլիներ, կամ՝ այնքան հիմար չեմ, որ պատվիրեի ու փողն էն գլխից չտայի, մանավանդ, երբ փող ունեմ: Ես վախկոտ մարդ չեմ եղել, բայց ստիպված եմ եղել վճարել ու չեմ մտածել՝ դա տղամարդկություն է, թե ոչ: Ես իմ ընտանիքի անվտանգությունն եմ հոգացել եւ դրա համար պատրաստ էի տալ, որքան ուզեին»,- պատասխանեց Ա.Սարգսյանը՝ հավելելով, թե «Ապերն» իրեն պարբերաբար զգուշացնում էր, որ հակառակ դեպքում քիլլերները կամ նրանց ետեւում եղած մարդիկ կսպանեն իրեն էլ, Արմենին էլ, կվնասեն նրա ընտանիքին: Ա.Սարգսյանի ասելով, ինքը անհանգստացել էր հատկապես եղբոր համար, «որը Երեւանում էր եւ նրա հետ կարող էր ինչ ասես պատահել»: Ամբաստանյալը հավաստիացրեց, թե ինքն էլ ազնիվ չի համարել այն մարդկանց արարքը, ովքեր իմացել են «27»-ի մասին եւ պարտակել են: Միաժամանակ խոստովանեց, որ կռահում է «Ապերի»՝ իր դեմ ցուցմունք տալու պատճառը, թեեւ բարձրաձայն չի ասի: Անդրադառնալով Լ.Հարությունյանի այն ցուցմունքին, թե Ա.Սարգսյանն իրեն խոստովանել է սպանության պատվիրատուն լինելու մասին, ընդգծեց, որ իր սանահայրը մինչեւ մայիսը տված մի քանի ցուցմունքներում ամեն ինչ ճիշտ է ասել եւ իր դեմ ցուցմունք չի տվել: «Նա իր ցուցմունքները փոխել է միայն մայիսին, որոնք հարմարեցվել են արդեն իմ ցուցմունքներին»,- ընդգծեց Ա. Սարգսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել