Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջարաններում կբուժվեն միայն հարուստները

Հոկտեմբեր 25,2003 00:00

Առողջարաններում կբուժվեն միայն հարուստները Պետությունն այլեւս չի ուզում առողջարաններ ուղարկել կարիքավոր մարդկանց: Ինչպես տեղեկացանք ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Կարեն Մարգարյանից, 2004 թվականի բյուջեով առողջարանային ուղեգրերի ձեռքբերման համար գումար չի հատկացվել։ Փոխարենը հավելում է կատարվել կենսաթոշակին, ինչի հաշվին յուրաքանչյուր թոշակառուի ամսական թոշակը կավելանա ընդամենը 100 դրամով։ Ըստ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, այս տարի ձեռք է բերվել 5280 ուղեգիր, որից օգտվել են այն հաշմանդամները, միայնակ եւ չաշխատող թոշակառուները, զոհված ազատամարտիկների կամ զինծառայողների ընտանիքի անդամները։ Ինչպես պարզաբանեց բժշկա-սոցիալական փորձաքննության եզրակացության ծառայության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը, նախքան առողջարանային ուղեգիր հատկացնելը, յուրաքանչյուր հաշմանդամի մանրամասն հետազոտում են՝ ցուցաբերելով անհատական մոտեցում եւ եթե հակացուցված չէ սանատոր բուժումը, նրան տրվում է դրական եզրակացություն։ Ստացվում է որ, ներկայումս դրական եզրակացություն ստացած հազարավոր հաշմանդամ հիվանդներ զուր սպասում են իրենց հերթին։ Ըստ որոշ լուրերի կարիքավորներին այլեւս առողջարան չեն ուղարկելու՝ չարաշահումներից խուսափելու համար: Շատ նման է գլխացավի դեպքում գլուխը կտրելու տարբերակին։ Իսկ որ դրանից տուժում են միայն հաշմանդամները, միանշանակ է։ Առաջին կարգի հաշմանդամ հարեւանուհուս խոսքերով, «ի՞նչ է 100 դրամը, գոնե մեկ հաց չենք կարող առնել, այդ 100 դրամները պետք է 15 տարի հավաքեմ, որ գնամ բուժվելու, բայց այդքան կապրե՞մ»։ Կա հարցի նաեւ մեկ այլ կողմը։ Նման որոշումը հարված է նաեւ առողջարանային բիզնեսի զարգացմանը։ Վերջին տարիներին աշխուժացող որոշ առողջարաններ 5-6 ամիս աշխատելու փոխարեն միայն վճարունակ հիվանդների միջոցներով կաշխատեն հազիվ 1-2 ամիս, մի մասն էլ անգործության մատնվելով՝ առհասարակ կփակվի։ Եթե նկատենք, որ 140-ից 160 հազար դրամ արժեցող ուղեգիր այսօր ի վիճակի է գնել միայն պետական պաշտոնյան կամ գործարարը, որոնք իրենց ամառային հանգիստը հաճախ գերադասում են անցկացնել արտասահմանյան որեւէ էկզոտիկ վայրում, վիճակն էլ ավելի անմխիթար կդառնա։ Սա թերեւս կբերի առողջարաններում աշխատատեղերի նոր կրճատման եւ առողջարանային քաղաքներից ընտանիքների նոր արտագաղթի։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել