Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆՈՒ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 25,2003 00:00

ԳԻՆՈՒ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հայ եւ ռուս ինտելեկտուալները նշեցին Թուրքմենչայի պայմանագրի տարեդարձը Երեկ ՌԴ դեսպանությունը, Ռուս-հայկական (Սլավյանսկի) համալսարանը եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը կազմակերպել էին Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրի 175-ամյակին նվիրված գիտաժողով, որին հրավիրված էին ՌԴ եւ ՀՀ անվանի գիտնականներ, պատմաբաններ: Նրանք բոլորը համակարծիք էին, որ Թուրքմենչայի պայմանագիրը, որով Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ պատմության լուսավոր էջերից մեկն էր: Ռուս գիտնականները խոսում էին իրենց հատուկ հովանավորչական, ներողամիտ-փաղաքշական տոնով, ինչը բնորոշ է կայսրության քաղաքացիներին, ապա մերոնք զեկուցում էին գաղութացված, դարեր շարունակ պետականություն չունեցած, եւ անկախությանը դեռես չսովորած երկրի հպատակների տոնով: ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Դեգոեվը փորձում էր համոզել, որ Կովկասի, եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը երբեք չի ունեցել մետրոպոլիական նկրտումներ: Որպես ապացույց նա բերում էր այն «համոզիչ» փաստարկը, թե 19-րդ դարի Ռուսաստանում հարգի էր կովկասցի լինելը: Երբ գիտաժողովի կազմակերպիչներից մեկին՝ Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին հարցրեցինք՝ «որքանո՞վ է արժանապատիվ անկախ պետության համար նշել մի տարելից, որն ինչ-որ իմաստով խորհրդանշում է իր գաղութացումը», նա պատասխանեց. «Կոնֆերանսը գիտական է: Տոնակատարության հոտ ես չեմ առնում: Որեւէ տարեդարձ չի նշվում: Կա պատմական փաստ՝ ռուս-պարսկական պատերազմը, եւ կա հայկական գործոնն այդ շրջանակներում եւ դրա գիտական վերլուծությանն է նվիրված գիտաժողովը: Իհարկե, ցարական-իմպերիալիստական Ռուսաստանն ուներ իմպերիայի լայնացման խնդիրներ, բայց չմոռանանք նաեւ, որ հայ ժողովուրդը, որը պարսկական լծի տակ էր գտնվում, հարաբերվելով հայ ժողովրդի այն հատվածի հետ, որը գտնվում էր ռուսաստանյան կայսրության ներքո եւ համեմատելով այդ երկու կարգավիճակները, նախընտրեց լինել ռուսական կայսրության ներքո»: Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովից հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանի համար հատկապես ինչո՞վ է նշանակալից այս տարելիցը. «Այդ պայմանագիրը շատ կարեւոր էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Ռուսաստանի համար: Ռուսաստանը խաղաղության հաստատումով ապահովեց իր անվտանգությունը իր սահմանի հարավային մասում, երկրորդ՝ դրանով նա իրեն հայտարարեց այն իրադարձությունների ակտիվ մասնակիցը, որոնք այն ժամանակ եւ դրանից հետո կատարվում էին Կովկասում»: Զեկուցումներից կառանձնացնենք ամենահետաքրքիրը: Բաումանի անվան տեխնիկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիտալի Պուսկոյի զեկույցը վերնագրված էր. «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին»: Տասնհինգ րոպեանոց զեկույցի տաս րոպեն նա նվիրեց հայկական ազգանունների արտասանությանը: Նա գրանցել էր իրեն հայտնի բոլոր հայ փիլիսոփաների անունները, ովքեր երբեւէ առնչվել են Ռուսաստանի հետ: Իսկ մնացած հինգ րոպեն քնարական զեղումներ էին, որոնք առնչվում էին հայ մշակույթին: Մասնավորապես, նա հպարտ էր, որ Հայկական մանկավարժական ինստիտուտը կրում է Խաչատուր Աբովյանի անունը, ով օրհնում էր «ռսի ոտը»: Ապա հիշեց մեր մեծ կոմպոզիտորներ Սպենդիարովին, Արամ Խաչատրյանին: Ասաց, որ երիտասարդ տարիքում լսել է Սպենդիարովի «Ալմաստը»: Բայց երբ հայտնեց, որ իրենց դպրոցում ի թիվս Չեխովի, Տուրգենեւի, Տոլստոյի, անցնում էին նաեւ Սունդուկյանի գործերը, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Գալոյանը չդիմացավ եւ տեղից ռեպլիկ թողեց. «Չեմ հավատում: Չեմ հավատում, որ Մոսկվայի դպրոցներում «Պեպո» են անցել»: Սակայն պրն Պուսկոն արդեն հասել էր գինուն եւ խաղողին: Միայն իրեն հայտնի տվյալներով, Հայաստանը տարեկան մշակում է 150 հազար տոննա խաղող եւ դրա 50%-ը արտահանում Ռուսաստան: Իր զեկույցի վերնագրին քիչ թե շատ առնչվող նախադասությունը հետեւյալն էր. «Ռուսների հայտնագործած Կալաշնիկովը մինչեւ հիմա ամբողջ աշխարհի լավագույն ավտոմատն է: Նույնիսկ ամերիկացիները խոստովանում են դա»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել