Լրահոս
Օրվա լրահոսը

Հասունացման պահը

Հոկտեմբեր 25,2003 00:00

Հասունացման պահը Դժվար է ասել, թե որքանով են արժանահավատ այն լուրերը, ըստ որոնց հայկական բանակում իրականացվող «գեներալական» տեղաշարժերը որոշակիորեն առնչվում են նաեւ ղարաբաղյան առաջիկա բանակցություններին: Ըստ այդմ, քաղաքագիտական նեղ շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Մինսկի խմբի համանախագահների՝ կողմնորոշաբար նոյեմբերի վերջին կայանալիք տարածաշրջանային այցն, իբրեւ թե, շրջադարձային է լինելու կարգավորման հանգուցալուծման առումով, ուստի, առնվազն հայկական կողմը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում բանակը լիակատար կերպով վերահսկելի դարձնելու համար: Համենայն դեպս, մի փոքրիշատե քննող հայացքն անգամ բավական է համոզվելու համար, որ այսօրվա գեներալիտետը հայկական բանակցային քաղաքականությունն իրականացնողների համար առանձնապես խոչընդոտ չէ, հետեւաբար, նման մտայնությունն առանձնապես համոզիչ չի թվում: Մի բան, սակայն, միանշանակ է. բանակցություններն այս անգամ իսկապես հետեւողական եւ թեժ են լինելու, քանզի ներկա փուլում գոնե սուբյեկտիվ խոչընդոտները բացակայում են: Այս պնդման օգտին են խոսում մի քանի այլ էական հանգամանքներ եւս: Եվ այսպես, ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ: Ինչպես արդեն նշվեց, ընտրություններն արդեն ետեւում են, եւ հակամարտող կողմերի ներկայացուցիչներն այլեւս չեն կարող խուսափել իրականությունից՝ վկայակոչելով «հարգելի պատճառներ» եւ անորոշ հղումներ անելով ներքաղաքական կարեւոր իրադարձություններին: Սակայն, դա միայն տեխնիկական, թեեւ ոչ՝ անկարեւոր հանգամանք է: Կոնֆլիկտոլոգների բառապաշարում գոյություն ունի «հասունացման պահ» հասկացություն: Դա այն պահն է, երբ հակամարտող կողմերն այլեւս պատերազմելու բավարար ռեսուրսներ չունեն, իսկ հասարակությունները երկուստեք խորապես հոգնած ու բարոյալքված են իրենց ուսերին ռազմական գործողությունների նոր ալիք կրելու համար: Ըստ տեսաբանների, հենց նման պահերին են կնքվում խաղաղության այնպիսի համաձայնագրեր, որոնք ընդամենը մեկ-երկու տարի առաջ բովանդակային առումով կարող էին անհավատալի թվալ: Ըստ ամենայնի, ղարաբաղյան հակամարտության պարագայում ներկայումս հենց այդպիսի պահ է եւ, վստահաբար, կողմերը պատերազմի պատրաստ չեն: Նրանք պատերազմի պատրաստ չեն թեկուզեւ այն պատճառով, որ լեգիտիմության խիստ կասկածելի պաշար ունեցող առաջնորդներն այլեւս չեն կարող իրենց ժողովուրդներին առաջնորդել դեպի երիցս անորոշ հեռանկար ունեցող ճակատամարտեր: Միեւնույն ժամանակ, լեգիտիմության պակասը բանակցողներին չափազանց խոցելի է դարձնում նաեւ արտաքին ճնշումների հանդեպ, ուստի ենթադրելի է, որ տարածաշրջանում կենսական շահեր հետապնդող ու ընտրությունների ընթացքում շատ ու շատ բաների վրա հաշվենկատորեն աչք փակած գերտերություններն այս անգամ առիթը բաց չեն թողնելու «իրենցն առաջ տանելու» համար: Ստացվում է, որ գոնե Հայաստանի պարագայում մնում է ապավինել Աստծուն եւ իրադրության անսպասելի շրջադարձերին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել