Սանրի մյուս կտավը Գործող թաղապետը եւ գլխավոր հավակնորդը իրար արժանի են Օրերս մենք անդրադարձել էինք Աջափնյակի գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանի եւ այն հայտարարագրին, որը նա ներկայացրել էր թիվ 9 ԸԸՀ-ին, եւ նրա, որպես թաղապետի գործունեությանը: Մեր ընթերցողներից մեկն էլ երեկ ահազանգել էր խմբագրություն, թե ինչու չենք քննադատում մյուս թեկնածու Արման Սահակյանին եւ չենք անդրադառնում նրա հայտարարագրին կամ գործունեությանը, առավել եւս, որ, ընթերցողի միանգամայն իրավացի դիտարկմամբ, եւ Արծրուն Խաչատրյանը, եւ Արման Սահակյանը նույն սանրի երկու կտավն են: Հավաստիացնում ենք, որ կողմնակալ վերաբերմունք թեկնածուների նկատմամբ չունենք: Ավելին, ահազանգ ունենք համայնքի բնակիչներից մեկից, որի վկայությամբ թեկնածու Ա.Սահակյանի նախընտրական շտաբը ներկայացնող երկու աղջիկներ օրերս այցելել են իրեն եւ շենքի մյուս բնակիչներին՝ փորձելով մի ցուցակում լրացնել նրանց անձնագրային տվյալները: Քաղաքացու ասելով, թեեւ ինքը ոչ մի տվյալ չի տվել, բայց նկատել է, որ ցուցակում շատերի անվան դիմաց այդպիսիք լրացված են: Թե սա ինչ նպատակով է արվում՝ հայ ընտրողներին հասկանալի է նախորդ բոլոր ընտրությունների փորձից: Մեր ձեռքի տակ կա նաեւ Ա.Սահակյանի՝ համայնքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած, հայտարարագիրը, որը եւս շատ հետաքրքիր է: Ըստ այդմ, թեկնածուն հայտարարագրել է, թե մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների տարեկան եկամուտները կազմել են 55304024 դրամ: Ասել է, թե ամսական՝ 4,6 մլն դրամ: Սակայն, այսպիսի խոշոր եկամուտ հայտարարագրած Ա.Սահակյանը, ըստ հայտարարագրի, պարզվում է, սեփական բնակարան, անշարժ գույք, հողատարածքներ չունի: Նրա ունեցածն, իր ասելով, միայն ԲՄՎ 528IA եւ ԳԱԶ-3110-101 մակնիշի ավտոմեքենաներն են ու՝ վերջ: Շարքային մահկանացուներիս համար ամսական ավելի քան 8 հազ. դոլար եկամուտ ունեցող թեկնածուի համար իր հայտարարագրած ունեցվածքը կասկածելիորեն խղճուկ է թվում, եթե նկատի ունենանք, որ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի աշխատավարձի եւ Ա.Սահակյանի ռեալ եկամուտների միջեւ ահռելի ճեղքվածք կա: Հետաքրքիր է, թե թեկնածուն ինքն ինչպես է իր ընտրողներին բացատրում այս հանգամանքը: Գոնե մեզ դա հայտնի չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ