ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԳՐԵՍՈ՞Ր Է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագծի շրջանակներում իսլամական պետությունների այս մեղադրանքին է անդրադառնում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: «Հոկտեմբերի 16-ին Մալազիայում տեղի ունեցավ Իսլամական երկրների համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էին 50 երկրների նախագահներ, վարչապետներ եւ այլ ղեկավարներ,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այդ վեհաժողովում հիմնական զեկուցողը՝ Մալազիայի վարչապետ Մահաթհիր Մոհամմադը քանիցս հիշատակեց իսլամական աշխարհին ապառնացող վտանգների, ինչպես նաեւ՝ թշնամիների մասին: Դրան հաջորդեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդել Վահիդ Բելկազիզի զեկուցումը, որն առավել կոռեկտորեն բնութագրելով իսլամական երկրներին սպառնացող վտանգները եւ դրանց ետեւում կանգնած երկրներին՝ բավական կոշտ հիշատակեց Հայաստանի Հանրապետությունը՝ վերջինիս մեղադրելով ագրեսիայի մեջ: Իսկ քանի որ բոլոր քննարկումներն ընթանում էին հակաահաբեկչության խորագրի ներքո, փաստորեն՝ Հայաստանը ներկայացվեց իբրեւ իսլամական աշխարհի համար վտանգավոր այնպիսի երկիր, որն ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետեւանքով շուրջ 1 մլն ադրբեջանցիներ, ըստ Բելկազիզի՝ ենթարկվել են հարկադրված տեղաշարժի եւ ներկայումս կրում են լուրջ դժվարություններ: Եվ այս պարագայում ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը եւ բացարձակապես անտեսում աշխարհաքաղաքական զարգացումները եւ նման լուրջ մեղադրանքները, որոնք այդպես էլ մնացել են անարձագանք թե՛ ԱԳ նախարարության, թե՛ նախագահի կողմից: Օրինագծի քննարկումների ժամանակ փորձում էինք ինքնամեկուսանալ եւ երկրի ներսում սկսել վհուկների հերթական որսը, մոռանալով, թե Հայաստանի պետականությանը հիմնական վտանգները սպառնում են դրսից»: Մեր համոզմամբ, անարդար են պրն Գեղամյանի մեղադրանքների այն մասը, թե այդ քննարկումների ժամանակ անտեսվել էին աշխարհաքաղաքական իրողությունները: Ընդհակառակը՝ նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե օրենքը կարեւորում են արտաքին ագրեսիայի վտանգի առնչությամբ, եւ հրատապությունը բացատրեց այն հանգամանքով, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է իբրեւ ահաբեկիչ: Թեեւ հարց է՝ ինչպես էլ մեր օրենսդրությամբ սահմանենք «ահաբեկիչ» կամ «ահաբեկչություն» հասկացությունները՝ որեւէ ազդեցություն կարո՞ղ են ունենալ Ադրբեջանի կամ իսլամական այլ պետությունների համար: «Կարեւորն այն է, որ մեր օրենքները համահունչ լինեն այն ոգուն, որը ձեւավորվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այն սկզբունքները եւ չափանիշները, որոնք միավորել են ԱՄՆ-ին Ռուսաստանի եւ Եվրամիության, ինչո՞ւ չէ՝ նաեւ նույն իսլամական աշխարհի շատ երկրների հետ՝ պետք է պարտադիր արծարծվեն նաեւ մեր «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի մեջ: (Նշենք, որ մեր օրինագծի համար հիմք է ծառայել ԱՊՀ մոդելային օրենքը.- Ա. Ի.): Միայն այս պարագայում կկարողանանք ասել, թե մաս ենք կազմում հակաահաբեկչական այդ հզորագույն դաշինքին եւ առաջնորդվում վերջինիս որդեգրած սկզբունքներով: Եվ այդ պարագայում՝ ինչ ամբիոնից էլ հնչի ցանկացած հերյուրանք՝ չի գտնի պարարտ հող գոնե երկրի բախտը որոշող հզորագույն պետությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրամիության երկրների կողմից: Մինչդեռ քննարկումների ժամանակ այս ամենի մասին բացարձակ ակնարկ իսկ անգամ չեղավ: Ավելի՛ն: Շատ վտանգավոր զուգահեռներ անցկացվեցին, որոնք կարող են զենք դառնալ մեր հակառակորդների ձեռքերում»: Սակայն իսլամական երկրների յուրաքանչյուր վեհաժողովի ժամանակ էլ Հայաստանին մեղադրում են ագրեսիայի մեջ՝ ինչո՞ւ է հատկապես այս անգամ տագնապում «Ազգային միաբանության» առաջնորդը: «Այս վեհաժողովն առանձնահատուկ նշանակություն ուներ համայն աշխարհի համար,- պատասխանեց պրն Գեղամյանը:- Փաստորեն ականատեսն ենք երկու տարբեր քաղաքակրթությունների մոտեցումների: Եվ այնտեղ առանցքային էր Մահաթհիր Մոհամմադի ելույթը, որը գլխավորելու է այդ կազմակերպությունը: Նա ամբողջ իսլամական աշխարհի համար անցկացրեց բարեկամների եւ թշնամիների սահմանազատում: Իսկ այդ աշխարհը 50 երկրներ են՝ 1 մլրդ 300 մլն բնակչությամբ: Հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանը շրջապատված է իսլամական աշխարհի 3 պետություններով: Եվ այս պարագայում, երբ այդ կազմակերպության ոչ թե անդամ երկրի՝ ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարն է խոսում, այլ գլխավոր քարտուղարը եւ հայտնում հավաքական կարծիք՝ բնականաբար, պարտավոր ենք հակազդել, տագնապի շեփոր հնչեցնել եւ արտահայտել մեր հստակ դիրքորոշումը: Հենց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի քննարկումը կարող էր նախերգանքը դառնալ մեր համակարգված գործողությունների, ինչը տեղի չունեցավ: Եվ պատահական չէ, որ իմ ելույթում հիշատակեցի, թե վտանգը կարող է դրսից սպառնալ. եթե 50 երկրների անունից ասում են, թե ի թիվս այլոց՝ նաեւ Հայաստանն է իրենց թշնամին՝ չի՛ կարելի անտեսել եւ նսեմացնել այս հարցի լրջությունն ու կարեւորությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ