Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ Է

Հոկտեմբեր 24,2003 00:00

ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ Է Նույնիսկ 90-ականներին՝ ցուրտ ու մութ տարիներին, Հայաստանի շախմատիստները միշտ էլ բարձր են պահել երկրի մարզական դրոշի պատիվը։ Այս ընթացքում հաղթանակներն ու նվաճումներն աշխարհում ու Եվրոպայում քիչ չեն, բայց այն, ինչ օրերս Պլովդիվում արեցին մեր շախմատիստուհիները, իր արժեքով առանձնանում է բոլորից, նույնիսկ այլ մարզաձեւերի ձեռքբերումներից։ Երեկվա օրը ինչ-որ ձեւով անցավ մեր Եվրոպայի չեմպիոն եռյակի՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի, միջազգային վարպետ Նելլի Աղինյանի եւ, իհարկե, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մեծարման նշանաբանով։ Ու նրանք դրան արժանի են։ Առավոտյան Շախմատիստի տանը մարզական լրագրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հերոսները պատմեցին Բուլղարիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում իրենց մրցելույթների մասին։ Նրանց պատմածից տեղեկացանք, որ հրաշալի եռյակը մրցավայր է մեկնել առաջին եռյակում տեղ գրավելու վճռականությամբ։ Սակայն մրցաշարի ընթացքում համոզվել են, որ ի վիճակի են պայքարել նաեւ չեմպիոնական տիտղոսի համար։ Ու այդպես էլ արել են։ Այս մասին ասացին թե շախմատիստուհիները, թե նրանց մարզիչը։ Էլինա Դանիելյան. «Առաջնությունում հաջող մեկնարկեցինք ու սկզբից եւեթ ընթանում էինք առաջատարների շարքերում։ Եվ այն պահից սկսած, երբ ոչ-ոքի խաղացինք Ռուսաստանի շատ ուժեղ հավաքականի հետ, համոզվեցինք, որ կարող ենք պայքարել նաեւ առաջին տեղի համար։ Եվ ուրախ ենք, որ կարողացանք ցանկալին իրականություն դարձնել»։ Լիլիթ Մկրտչյան. «Դեռ Հայաստանում հավատում էինք, որ ի վիճակի ենք մեդալների համար պայքարել։ Բայց «ոսկու» մասին չէինք մտածում։ Մեր ծրագրերը փոխվեցին ռուս շախմատիստուհիների հետ ոչ-ոքի անելուց հետո»։ Նելլի Աղինյան. «Մեկ պարտիա եմ խաղացել։ Բայց պատասխանատվությունն անչափ մեծ էր։ Երջանիկ եմ, որ թիմին հուսախաբ չարեցի։ Մեկ վրիպումը, կես միավորի կորուստը, ինչպես հետագայում երեւաց, ճակատագրական նշանակություն ուներ»։ Արսեն Եղիազարյան. «Տղաների չմասնակցելուց հետո հաջող մրցելույթներով մեր շախմատասերներին ուրախացնելը մեզ համար, պարզապես, հրամայական դարձավ։ Սկիզբը հաջող դասավորվեց։ Սկսեցինք ավելի հավատալ մեր ուժերին։ Առաջնությունում եղավ մի այսպիսի դեպք. Ռուսաստանի հավաքականի, որը դեռ հաղթելու հեռանկարներ ուներ, գլխավոր մարզիչը նրանց հետ հանդիպման վերջնական արդյունքի հարցով ինձ առաջարկեց ոչ-ոքի խաղալ։ Մեր աղջիկները վերելքի մեջ էին։ Մերժեցի։ Ճիշտ է, այդ պայքարում, այնուամենայնիվ, ոչ-ոքի գրանցվեց, բայց դա եղավ արդար պայքարում։ Ու այդ պահից էլ սկսվեց բեկումնային փուլը։ Հետագայում էլ մրցակիցները ինչ-ինչ քայլերի դիմեցին։ Օրինակ, վրացուհիները (նրանք իսկապես ուժեղագույններից են աշխարհում), վերջին տուրում թույլ տվեցին, որպեսզի հունգարուհիներն իրենց հաղթեն 2։0 հաշվով։ Բայց այդ հավանական պայմանավորվածությունը ընդամենը սփոփանքի դեր կատարեց։ Հունգարուհիները միավորներով հավասարվեցին մեզ, բայց առաջ անցնել չկարողացան։ Կարծիք կա, որ մեր հավաքականը պատահաբար Եվրոպայի չեմպիոն դարձավ։ Բայց դա այդպես չէ։ Մեր թիմը միակը եղավ առաջնությունում, որ ոչ մի պարտություն չկրեց ինչպես մատչերում, այնպես էլ առանձին տախտակների առջեւ։ Իսկ նման բան 9 տուր շարունակ պատահականորեն չի լինում։ Ճիշտն ասած, մեր բախտն ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, բերեց, որովհետեւ Եվրոպայի առաջնությունում կանայք մրցում են երկու տախտակի վրա։ Օլիմպիադայում գործում է երեք տախտակի կանոնը։ Այդ դեպքում մենք, գուցե, պայքարեինք բարձր տեղերի համար, բայց չեմպիոնության մասին մտածելը, անկեղծ ասած, այնքան էլ ռեալ չէր լինի»։ Ասուլիսում հերոսուհիներին, մարզչին, ֆեդերացիայի նախագահին տրվեցին բազմապիսի հարցեր, որոնց նրանք պատասխանեցին հնարավորին չափ մանրամասն։ Օրվա երկրորդ կեսին Եվրոպայի նորընծա չեմպիոնուհիների համար ընդունելություն էր կազմակերպել նաեւ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը եւ «Գրանդ Սան»-ի աշխատանքային կոլեկտիվը։ Ձեռնարկության մշակույթի պալատում Հրանտ Վարդանյանը, գրող, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ այլոք սրտանց շնորհավորեցին մեր հրաշալի եռյակին, մարզչին։ Նրանք նշեցին, որ շախմատիստուհիների այս նվաճումը միայն մարզական նշանակություն չունի հայ ժողովրդի համար։ Դա ազգային նոր զարթոնքի սկիզբ է, աշխարհին արժանապատիվ ներկայանալ, մի բան, որ մեզանում չէր եղել հեռավոր 1963 թվականից ի վեր, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատային աշխարհի 9-րդ գահակալը։ Եվ որպես պանծալի հայուհիների արածի գնահատական, Հրանտ Վարդանյանի եւ «Գրանդ Հոլդինգի» անունից Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Նելլի Աղինյանին եւ մարզիչ Արսեն Եղիազարյանին մատուցվեցին շքեղ ծաղկեփնջեր, նվերներ, յուրաքանչյուրին 500-ական դոլար դրամական խրախուսանք։ Վերջում կայացավ համերգային ճոխ ներկայացում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել