Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդ հարցեր են տալիս»

Հոկտեմբեր 24,2003 00:00

«Բարդ հարցեր են տալիս» Թե մեր ինչին է պետք «Լանդշաֆտի կոնվենցիան» եւ ինչ է նշանակում «ներդաշնակ կենսամիջավայր», ոչ ոք այդպես էլ չբացատրեց։ Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցում ՀՀ քաղաքաշինության նախարար Արա Արամյանի ողջույնի խոսքով բացվեց «Տարածական պլանավորումը եւ լանդշաֆտը» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին նաեւ Եվրախորհրդի փորձագետներ։ Քաղաքաշինության նախարարը եւ փոխնախարար Ռուզան Ալավերդյանը խանդավառված էին այն մտքից, որ Եվրոպայի լանդշաֆտի կոնվենցիային միացող ու ստորագրող պետությունների կոնֆերանսի առաջին արտագնա նիստը տեղի է ունենում հենց Հայաստանի Հանրապետությունում։ «Այն (կոնվենցիան) կոչված է միավորելու համընդհանուր ջանքերը, որոնք կուղղվեն երկրների համար համաձայնեցված նախադրյալների ստեղծմանը»,- իր ելութում փորձեց բացատրել Ա. Արամյանը։ Ողջ սեմինարի ընթացքում հնչող բոլոր զեկույցներում շարունակ կրկնվում էին «լանդշաֆտ» եւ «տարածական պլանավորում» հասկացությունները եւ շեշտվում դրանց կարեւորությունը։ Ռ. Ալավերդյանը հարկ համարեց նշել, որ Լանդշաֆտի կոնվենցիայի նպատակն է ստեղծել բարենպաստ ու ներդաշնակ կենսամիջավայր՝ ներկա ու գալիք սերունդների համար, ներկայացրեց նաեւ կոնվենցիայի գաղափարախոսությունը. «Ինչպես անել, որ այսօրվա պահանջներին համապատասխան բավարարվեն ներկա սերնդի պահանջմունքները (բնության, մշակութային, քաղաքաշինական, շինարարական խնդիրների առումով) եւ պահպանվի մեզ հասած ժառանգությունն ու սերունդներին փոխանցվի հնարավորինս անաղարտ կամ առավել բարելավված»։ Փոխնախարարը նաեւ շեշտեց, որ կոնվենցիան ընդգծված մարդասիրական բնույթ ունի։ «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ իմաստ են ներդնում բանախոսները այս բոլոր գեղեցիկ ձեւակերպումների մեջ։ Ի պատասխան՝ փոխնախարարը նորից կրկնեց. «Կոնվենցիան մարդասիրական բնույթ ունի, շատ պարզ է։ Փակագծերը բացելու համար շատ երկար պիտի խոսեմ»։ Քաղաքաշինության նախարար Ա. Արամյանից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կկորցներ Հայաստանը, եթե հանկարծ չստորագրեր վերոնշյալ կոնվենցիայի տակ։ «Դե ինչպե՞ս բացատրեմ,- դժվարացավ մտքերն ի մի բերել նախարարը,- դա նույնն է, որ տունը կառուցվի առանց տանիքի։ Հիմա դուք ասեք՝ կկորցնե՞նք, թե՞ չենք կորցնի ինչ-որ բան»։ Սեմինարի ընթացքում պարզեցինք, որ Հայաստանը 10-րդ երկիրն է, որ ստորագրել է կոնվենցիայի տակ։ Ի դեպ, ոչ նախարարը, ոչ փոխնախարարը չկարողացան հիշել, թե բացի Հայաստանից, ուրիշ ի՞նչ երկրներ են միացել կոնվենցիային։ Փոխարենը նշեցին, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է այս առումով, եւ դրա շնորհիվ մեր երկրում ավելի շուտ կստեղծվի բարենպաստ ու ներդաշնակ կենսամիջավայր՝ ներկա եւ գալիք սերունդների համար։ «Հետաքրքիր է՝ Ադրբեջանը կամ Վրաստանը, որ չեն միացել կոնվենցիային, մի՞թե դեմ են բարենպաստ ու ներդաշնակ կենսամիջավայրի ստեղծմանը» մեր հարցը ափերից հանեց քաղաքաշինության փոխնախարարին։ «Գիտեք, բարդ հարցեր եք տալիս։ Միայն մի բան կասեմ՝ բոլոր այն հարցերը, որ պիտի բարձրացվեն սեմինարում, շատ կարեւոր են մեր երկրի համար»,- ասաց Ռ. Ալավերդյանը։ Ելույթ ունեցավ նաեւ Եվրախորհրդի տարածական պլանավորման լանդշաֆտի բաժնի պետ Մագելոն դը Ժան-Փոն։ Նա նախ չափազանց մանրամասն ներկայացրեց Եվրախորհրդի պատմությունը (ստեղծումից մինչ օրս նրա նպատակները, կենտրոնը Ստրասբուրգն է եւ այլն), այնուհետեւ անցավ Լանդշաֆտի կոնվենցիային։ Ըստ տիկին Մագելոնի, կոնվենցիան «փորձելու է զարգացնել տեղական մշակույթները, միաժամանակ պահպանելով Եվրոպայի բնական ու մշակութային ժառանգությունը»։ Երեկ սեմինարին մասնակից էին դարձրել նաեւ երեխաներին։ Քաղաքաշինության նախարարության շենքում բացվել էր նրանց աշխատանքների ցուցահանդեսը՝ «Լանդշաֆտը՝ երեխաների աչքերով» խորագրով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել