Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հոկտեմբեր 24,2003 00:00

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Ամերիկահայ կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանը իր 65-ամյակը որոշել է տոնել Հայաստանում Հոկտեմբերի 24-ին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա հոբելյանական համերգ, որտեղ ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Գեւորգ Մուրադյան), դաշնակահարներ Աննա Մանդալյանը, Անի Եղիազարյանը, Մարի Մինասյանը, Արթուր Ավանեսովը, երգչուհի Գայանե Գեղամյանը եւ կլարնետահար Արմեն Ղազարյանը։ Հայկ Բոյաջյանի կապը հայրենիքի հետ սկսվել է 1978 թվականից՝ երաժշտագետ Ցիցիլյա Բրուտյանի շնորհիվ։ Հենց նա էլ կազմակերպիչն էր Հ. Բոյաջյանի առաջին հեղինակային համերգի, որ տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության դահլիճում։ Այդ օրվանից ի վեր, ամերիկահայ կոմպոզիտորը տարին երկու անգամ այցելում է Հայաստան։ Նման պատգամ նա ստացել է նաեւ հորից. «Տղաս, հայոց հողը պիտի տեսնես։ Այն քեզ կօգնի ստեղծագործելու»։ Այսօրվա համերգը նախաձեռնել է կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը՝ ՀՊՖՆ-ի հետ համատեղ։ Առաջին անգամ կհնչի կոմպոզիտորի թիվ 2 սիմֆոնիան, որ ձայնագրվել է Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ «Երկու տարի առաջ բարձրացել եմ Սեւանա լիճը գրկող լեռները։ Հրաշք էր։ Ու ծնվեց սիմֆոնիաս՝ գրված ամերիկյան հնդկական սրնգի (հիշեցնում է հովվական շվի), լարային խմբի եւ հարվածային գործիքների համար»,- տեղեկացրեց Հ. Բոյաջյանը։ Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է Ամերիկայում բնակվող ու ստեղծագործող հայաստանցի կոմպոզիտորներից։ «Տեղյակ չեմ։ Նրանք գալիս են, բայց չգիտեմ՝ ստեղծագործում են, թե ոչ։ Կարող եմ խոսել միայն բոստոնցի հայ կոմպոզիտորների մասին։ Ստեղծագործում են Ժան Սարգսյանը, Դայանա Գուլխասյան-Ռահբին եւ ես»,- ասաց կոմպոզիտորը, ավելացնելով, որ Ամերիկան մեծ երկիր է ու ինքը չի կարող ամեն ինչ իմանալ։ Բացի այդ, «հեռատեսիլների ծրագրերը, թերթերը կհայտնեն ու կգրեն միայն մարդասպանների ու կատաստրոֆաների մասին։ Ամերիկյան մամուլը բարության մասին քիչ է գրում»։ Հ. Բոյաջյանը նշեց, որ իր տիկինը շատ էր ցանկանում Հայաստան գալ. «Տիկինս պետք է բերեի, բայց Բոստոնի հայ թերթերուն մեջ այնքան էր գրված տակնուվրա եղած Երեւանի քանդված փողոցների մասին (նկատի ունի Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարությունը- Ս. Դ.), որ շրջապատս խորհուրդ չտվեց կինս վերցնեի։ Շիտակ ըսած՝ ինքն ալ վախեցավ»։ Հ. Բոյաջյանին Հայաստանում հետաքրքրում է ամեն ինչ՝ մշակույթից մինչեւ նախագահական ընտրություններ։ Ըստ նրա, «ֆրանսիացին քվեարկում է գիտնալով թեկնածուին, ամերիկացուն հետաքրքրում է իր ապագա նախագահի՝ Հոլիվուդի աստղի տեսք ունենալը, իսկ հայերը միայն բացասական գույներով են ամեն ինչ ներկայացնում»։ Նա խոսեց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Խաչատրյանի 100-ամյակի առթիվ կազմակերպված վերջին համերգների մասին։ «Տեղացի ուժերից բացի, Ամերիկա էին ժամանել կոմպոզիտոր Ալ. Չաուշյանը, ջութակահար Վիկտոր Խաչատրյանը, որոնց ջերմորեն է ընդունել հանդիսատեսը»,- հիշեց կոմպոզիտորը։ Հ. Բոյաջյանը բացի ստեղծագործելուց, դասախոսություններ է կարդում ամերիկյան հեղինակավոր համալսարաններում ու երաժշտական կենտրոններում։ Մեր զրույցին մասնակից կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը փաստեց, որ հայաստանյան մշակութային կյանքում գորշություն կա, որը որոշ «արտիստների» շնորհիվ «արտահանվում» է ամերիկաներ։ Ըստ Էդ. Սադոյանի, Հ. Բոյաջյանի համերգը միջոց է ցրելու առկա գորշությունը եւ մշակութային դաշտը լցնելու բարձրարվեստ երաժշտությամբ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել