Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում «կամիկաձեների» հետ

Հոկտեմբեր 24,2003 00:00

Հանդիպում «կամիկաձեների» հետ Երեկ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հանդիպում էր կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ընտրվել էին 26 հ/կ-ներ, որոնք մասնակցում են կոռուպցիայի դեմ պայքարին։ Նրանց մեջ ընդգրկված էին այնպիսիները, որոնք գոնե անվանումով հակակոռուպցիոն բնույթ չունեին (ինչպես, օրինակ, Մեքենաշինության արտադրանքի իրացմանն աջակցող կազմակերպությունը, Ազգային զարգացման կազմակերպությունը, տուրիզմի կամ օտարերկրյա ներդրումների ընկերություններ)։ Պրն Եսայանը նրանց ներկայացրեց այն խնդիրները եւ ուղղությունները, որոնք կնպաստեն հ/կ-ների մասնակցությամբ հակակոռուպցիոն շարժմանը։ Ուղղությունների մեջ նա կարեւորեց հակակոռուպցիոն ծրագրերի մշակումը եւ բացասաբար մոտեցավ հասարակության լայն շերտերի մեկուսացմանը այդ ծրագրերի նախնական մշակումից։ Բ. Եսայանը հայտարարեց, որ ինքը պայքարը սկսելու է «թույլ» ոլորտների վերահսկողությունից, այն է՝ առողջապահության եւ կրթության. «Այստեղ դաշնակիցներ չունենք եւ պետական գումարները ոչ նպատակին են ծախսվում»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջարկ է ստացել անհատական բողոքների համար սայթ բացել եւ խիստ կարեւորում է անհատական ահազանգերին պատասխանելը։ Հրավիրյալներից աչքի ընկավ Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը։ Թեւ ու թիկունք դառնալով Բ. Եսայանին, նա հայտնեց, որ իրենք՝ հավաքվածները «կամիկաձեներ» են եւ առաջարկեց ոլորտ-ոլորտ զբաղվել հակակոռուպցիոն պայքարով, քանի որ գտնում էր՝ «հիբրիդ սարքելը անիմաստ է»։ Հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը առանձնացրեց բնապահպանության ոլորտը կոռումպացվածության առումով։ Նա նկատեց, որ ձեւավորվող օլիգարխների դասը զուգակցվում է կոռումպացվածության հետ։ «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը ասաց, որ «բանակում կա այն՝ ինչ կա։ Բանակը մեր մի մասն է եւ ասել՝ այնտեղ ոչինչ չպիտի լինի, ճիշտ չէ»։ Նա հիշեցրեց Ռուզվելտի ընտրություններից երկու օր հետո տպագրված մի հրապարակում, որտեղ ասվել էր, թե ինչպես է Ռուզվելտը ձայներ գնել եւ նկատեց, որ կոռուպցիան նոր բան չէ։ «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդիկ Հովհաննիսյանի ասելով, «իր ոլորտը»՝ ավտոտեսուչները աչքի են ընկնում նրանով, որ կաշառքը վերցնում են հրապարակային։ Տեղից նրան ընդհատեցին, ասելով՝ «մանր-մունր բաներից մի խոսա»։ Հանդիպումը ավարտվեց Բագրատ Եսայանի լավատեսական տրամադրությամբ եւ նրա խոսքով. «Բոլոր պետական պաշտոնյաները չեն, որ կոռումպացված են։ Կան շատ ազնիվ մարդիկ, որոնք ամեն օր կատարում են իրենց պարտականությունները»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել