Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչ քաշողների» եւ «բեռ կրողների» հաշվետվությունը

Հոկտեմբեր 24,2003 00:00

«Խաչ քաշողների» եւ «բեռ կրողների» հաշվետվությունը Մանուկ Թոփուզյանը «անթաքույց հպարտությամբ» ներկայացրեց կառավարության «փայլուն աշխատանքը» Կառավարության երեկվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը ներկայացրել էր «2003թ. կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների կատարման 9-ամսյա հաշվետվությունը»։ «Կատարումն ապահովող կատարումը» պարոն Թոփուզյանը խոստացավ մատուցել անաչառ։ Եվ այդպես էլ արեց՝ օգտագործելով «անթաքույց հպարտությամբ», «փայլուն աշխատանք», «փորձն ապացուցել է, որ ճիշտ մարտավարություն ենք ընտրել» արտահայտությունները։ Սակայն դա, ըստ հռետորի, «ինքնաներկայացում» չէր։ Խոսքը, հավանաբար, ինքնագովազդի մասին էր։ Կառավարության գործունեության թափանցիկության մասին լրագրողի հարցին ի պատասխան, նա լրագրողներին խնդրեց բացատրել՝ «ի՞նչ կնշանակի կառավարության գործունեության թափանցիկություն եւ ո՞վ է որոշում այն»։ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանն ասաց, որ երրորդ տարին է, ինչ նախարարությունները տարեվերջին հաշվետու են լինում, կառավարության գործունեության ծրագիրը, դրա կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ամենամսյա ցանկը հրապարակվում է մամուլում, դրվում կառավարության ինտերնետային էջում կամ տարածվում ԶԼՄ-ներով։ «Ձեր կողմից, ցավոք սրտի, լուրջ վերահսկողություն այդ ամենի նկատմամբ չի եղել»,- լրագրողներին դիմելով ասաց Մ. Հարությունյանը։ Ի դեպ, նշենք, որ պետական մարմինների գործունեության թափանցիկության աշխարհում ընդունված չափանիշը, համենայնդեպս մինչեւ երեկ, ավելի շուտ հասարակության մասնակցության աստիճանն է որոշումների կայացմանը, քան պոստֆակտում տեղեկացվածությունը արդեն կատարվածներին։ Այս տարվա համար նախատեսված 236 միջոցառումներից չի կատարվել 21-ը։ 50 հանձնարարականի էլ կատարման ժամկետներն են հետաձգվել։ Այդ չկատարված միջոցառումները ամենեւին էլ առանձին գերատեսչությունների եւ, առավել եւս, կառավարության թերացման արդյունք չեն։ Հակառակը՝ որոշակի օրենքների ընդունումն ապահովել է որոշակի հարցերի լուծումը, բայց արդեն՝ իրավական այլ հարթությունում։ Չկատարված 21 միջոցառումների թվարկման՝ իր բնորոշմամբ՝ «տաղտուկից» լրագրողներին ազատելու համար պարոն Թոփուզյանը բերեց միայն մեկ օրինակ. «Ջրային օրենսգրքից» բխող անհրաժեշտ որոշակի օրենսդրական ակտեր չեն ընդունվել։ Մ. Թոփուզյանն ակնհայտ հաճույքով, իր ասելով՝ «անթաքույց հպարտությամբ» պատասխանեց այն հարցին, թե կատարված միջոցառումներից որն է ամենահաջողը համարում։ Դա «փայլուն աշխատանք»՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն է։ Նաեւ այն ընդունված օրենքները, որոնք ԱԺ ներկայացվել են կառավարության նախաձեռնությամբ։ Կոալիցիոն փոխնախարարների նշանակման մասին հարցին պատասխանելիս, կառավարության աշխատակազմի ղեկավարը շատ կարեւորեց մարդկային գործոնը։ Իսկ «ինտելեկտուալ ներուժը չափելու գործիք, ցավոք սրտի, դեռ չի ստեղծվել», թեեւ մի քիչ առաջ հենց ինքն էր ասել, որ «պաշտոնի նշանակելուց առաջ այդ մարդու կամային, ինտելեկտուալ ներուժը» պետք է հաշվի առնվի։ Պարոն Թոփուզյանը կարծում է, որ կոալիցիան շահագրգիռ է, որ, իր բնորոշմամբ՝ «բանական մարդիկ» նշանակվեն, քանի որ նրանք «գալու են կառավարություն՝ բեռ կրելու, խաչ քաշելու»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել