Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳ Է

Հոկտեմբեր 24,2003 00:00

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳ Է Ըստ Դավիթ Շահնազարյանի, տարածաշրջանի որեւէ երկիր չի կարող բարգավաճել մյուսի հաշվին Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր հերթական սեմինարը, որն այս անգամ նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը: ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանն իր անձնական տեսակետն արտահայտեց հակամարտության շուրջ բանակցությունների խնդրի վերաբերյալ: Ըստ բանախոսի, քաղաքական գործոն է ոչ միայն բանակցային գործընթացի բովանդակությունը, այլեւ՝ ձեւը: Բովանդակային մասին էր առնչվում, թերեւս, նրա այն միտքը, որ հակամարտության լուծման հիմքում հարկավոր է դնել «մարդու իրավունքների փիլիսոփայությունը»: Անդրադառնալով «ձեւին», նա նկատեց, որ «Հայաստանը կարող է հրաժարվել իր՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ անհամաձայնության կարգավորման պատասխանատվությունից», բացի այդ «Հայաստանը կարող է բանակցությունների ճանապարհով կարգավորել իր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ»: Ըստ Մանվել Սարգսյանի՝ «Եթե ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ կա կոնֆլիկտ, եւ կան այդ կոնֆլիկտի հետեւանքները, ապա դրա պատասխանատվությունը կրում են ԼՂ-ն եւ Ադրբեջանը: Այդ հետեւանքները՝ փախստականներ, տարածքներ եւ այլն, Հայաստանին չեն վերաբերում, դրանք պետք է քննարկեն ԼՂ-ն ու Ադրբեջանը»: Իսկ ահա Հայաստանը կարող է ստանձնել երաշխավորի դերը: Այս տեսակետը կարծես կիսում էր նաեւ հաջորդ բանախոսը՝ «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը: Նա հիշեցրեց, որ ԼՂ-ն՝ որպես բանակցային կողմ դուրս մղվեց 1998-ին՝ երբ փոխվեց իշխանությունը: Վեց տարի շարունակ, Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների սեղանին էր նստել (թեեւ արդեն բոլորը խոստովանում են, որ Քոչարյան-Ալիեւ բանակցություններն անպտուղ էին), դրանով իսկ վերածվելով հակամարտող կողմի, եւ հիմա նոր վերսկսվել են խոսակցությունները, որ անհրաժեշտ է ԼՂ-ին ուղղակիորեն ներգրավվել բանակցային գործընթացում: «Այս իշխանությունները ընդունում են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության շրջանում ամրագրված առաջին սկզբունքը, համաձայն որի Հայաստանը ԼՂ անկախության եւ անվտանգության երաշխավորն է, բայց չեն ընդունում մյուս կարեւոր սկզբունքը, այն է՝ Հայաստանը համաձայն է ցանկացած որոշման, որը կընդունվի ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ»,- ասաց բանախոսը: Դավիթ Շահնազարյանը շեշտեց եւս մի կարեւոր տարաձայնություն՝ ներկա եւ նախկին իշխանությունների որդեգրած սկզբունքների մեջ՝ կապված Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային զարգացման հետ: «Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական զարգացումների մեջ պիտի հանդես գա որպես մի համակարգային միավոր: Այսինքն՝ Կովկասի որեւէ երկրի անվտանգությունն ու բարգավաճումը չպիտի հիմնվի ի հաշիվ այլ երկրի անվտանգության եւ բարգավաճման: Այս առումով, մենք լուրջ տարաձայնություններ ունենք ներկա իշխանությունների հետ: Մենք միշտ գտել ենք, որ որքան արագ Թուրքիան ինտեգրվի Եվրոպային, այնքան լավ մեզ համար: Նույնը նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի դեպքում: Այս երկրներից յուրաքանչյուրի զարգացումը նպաստավոր է նաեւ մեզ համար»: Եվրոատլանտյան դաշինքը, որին փորձում են ինտեգրվել Ադրբեջանն ու Վրաստանը, նրանց համար նախապատրաստում է այդ զարգացումը: Այնինչ, Հայաստանն, ընտրելով ԱՊՀ-ն եւ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի դաշտը, դուրս մնաց կարեւոր քաղաքական զարգացումներից: «Մենք ունենք մի հինգ-վեց տարի ժամանակ՝ Եվրոպայի մաս դառնալու համար: Եթե այդ հնարավորությունը բաց թողնենք, մեր գնացքը կգնա»,- զգուշացրեց Դավիթ Շահնազարյանը: Վերադառնալով ղարաբաղյան կոնֆլիկտին, պրն Շահնազարյանը նշեց, որ չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը այն դեպքում, եթե դրսի ուժերի կողմից ճնշումը հակամարտող կողմերի վրա չլինի բավականաչափ ուժեղ: Ըստ պարոն Շահնազարյանի, աշխարհի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, նաեւ ԵՄ, շահերը համընկնում են՝ Հարավային Կովկասը կայուն տեսնելու հարցում, եւ շուտով նրանց կողմից ճնշումներ կլինեն ՀՀ եւ Ադրբեջանի ոչ լեգիտիմ իշխանությունների վրա. «Կլինե՞ն դրանք այնքան ուժեղ, որ հակամարտող կողմերը գնան լուրջ քայլերի՝ չգիտեմ: Բայց որ նոր առաջարկություններ չեն լինի, այլ կլինեն միայն եղած առաջարկությունների մոդիֆիկացիաներ՝ վստահ եմ»: Իսկ ռազմական գործողությունները վերսկսվելու դեպքում՝ «մոռացեք այն, ինչ եղել էր մինչեւ հիմա, եթե դրանք նորից սկսվեն, կլինեն բացարձակապես այլ որակի գործողություններ: Դա կլինի ՆԱՏՕ-ի եւ սովետական մոդելների բանակների բախում»: Բնականաբար, այս դեպքում ՆԱՏՕ-ի մոդելի բանակը ներկայացնում է Ադրբեջանը: Իսկ դա ոչ մի լավ բան չի խոստանում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել