Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ԱԶԱՏԻ ԳՈՐԾԻՑ

Հոկտեմբեր 24,2003 00:00

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ԱԶԱՏԻ ԳՈՐԾԻՑ «Արդարության» հանրահավաքում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ ի՞նչ երկրորդական խոսակցություն է՝ իբր, օրենք պետք է հնարենք, եւ կոռուպցիա պետք է չլինի: Լավ, պա՞րզ չեն կառավարության այն անդամները, որոնք թաթախված են կաշառակերության մեջ: Եթե դատական գործ չեն կարող բացել՝ գոնե կարո՞ղ են հանել: Թող նրանք 3-4 հոգի հանեին, որ մենք համոզված լինեինք, թե անկեղծ են գոնե այդ հարցում»: «Առավոտի» հարցին՝ մտադի՞ր չեն առաջարկված ձեւով ապացուցել իրենց անկեղծությունը՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Հարցը նախ իրավական հարթության վրա է: Եթե որոշակի անձնավորության ներկայացնում ես որոշակի մեղադրանք՝ պետք է այն հիմնավորված լինի: Միայն ասելով չէ. եթե կան կեղծիքներ, բացահայտումներ, եւ ապացուցվում են այդ փաստերը, բնականաբար՝ առաջնահերթ ձեւով պետք է հետապնդվեն այդ պաշտոնյաները: Աշխատանքից ազատելու եւ մարդուն, ըստ էության, վարկաբեկելու համար եւս պետք է լինեն շատ լրջորեն հիմնավորված փաստեր: Եվ մենք հույս ունենք, որ ընդհանուր համակարգային մոտեցման շնորհիվ, երբ սկսվի հակակոռուպցիոն ծրագրի իրագործումը՝ կունենանք նաեւ այդպիսի պահեր: Ի վերջո, կոռուպցիան մեզ ուղեկցում է խորհրդային շրջանից սկսված, բայց անկախությունից հետո՝ տնտեսության եւ քաղաքական դաշտի ձեւափոխումների հետեւանքով, ԱՊՀ բոլոր երկրներում սա դարձավ շատ լուրջ խնդիր: Կոռուպցիան հաղթահարելու համար պետք է գտնվեն արմատական լուծումներ: Մեր սկզբունքային մոտեցումն է, թե պետք է փորձենք երկիրը դնել միջազգային վերահսկողության ներքո: Գտնում ենք, թե Հայաստանում այս խնդիրն այնքան է հասունացել, որ ճիշտ կլինի, եթե միջազգային աուդիտորական համակարգ մտնի այստեղ եւ մեր երկիրը ստանձնի ժամանակացուցային պարտավորություններ: Իմ խորին համոզմամբ, սա կարող ենք անել միայն միջազգային կազմակերպությունների օգնությամբ, քանի որ այս ամենը ե՛ւ մեծ ծախսեր են, ե՛ւ նաեւ որոշակի ճնշում է երկրի վրա: Սա այն դեպքն է, երբ նման ճնշումը, իմ խորին համոզմամբ, միայն դրական նշանակություն կունենա մեր երկրի համար»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել