Չուբայսը «վերցնելու» խնդիր չունի Հայաստանն ինքն է տվել Երեկ սկսվեց ու ավարտվեց ՌԴ «Աջ ուժերի միության» համանախագահ, «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (PAO-ժնհ) ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսի վեցժամյա այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցի արդյունքում ստորագրված միակ թուղթը դժվար է փաստաթուղթ անվանել, քանի որ պարզապես համագործակցության խորացման մասին մեկ-երկու տող էր պարունակում։ Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք այցը նախընտրական չէ, Չուբայսը բացասաբար պատասխանեց՝ չմոռացավ շեշտել, որ այն, ինչ անում է ինքը որպես PAO-ժնհ-ի ղեկավար, համահունչ է աջ ուժերի միության ծրագրերին։ «Առավոտի» հարցին՝ հաջողվե՞ց «վերցնել Հայաստանը», ինչպես վերջերս հայտարարել էր պրն Չուբայսը, իսկ եթե չհաջողվեց, ապա ո՞վ նրան խանգարեց այդ բանն անել։ Անատոլի Բորիսովիչը նախ ասաց, թե «վերցնելու» խնդիր չկա. «մենք փոխադարձ լուրջ հետաքրքրություններ ունենք բիզնեսի զարգացման հարցում, բիզնեսի զարգացում է, ու ռուսաստանյան ներդրումների հոսք է։ Սա այն է, ինչով հետաքրքրված են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը։ Սա նշանակում է ոչ թե «վերցնել», այլ՝ «համագործակցություն»։ Իսկ ինչ վերաբերում է խանգարողներին, ապա իհարկե, Վրաստանում լրջորեն էին խանգարում։ Այնտեղ լուրջ մրցակցություն կար ամերիկյան էներգետիկ ընկերության հետ։ «Եվ գործն ավարտվեց նրանով, որ այդ ընկերությունը մենք գնեցինք»։ Իսկ Հայաստանո՞ւմ. «այստեղ բոլորովին այլ զգացողություն ունեմ»։ Վարչապետ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ պրն Չուբայսը պարզաբանեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի գները զգալիորեն ավելի ցածր են, քան Վրաստանում. «մշակելով մեր տնտեսական որոշումները, չենք կողմնորոշվում Հայաստանում էլեկտրաէներգիայի գների ինչ-որ որոշակի թռիչքների։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ հայկական էներգետիկան անջատված չէ տնտեսությունից, բայց մեր որոշումները հիմնված են այն բանին, որ եթե նույնիսկ չկանգնեցնել, ապա գոնե դանդաղեցնել ինֆլյացիան, դանդաղեցնել գների բարձրացումը Հայաստանում։ Եթե դուք (հավանաբար, Հայաստանը.- Մ. Ե.) մեզ մի փոքր հնարավորություն տաք աշխատել եւ հասկանալ տնտեսության իրական վիճակը, ապա այդ դեպքում սակագների հարցին մենք կկարողանանք պատասխանել ավելի կոնկրետ եւ հստակ»։ Թեպետ սրանից առաջ Ա. Չուբայսն ասաց, որ «տարիֆային քաղաքականությունը թե՛ ձեզ մոտ, թե՛ մեզ մոտ կառավարությունն է որոշում եւ ոչ թե ընկերությունը»։ Երեկ Չուբայսը հանդիպեց նաեւ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ եւ բացատրեց. «Մեր գնային քաղաքականությունը կլինի կառավարության հետ երկխոսության արդյունքում»։ Հայկական ատոմակայանի մասին հարցին պատասխանելով, Ա. Չուբայսն ասաց, որ ատոմակայանում լուրջ պրոբլեմ է ֆինանսական կողմը, վառելիքի հարցը, ինչի բացակայության պատճառով էլ, ըստ էության, ատոմակայանն անցած ձմեռ կանգնեց. «Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ես կարծում եմ, ատոմակայանի հետ կապված չի լինելու ոչ մի հեղափոխական որոշում»։ Որոտանի կասկադի մասնավորեցման հետ կապված, PAO-ժնհ-ը դեռեւս ծրագիր չունի. «Այս պահին մենք չունենք Որոտանի կասկադի ձեռքբերման ծրագիր, բայց եթե ինչ-որ պահի հարցը հասունանա, մենք կառաջնորդվենք այն իրողությամբ, որ այսօր բավականին լուրջ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, Հայաստանի 80 տոկոս էներգետիկ հզորությունների համար։ Մենք լավ փոխհարաբերություններ ունենք հայկական էներգետիկների հետ, բայց մենք պետք է ապացուցենք գործով (չասաց, թե ինչը.- Մ. Ե.)։ Սա առաջին պահանջն է, որ մենք դրել ենք մեր առաջ։ Դա վերաբերում է Սեւան-Հրազդան կասկադին, Հայկական ատոմակայանին, Հրազդանի ՊՇԷԿ-ին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ