Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՆՈՐԻՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 24,2003 00:00

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՆՈՐԻՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ Ընտրապայքարն այստեղ նմանվում է կլանային վենդետայի Որ 1999-ին Աջափնյակի թաղապետի արյունոտ ընտրություններից հետո, համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններն էլ, մեղմ ասած, հարթ չեն անցնելու՝ պարզ էր դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցելու են երկու հին թշնամական գերդաստանների ներկայացուցիչներ. մի կողմից՝ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, մյուս կողմից՝ 99-ին նրա մրցակից Աշոտ Աղաբաբյանի հարազատներից մեկը՝ Արման Սահակյանը: Սպասվում էր, որ կլինեն ընտրակեղծիքներ, ընտրակաշառք բաժանելու, ընտրողներին ահաբեկելու դեպքեր, քվեարկության օրը, գուցե նաեւ, լոկալ ձեռնամարտեր, դանակահարություններ, կրակոցներ: Բայց, որ շաբաթն ուրբաթից շուտ էր գալու՝ քչերը կարող էին կանխատեսել: Երեկ սակայն պարզվեց, որ այս համայնքում ընտրությունները քրեական հակամարտություն դարձնելը տխուր ավանդույթ է դառնում: Ահավասիկ, հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ Մաշտոցի ոստիկանության բաժնում Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածու Արման Սահակյանի կենտրոնական շտաբից ստացվել էր առաջին ահազանգը: ՀՀ ոստիկանության պաշտոնական ամփոփագրի համաձայն, Շիրազի փողոցի 46 շենքում դանակահարվել է Արայիկ Առաքելյանը: Նույն օրը ժ. 06:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արայիկը որովայնի շրջանում կտրած, թափանցիկ վերքերով իրենց մոտ է տեղափոխվել: «Արմենիա» ՀԲԿ մեկնած օպերատիվ քննչական խմբին Առաքելյանն ի վիճակի չի եղել հայտարարություն տալ եւ երեկ ժ. 18:30-ի տվյալներով, գտնվում էր ետվիրահատական շրջանում: Նույն օրը, ժ. 06:45-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հայտարարություն է տվել Կարո Մարգարյանը, որն աշխատում է Շիրազի փողոցի 46 շենքի մոտ գտնվող առեւտրի կրպակում՝ որպես թերթ վաճառող, այն մասին, որ հոկտեմբերի 22-ին, ժ. 23:30-ին Շիրազի փողոցում առեւտրի կրպակում աշխատելիս կրպակին է մոտեցել իրեն անծանոթ 30-35 տարեկան մի քաղաքացի եւ ձեռքերով հարվածել իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վերոհիշյալ դեպքերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանության ամփոփագրում հատուկ շեշտված է, որ «Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածուներից որեւէ մեկի նախընտրական շտաբների վրա հարձակումներ չեն եղել»: Արձագանքելով ՀՀ ոստիկանության այս վերջին պնդմանը թաղապետի թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները երեկ եւս մեկ անգամ պնդեցին, որ Շիրազի 46 հասցեում տեղակայված իրենց նախընտրական ենթաշտաբի վրա հարձակում եղել է եւ նրա աշխատակիցներն են ծեծի ենթարկվել, կատարվածը գնահատելով իրբրեւ գործող թաղապետի կողմնակիցների կազմակերպած սադրանք: Երեկ էլ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն է հայտարարել, թե իր որդու ենթաշտաբի վրա հարձակվողները եղել են գործող թաղապետի զինակիցները, ովքեր ենթաշտաբը փակելու ժամանակ պոկել են Ա.Սահակյանի գովազդային պաստառները եւ դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն նախընտրական շտաբի աշխատակիցներին, այլեւ դանակահարել շտաբի անդամներից մեկին՝ Արայիկ Առաքելյանին, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ծեծել են նաեւ հարեւան կրպակի վաճառողներին, ովքեր ոչ մի առնչություն չեն ունեցել նախընտրական շտաբի հետ: Նրանցից մեկը, Գ.Սահակյանի փոխանցմամբ, թեթեւ մարմնական վնասվածքվ մի երիտասարդ է, մյուսը՝ ուղեղի ցնցում ստացած մի կին: «Աջափնյակում ոչ թե մրցակցային պայքար է գնում, այլ նորից ձեւավորվել է մի ոհմակ, որը մեկ ամիս անընդհատ հասարակության առաջ խոսում էր արյուն թափելու մասին»,- երեկ հայտարարել է Գ.Սահակյանը: ՀՀ ոստիկանությունում չհաստատեցին վերջինիս հայտնած այն տեղեկությունը, թե դեպքի առնչությամբ չորս հոգի արդեն ձերբակալվել են: Երեկ նաեւ Աջափնյակի գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն է արձագանքել տեղի ունեցածին՝ հայտարարելով, թե դրա հետ ինքը կապ չունի, թե կատարվածը թաղապետի թեկնածու Ա.Սահակյանի կողմնակիցների ձեռագիրն է: Մինչդեռ այն, ինչ երեկ երեկոյան տեղի է ունեցել Աջափնյակի Հալաբյան փողոցի մարզահրապարակում թեկնածու Արման Սահակյանի եւ փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, վկայում է, որ գործող թաղապետն այնքան էլ հակված չէ թույլ տալ, որ իր մրցակցի քարոզարշավը հալած յուղի նման անցնի: Ականատեսների վկայությամբ, հիշյալ հանդիպման ժամանակ հենց որ Ա.Սահակյանը սկսել է քննադատել գործող թաղապետին՝ նրան մեղադրելով, մասնավորապես, ֆինանսական չարաշահումների, վթարային շենքերի բնակիչներին հատկացված գումարների յուրացման մեջ, հարակից բոլոր շենքերը հոսանքազրկվել են եւ թեկնածուն, որ, հավանաբար, պատրաստ է եղել դրան, միկրոֆոնը փոխարինել է մեգաֆոնով: «Հենց Ա.Սահակյանի հետ հանդիպումն ավարտվեց, հոսանքը վերականգնվեց»,- հավաստիացրեց փողոցի բնակիչներից մեկը: Մինչեւ նոյեմբերի 2-ը դեռ ժամանակ կա, իսկ արդեն այսօր՝ ստեղծված լարված իրավիճակը նկատի ունենալով, դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ զարգացումներ կունենան, առավել եւս, որ հայտնի է, թե թեկնածուներից ով իշխանական լծակների իր արսենալում էլ ինչ «զինատեսակներ» ունի: Առայժմ հայտնի է, որ թեկնածու Ա.Սահակյանին աջակցում են ՀՀԿ-ն եւ իշխանական կոալիցիան, իսկ գործող թաղապետին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը: Վերջինս, ի դեպ, թաղապետին իր աջակցությունը, ըստ մեր տեղեկությունների, բացատրել է Ա.Խաչատրյանի՝ իր համերկրացին լինելու եւ նաեւ այն հանգամանքով, որ Աջափնյակի բնակիչները, որոնց, 70 %-ը, իր տվյալներով, ապարանցիներ են, պաշտպանում են հենց նրա թեկնածությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել