Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հոկտեմբեր 23,2003 00:00

ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԵԼԻՑԻՆ Օրերս Երեւանի Նոր Զեյթուն թաղամասը նշեց իր հիմնադրման 56-րդ տարեդարձը։ Այլեւայլ միջոցաումների շարքում իր արժանի տեղն ունեցավ նաեւ ձյուդոյի մրցաշարը, որին մասնակցեցին ինչպես Հայաստանի մարզերից, այնպես էլ՝ Արցախից, Ջավախքից ու Վրաստանից ժամանած մարզիկներ։ Սպասվում էր, որ մրցաշարում հանդես կգան նաեւ Պակիստանի ու Իրանի ներկայացուցիչները, սակայն ինչ-ինչ պատճառներով դա այս անգամ չհաջողվեց։ Ձյուդոն, ինչպես ասաց մրցումների գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, վերջին մի քանի տարիներին է սկսել վերելք ապրել Հայաստանում։ Թեեւ դա մեծ նվաճումների հասնելու համար շատ կարճ ժամանակահատված է, այդուհանդերձ, ձեռքբերումներ, ու բավականին ծանրակշիռ, արդեն ունենք։ Մասնավորապես, Արմեն Նազարյանը վերջերս Երեւանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Այդ ժամանակ կարծիքներ արտահայտվեցին, թե դա ինչ-որ տեղ պատահականություն էր։ Սակայն Արմենն այդ բոլոր խոսակցություններին վերջ տվեց դրանից հետո արդեն Հայաստանից դուրս մարզաձեւի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելով։ Հիմա Արմեն Նազարյանը մարզաձեւում բավականաչափ ճանաչում ունի եւ մեր օլիմպիական հույսերից է այն առումով, որ առաջիկայում վարկանիշային մրցաշարում եկող տարի Աթենքի ուղեգիր նվաճելու իրական հնարավորություններ ունի։ Ձյուդոն բարդ մարզաձեւ է։ Սակայն համապատասխանում է հային։ Այսօր հանրապետությունում կան նաեւ ուրիշ խոստումնալից մարզիկներ՝ Լեւոն Գալստյան, Վարուժան Իսրայելյան, Հարություն Ղարիբյան։ Դավիթ Խիթարյանը Նոր Զեյթուն թաղամասի հիմնադրման տարեդարձի առիթով միջոցառումների շարքում մարզական մրցությունը կարեւորեց նրանով, որ՝ «Սպորտը նաեւ մանկավարժական դերակատարություն ունի։ Այն նպաստում է երեխաների ներդաշնակ զարգացմանը։ Սպորտը, այդ թվում նաեւ ձյուդոն, սովորեցնում է մանուկ հասակից քո առջեւ դնել նպատակ ու պայքարել դրան հասնելու համար։ Այդ ընթացքում լինում են նաեւ պարտություններ, որոնք նույնպես պետք է կարողանալ ընդունել արժանապատվորեն ու շարունակել պայքարել, հասնել ու զգալ հաղթանակի բերկրանքը։ Այս ամենը շատ անհրաժեշտ են այսօրվա երիտասարդներին»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել