Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն հարգանքի տուրք է մատուցում Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն։ Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում նա հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կատարվեց Մ. Ռավելի Սոլ-մաժոր կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար։ Դաշնակահարը հիշեց, որ առաջին անգամ 33 տարի առաջ է մենահամերգով հանդես եկել Հայաստանում։ Այսօր, ըստ նրա, մեր երկիրը փոխվել է բոլոր առումներով, այդ թվում՝ նաեւ մշակութային։ Տիոլիեի կարծիքով, աշխուժացել են կապերը Հայաստանի եւ աշխարհի մշակութային կենտրոնների միջեւ։ Դեռ 60-ական թվականներից դաշնակահարը բարեկամական կապեր էր հաստատել Առնո Բաբաջանյանի հետ։ «Առնոյի հետ խոսում էինք ոչ միայն արվեստից, այլեւ Սովետից, տիրող կարգերից»,- հիշեց դաշնակահարը։ Ի դեպ, ութ միջազգային Գրան պրիների դափնեկիրը ժամանակին Մոսկվայում, Չայկովսկու անվան միջազգային մրցույթում, ի թիվս համաշխարհային գրականության այլ երկերի, կատարել է նաեւ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային մանրանվագները։ Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն փաստեց, որ շատ է շփվել հատկապես սփյուռքահայերի հետ (ոչ միայն երաժիշտների). «Շուրջ 20 տարի մտերիմ եմ ֆրանսահայ հասարակական գործիչ, հայտնի սրտաբան Ժիրայր Դինանյանի հետ»։ Վերջինիս առաջարկով, ինչպես տեղեկացրեց Ֆ. Տիոլիեն, պատրաստվում են Ֆրանսիայում հիմնել գրադարանային ցանց, որը հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հայազգի կոմպոզիտորներին ու նրանց երկերին։ «Սա, բնականաբար, Սփյուռք-Հայաստան կապի նոր դրսեւորում կլինի»,- համոզված է դաշնակահարը։ Ֆ. Տիոլիեին միշտ գրավել է հայկական կրակոտ խառնվածքը, օրինակ, Մ. Ռավելի Դաշնամուրի սոլ-մաժոր կոնցերտի իր պարտիտուրում նշաններ է արել. «Դասական եռամաս ձեւում շարադրված այս գործը միավորում է ժողովրդապարային մոտիվներ եւ ջազային երաժշտությանը բնորոշ տարրեր։ Հենց այդ մասերում նկարել եմ սղոց, որը ինձ հուշում է՝ պետք է կատարես կրքոտ, կրակոտ, այնպես, ինչպես Խաչատրյանի ստեղծագործություններում է»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ընդհանրություններ տեսնո՞ւմ է դաշնակահարը Խաչատրյանի հանրահայտ երկերի որոշ հատվածների ու Ռավելի ձեռագրի միջեւ։ «Արվեստի յուրաքանչյուր տեսակ հիմնված է փոխազդեցությունների վրա եւ կարծես մեկը մյուսին լրացնում է։ Ես երկու մեծ կոմպոզիտորների գործերը նմանեցնում եմ նվագախմբային գույների առումով»,- ասաց Ֆ. Տիոլիեն։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչ, հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանից փորձեցինք պարզել՝ որքա՞ն է աշխարհահռչակ դաշնակահարի երեւանյան հոնորարը։ Տնօրենը խոստովանեց. «Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն հոնորարի համար չի եկել Հայաստան, նա հարգանքի տուրք է ուզում մատուցել Խաչատրյանին։ Բացի այդ, ունի բազմաթիվ հայ ընկերներ։ Իհարկե, մենք նրան հայտնել ենք սիմվոլիկ ֆինանսական շնորհակալություն»։