Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանցված օպտիմալացում

Հոկտեմբեր 23,2003 00:00

Չափազանցված օպտիմալացում Գյումրու թիվ 37 դպրոցում նորանշանակ տնօրենը նախկինում «լույսի մարդ» էր Օրերս «Առավոտը» ստացել էր բողոք Գյումրիի թիվ 37 դպրոցի մի խումբ ուսուցիչներից ու նախկին փոխտնօրեններից, իրենց բնութագրմամբ՝ դպրոցում կատարվող անօրինականությունների վերաբերյալ: Վերջիններս մեղադրում են նոր տնօրեն Արթուր Սիմոնյանին (նա աշխատում է 2001-ից) «կոլեկտիվի մեջ թշնամանք սերմանելու, խաբարբզիկությունն ու բամբասանքը որպես աշխատաոճ ընտրելու, փորձառու մանկավարժներին անարգելու, նրանցից շատերին ապրուստի միջոցից զրկելու» մեջ: Ուսուցիչների պնդմամբ, երիտասարդ տնօրենը, չլինելով մանկավարժ, (դպրոցի տնօրեն աշխատելուն զուգընթաց աշխատել է էլցանցում՝ որպես տեղամասային տեսուչ) ոչ միայն չի հասկանում, այլեւ չի հետաքրքրվում ուսումնադաստիարակչական հարցերով: Այս ամենը գուցե այդքան չզայրացներ մանկավարժներին, եթե տնօրենը կարճ ժամանակահատվածում բարեկամաընկերական շրջապատը դպրոց չտեղափոխեր (այս մասին տնօրենը մեզ հետ զրույցում չէր էլ թաքցնում) ու բողոքավորների խոսքերով՝ «հին կադրերի գենոցիդ չաներ»: Արթուր Սիմոնյանն իր հերթին հին անձնակազմին մեղադրում է վաղեմի սովորույթներով առաջնորդվելու, աշակերտներից ակնկալիքներ ունենալու, տոներին նվերների մեծ ախորժակ պահելու մեջ: Նա շեշտում է նաեւ դպրոցում կատարած իր բարեփոխումները. օրինակ՝ նկուղներում լցված կեղտաջրերը մաքրելը, թալանված գույքը նորով փոխարինելը, կոմունալ հարցերը լուծելը: Սակայն, ինչպես հասկացանք, տնօրենին բարեփոխումները շատ են դուր եկել ու կադրային հարցին էլ նույն մոտեցումն է ցուցաբերել: Երկու տարվա ընթացքում նա հասցրել է ազատվել նաեւ երեք փոխտնօրեններից: Նրանցից մեկը՝ Վարդուհի Մարտիրոսյանը, թեեւ դատարանում վերականգնել է իր աշխատելու իրավունքը, սակայն տնօրենի անհարգալից վերաբերմունքի պատճառով մինչ օրս չի վերադարձել աշխատանքի: Մյուսը՝ Ռոզա Համազարյանը, մեր հարցումներով քաղաքում հայտնի է որպես ֆիզիկայի հմուտ մասնագետ ու մանկավարժ: Երրորդին թերեւս օրենքով է ազատել, չնայած նա չափազանց առույգ թոշակառու է : Ի դեպ, այս պատմություններին տեղյակ են թե՛ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում, թե՛ Շիրակի մարզպետարանում, թե՛ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, թե՛ նախագահի ու վարչապետի աշխատակազմում ու գլխավոր դատախազությունում: Միայն ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունը հետազոտությունների արդյունքում որոշ խախտումներ է հայտնաբերել: Դրանցից մեկը վերաբերում է դպրոցի ընդունելությանը, որ իրականացվել է երեխաներից քննություն վերցնելու արդյունքում: Մյուս խախտումն այն է, որ դպրոցական խորհրդում ծնողների թիվը սահմանվածից քիչ է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել