Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

Հոկտեմբեր 23,2003 00:00

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ամբաստանյալ Արմեն Սարգսյանի վատառողջության մասին խոսվում է նրա կալանավորումից ի վեր՝ արդեն ութ ամիս: Ամբաստանյալի պաշտպանները դեռ քրգործի նախաքննության ընթացքում էին միջնորդել Ա.Սարգսյանին տեղափոխել բուժկետ՝ ստացիոնար բուժում ստանալու համար, ինչը մերժվել էր այն պատճառաբանությամբ, թե մեկուսարանում նրան պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերվում է: Քրգործի դատաքննության դեռ առաջին նիստերից մեկում էլ պաշտպանները կրկին անդրադարձան այս հարցին՝ միջնորդելով դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ պարզել՝ իրենց վստահորդի արդեն մի քանի ամիս ջերմելու պատճառը: Այն ժամանակ դատավոր Սարո Արամյանն այս միջնորդությունը թողեց առանց քննարկման: Իսկ Ա.Սարգսյանի առողջական վիճակն այսօր արդեն իր ազդեցությունն է ունենում դատաքննության բնականոն ընթացքի վրա: Պարզվում է անցած ամիսների ընթացքում մեկուսարանի բժիշկները ամբաստանյալին տոպրակներով հակաբորբոքային դեղամիջոցներ են նշանակել, որոնք նա պարբերաբար ընդունել է եւ դատելով նրա հիվանդության այսօրվա ախտանիշներից, իր պաշտպան Անժելա Ավագյանի ասելով, չի բացառվում, որ նա դիզբակտերիոզով հիվանդ է: Արդեն երկու օր դատաքննությունն ընդհատվում է նրա վատ առողջության պատճառով: Բայց քանի որ մեղադրող կողմը պնդում է, դատաքննությունն էլ շարունակվում է: Երեկ պաշտպան Ա.Ավագյանը ստիպված եղավ վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածը՝ դատարանին, ըստ էության, մեղադրելով ամբաստանյալի նկատմամբ անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Երեկ դատավորը փորձել էր զանգել մեկուսարանի բժշկին, բայց քանի որ նա տեղում չէր եղել, ամբաստանյալին այդպես էլ բուժօգնություն չցուցաբերվեց: Միայն ժ.15.30-ին մեղադրող Զելիմ Թադեւոսյանն արձանագրեց, որ ամբաստանյալի վրայից էլ երեւում է, որ նա իրեն լավ չի զգում, ուստի դեմ չէ, որ ընդմիջում հայտարարվի: Իսկ մինչ այդ երեկ դատարանում ցուցմունքներ տված երկու ամբաստանյալներին՝ Ջոն Հարությունյանին եւ Ֆելիքս Առուստամյանին, ամբաստանյալ Արմեն Սարգսյանի փոխարեն հարցեր ուղղեցին նրա պաշտպանները: Հարցուպատասխանից մի քանի հանգամանքներ պարզվեցին: Նախ այն, որ Ջ. Հարությունյանը մութ շքամուտքում էր կրակել Տ.Նաղդալյանի վրա: Նա դժվարացավ ասել, թե լրագրողն ինչ դիրքով է եղել, երբ ինքը կրակել է: Ամբաստանյալի ասելով, նա տեսել էր, որ մարդ է իջնում, մթության մեջ կրակել եւ փախուստի էր դիմել: Մյուս կողմից, պարզվեց, որ այն զենքերը, որոնք առգրավվել են ամբաստանյալներից արդեն Տ.Նաղդալյանի սպանության կապակցությամբ, քիլլերներն ունեցել են այդ սպանությունից շատ առաջ: Ֆ.Առուստամյանի ասելով, իրեն ԼՂՀ-ում կալանավորել են փետրվարի 26-ին եւ միայն զենքերի առնչությամբ են հարցաքննել: Նա միայն հետո՝ մարտի 2-ին ՀՀ ոստիկանությունում հարցաքննվելիս է իմացել, որ նրան կալանավորել են Տ.Նաղդալյանի սպանության առնչությամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել