Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարի է՝ չեն մշակվում վարելահողերը

Հոկտեմբեր 23,2003 00:00

12 տարի է՝ չեն մշակվում վարելահողերը Անտառ կտրելն ավելի եկամտաբեր է, քան հող մշակելը Հայաստանում տեղի ունեցած ագրարային բարեփոխումները եւ հողի սեփականաշնորհման գործընթացը միանման են կատարվել եւ անտառամերձ, եւ ոչ անտառամերձ գյուղերում։ Այսօր Լոռու մարզում քիչ չեն այնպիսի ագրարային տնտեսությունները, որոնք ոչ միայն մշակում են իրենց հողաբաժինը, այլեւ վարձակալել են մեծաքանակ հողաբաժիններ եւ միավորել են, ասենք, 20, 50, նույնիսկ 100 հա հող: Այդ տնտեսությունները հասել են լավ ցուցանիշների: Վիճակը համեմատաբար բարվոք է այն համայնքներում է, որտեղ անտառներ չկան։ Բոլորովին այլ է պատկերը մարզի Ահնիձոր, Աթան, Շամուտ, Լորուտ, Մարց, Քարինջ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ եւ այլ համայնքներում, որտեղ վերջին 12 տարում վարելահողերը չեն մշակվում։ Խորհրդային տարիներին նույն այս գյուղերը հող են մշակել եւ ցորենի ու կարտոֆիլի բարձր բերք են ստացել։ Բարձր բերք են ստացել նաեւ խնձորի, տանձի եւ սալորի այգիներից։ Այսօր վարելահողերը վերածվել են խոտհարքների, իսկ այգիները մնալով անխնամ՝ չորացել են, ծառերը կտրվել են որպես վառելափայտ: Այսպես կոչված՝ «փայտի գործը» հանգեցրել է նրան, որ վերը նշված գյուղերի տղամարդկանց այն մասը, որը պետք է կատարի հողի աշխատանքը, հիմնականում զբաղված է փայտի կուտակմամբ։ Նրանց մի մասը օրական 5000-8000 դրամով մասնակցում է օրինական եւ անօրինական հատումներին, մի մասն էլ՝ առավել ճարպիկները, ձեռք բերելով «տանիք»՝ իրենք են հատում, փայտը տեղափոխում ու վաճառում հանրապետության այլ բնակավայրերում։ Հողագործությամբ զբաղվելու դեպքում միջին ընտանիքի մեկ տարվա հացի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է 1.5 տոննա հացահատիկ, որի շուկայական արժեքը կազմում է միջինը 120-150 հազար դրամ։ Միջին ընտանիքի կարտոֆիլի պահանջարկը կազմում է մեկ տոննա, դրա շուկայական արժեքն աշնանամուտին կազմում է 80-100 հազար դրամ։ Այսինքն՝ սակավահող այս գյուղերում ակնկալվում է միայն սեփական կարիքների համար արտադրել հացահատիկ եւ կարտոֆիլ, որի շուկայական արժեքը տարվա կտրվածքով չի գերազանցում 300.000 դրամը։ «Փայտի գործով» զբաղվող լոռեցու վաստակը դիտարկենք Շամլուղի եւ մոտակա գյուղերի բնակիչների մեջ կատարած մեր ուսումնասիրությամբ։ Այստեղ հատում են Լալվարի անտառտնտեսության՝ Վրաստանի Հանրապետությանը սահմանակից անտառները։ Վերավաճառող կամ մթերող կազմակերպությունը յուրաքանչյուր խմ-ի համար փայտահատներին վճարում է 5000 դրամ։ Դրա 2000 դրամը անտառապետի բաժինն է, որից գոյանում է անտառտնտեսության տնօրենի եւ ավելի վեր կանգնած մարդկանց բաժինը։ Մնացած 3000 դրամը բաժանվում է փայտահատների խմբի, սղոցը աշխատեցնողի եւ անտառում ամենագնաց ավտոմեքենայի վարորդի միջեւ։ Փայտահատների մեկ բրիգադը օրվա ընթացքում հատում եւ բեռնավորում է մինչեւ 20-30 խմ փայտ։ Ստացվում է, որ 60-90 հազար դրամը բաժանվում է փայտահատների միջեւ։ Փայտահատը մեկ օրում վաստակում է, ինչպես արդեն նշեցինք, 5000-8000 դրամ։ Այս մարդիկ տարվա ընթացքում անտառում աշխատում են 200 օր։ Մեկ փայտահատը տարեկան վաստակում է 1 մլն172ից մինչեւ 1 մլն 600 հազար դրամ։ Իսկ հողագործությամբ զբաղվող գյուղացին լավագույն դեպքում տարվա ընթացքում ապրանքի տեսքով կարող է ստանալ 300 հազար դրամ: Լոռու մարզի անտառամերձ գյուղերի վարելահողերի չմշակման պատճառը հիմնականում սա է: ՀՐԱՉՅԱ ՊԱՊԻՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել