Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱՍ»

Հոկտեմբեր 23,2003 00:00

«ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱՍ» ԱԺ ընտրություններից առաջ ասել էր ՀԿԿ նախկին առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը Գագիկ Թադեւոսյանին՝ գրելով նրա անունը կուսակցական ցուցակի 15-րդ տեղում: «Շատերը զազրախոսեցին, թե Գագիկ Թադեւոսյանը պատգամավոր դառնալու նպատակով հեռացավ ՀԿԿ-ից,- ի պատասխան մեր հարցադրման ասաց պարոն Թադեւոսյանը,- «Ազգային Միաբանության» 11-րդ համարը երաշխիք չէր պատգամավոր դառնալու համար»։ ՀԿԿ-ից հեռանալու իր հիմնական պատճառը մեր զրուցակիցը համարում է դավաճանությունը. «Իմ նկատմամբ դավաճանություն չի արվել, Կոմկուսի նկատմամբ է արվել։ Եթե Կոմկուսի մարտիկներին շարունակաբար ջարդում են ու Կոմկուսից դուրս շպրտում։ Նվիրյալներին, ինտելեկտով, փորձով աչքի ընկած հռետորներին քաղաքական ասպարեզից դուրս են շպրտում, ուրեմն կուսակցությունն ու գաղափարախոսությունն են դավաճանում։ Ես վիրավորված չեմ եւ ոչ էլ ինքնասիրությունս է վիրավորված, թե ինչի ես պատգամավոր չպիտի լինեի: Բայց եթե ոչ ես՝ ապա ո՞վ պիտի լիներ։ Իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես կուսակցության ծրագրային դրույթների մի մասը կարողացա օրենսդրական դաշտ բերել։ Որպես հանձնաժողովի նախագահ, ես ավելի եմ շեշտադրել իմ կոմունիստ լինելը, երբ ՕԵ-ն իր չարածն էր իրեն վերագրում, ՀԿԿ-ն իր արածը չուզեց իրեն վերագրել։ Ես չէի կարող մնալ մի կուսակցության շարքերում, որն ասում էր մի բան, անում այլ բան, հետեւողականություն չուներ, որի արդյունքում ճգնաժամի մեջ ընկավ։ Իսկ Վլ. Դարբինյանն ավարտեց իր կուսակցական-քաղաքական գործունեությունն՝ անփառունակ։ Իմ սկզբունքներն ու գաղափարներն ինձ հետ են եւ ես կշարունակեմ իմ երկրի նվիրյալը լինել, բայց իմ մնալն այդ կուսակցության շարքերում, այդ մթնոլորտում՝ ավելորդ էր»։ «Ազգային միաբանության» շարքերում հայտնվելը մեր զրուցակիցը բացատրեց այդ կուսակցության ռուսական կողմնորոշմամբ եւ սոցիալ-տնտեսական ծրագրերում ՀԿԿ-ին համահունչ լինելու փաստով։ Ինչ վերաբերում է ՀԿԿ-ի ապագային՝ «Ես շատ կուզեմ, որ ՀԿԿ-ն նորից վերելք ապրի, այդ գաղափարախոսությունն ինձ համար ամենավեհն է, բայց, ցավոք, Ռուբեն Թովմասյանը երբեք հրապարակային քաղաքական գործիչ չի եղել։ Ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի նման քաղաքական գործունեությամբ վերականգնել Կոմկուսի վարկը եւ նորից դառնալ հանրապետության առաջատար քաղաքական կազմակերպություններից մեկը։ Ո՞ւր էր Թովմասյանն 91-ին, երբ Կոմկուս էինք վերականգնում, առաջարկեցինք Շահումյանի կուսկոմիտեն ղեկավարել, ինչո՞ւ հրաժարվեց։ Ինչո՞ւ 97-ին սպիտակ ձիով հայտնվեց ՀԿԿ քարտուղար, այսօր էլ դարձավ առաջին քարտուղար, ո՞ր արժանիքի համար։ Կուսակցության վերածննդի շրջանում, երբ «սոցիալիստական» բառն արտաբերելն էր վտանգավոր, ո՞ր վտանգը վերցրեց իր վրա»։ Իսկ ինչո՞ւ պարոն Թադեւոսյանը չի ցանկանում դառնալ ՀԿԿ-ից հեռացվածների միավորման, այսպես ասած, կնքահայր. «ՀԿԿ-ում ես շատ լավ ընկերներ ունեմ եւ չեմ կարող նրանց հետ բարիկադների տարբեր մասերում հայտնվել, չի ընկալվի»։ Չնայած, մեր զրուցակցի հավաստմամբ՝ «գործընթացներն ընթանում են եւ ոչինչ դեռ բացառված չէ»։ Միաժամանակ՝ «Ժողովրդին նոր գաղափար պետք է մատուցվի։ Ժողովուրդը, ցավոք, հիասթափվեց ՀԿԿ-ից։ 70 տարվա իշխող կուսակցություն լինելուց, այդպիսի դաժան պարտություն կրելուց հետո, պետք էր կարծել, որ վերածնվածներն իրենց դառը փորձից այնքան հետեւություն պետք է արած լինեին, որպեսզի էլ երբեք սխալվելու իրավունք չունենային։ Բայց հետսովետական շրջանի կոմկուսներում գնաց պառակտման ու ինտրիգների պրոցեսը։ Այսինքն, կարողացան այդ կուսակցությունների մեջ ցեցը գցել, պառակտել, գնել որոշներին, խաղալ ամբիցիաների վրա։ Մի՞թե Կոմունիստական կուսակցության մեջ վերլուծողական միտքը պետք է այդքան չորացած լիներ»։ Միեւնույն ժամանակ, պարոն Թադեւոսյանը համոզված է, որ սոցիալիստական գաղափարախոսությունն իրեն չի սպառել։ Ավելին՝ «ի՞նչ է գլոբալիզացիան, եթե ոչ համաշխարհային սոցիալիզմի գաղափար»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել