Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ: ԴՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ:

Հոկտեմբեր 23,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ: ԴՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ: Վաղուց ապացուցված է գիտնականների կողմից. քանի որ կանանց օրգանիզմը ծրագրավորված է գոյապահպանման, մարդկային ցեղը շարունակու համար, նրանք ավելի ուժեղ են, դիմացկուն, ավելի, եթե ուզում եք, արժանապատիվ, քան մենք՝ տղամարդիկս: Անցած շաբաթ ստացանք դրա հերթական ապացույցը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը բոյկոտեց Պլովդիվում կայացած շախմատի Եվրոպայի առաջնությունը: Մեր գրոսմայստերները մրցումներից առաջ որոշեցին, պարզ ժողովրդական լեզվով ասած, «փողի բազար» անել: Որ նրանք բավականաչափ չեն վարձատրվում, դա ակնհայտ է: Բայց ենթադրելի է նաեւ, որ նրանցից ոչ մեկը սովից չի կոտորվում եւ գիշերները փողոցում, հեռուստացույցի տուփի մեջ չի անցկացնում: Ոչ էլ Պլովդիվում էր նրանց նման հեռանկար սպասում: Խոսքը հետեւաբար նախապես շանտաժելու մասին էր: Մոտավորապես այնպես, ինչպես որոշ բժիշկներ հիվանդից նախօրոք փող են կորզում, հետո միայն վիրահատություն անում: Մինչդեռ նորմալ բժիշկները սկզբից գործն են անում, հետո «շնորհակալություն» ակնկալում: Ճիշտ նույն ձուով շախմատիստների դեպքում էլ բնական կլիներ, որ նրանք մեկնեին չեմպիոնատի, հոջողության հասնեին, նոր միայն մտածեին պարգեւատրվելու մասին:Ի տարբերություն տղամարդկանց, կանանց հավաքականը, նյութական տեսակետից նույնպես շքեղ պայմաններ չունենալով, սակարկություններով չզբաղվեց, գնաց Պլովդիվ, «տղամարդու պես» ելույթ ունեցավ եւ վերադարձավ հաղթանակով: Գուցե արդեն ժամանա՞կն է, որ աշխարհի եւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունների տղամարդկանց փոխարեն մեկնի մեր կանանց թիմը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել