Washington Post-ը հեգնում է եւ քննադատում Երեկ ամերիկյան հեղինակավոր «Washington Post»-ը հանդես է եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին նվիրված մի նոր անդրադարձով, որում ծայրահեղ հեգնանքի է արժանացնում նորաթուխ նախագահ Իլհամ Ալիեւի հաղթանակը։ Լրջագույն կասկածի տակ առնելով «երիտասարդ դիկտատորի» օգտին տրված քվեների պաշտոնական ցուցանիշները, թերթը զուգահեռաբար սուր քննադատության է ենթարկում Բուշ-կրտսերի վարչակազմի կեցվածքը Բաքվի իրադարձությունների նկատմամբ։ «Հայտարարելով ժողովրդավարության աջակցման իր ձգտման մասին, ԱՄՆ ղեկավարությունն, այնուամենայնիվ, համաձայնում է մի գործարքի, որը հին է, ինչպես աշխարհը։ Այն է՝ ստանալ կարճաժամկետ օգուտներ, երկարաժամկետ հիմնախնդիրների կուտակման դիմաց»,- գրում է «Washington Post»-ը, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ անգամ Բուշի վարչակազմն է ընդունում այդօրինակ գործելակերպի սխալականությունը։ Թերթը մանրամասնում է, որ Բուշ-կրտսերը, մասնավորապես, խոստովանել է, որ հանդուրժողական վերաբերմունքը արաբական կոռումպացված եւ ավտոկրատ ռեժիմների նկատմամբ սպառնալիքներ է ծնում ԱՄՆ անվտանգության համար։ «Եվ դրանով հանդերձ, վարչակազմը կրկնում է նույն սխալներն, այս անգամ արդեն Կովկասում եւ Միջին Ասիայում»,- դժգոհում է «Washington Post»-ը։ Հոդվածագիրն առավել եւս տարակուսում է այն փաստից, որ Բուշի վարչակազմը, ընդունելով հանդերձ նավթային հարստությունների եւ զինհամագործակցության դիմաց այդօրինակ երկրներում ազատության ոտնահարման անտեսման վտանգավոր հետհարվածի հավանականությունը (օրինակ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեսքով), նույն քաղաքականությունն է որդեգրել Բաքվի նկատմամբ եւ ըստ էության՝ հանուն նույն արժեքների։ Փաստորեն, ըստ «Washington Post»-ի, ԱՄՆ-ի համար այս դեպքում ժողովրդավարությունն այնքան կարեւոր չէ, երբ այն համեմատվում է նավթի եւ բնական գազի խոստումների հետ, իսկ այդ բարիքն Ադրբեջանն արդյունահանելու է այնպիսի նավթային գիգանտների համագործակցությամբ, ինչպիսիք են «BP Amoco»-ն, «Chevro Texaco»-ն եւ «Exxon Mobil»-ը։ «Լավագույն դեպքում բռնություններն արժանանում են ԱՄՆ-ի ուշացած եւ թույլ բողոքներին»,- արձանագրում է թերթը եւ հարցադրում անում. «Իսկ եթե ԱՄՆ-ից ու ամերիկյան ժողովրդավարությունից ինչ-որ բաներ ակնկալող ադրբեջանական ընդդիմությունն անցնի հակաամերիկյան ծայրահեղականության դիրքերը, ապա տարակուսած տեսաբանները որտե՞ղ փնտրեն դրա պատճառը, գուցե պարոն Արմիթաջի հեռախոսազանգի մե՞ջ»։ Չփորձելով մեկնաբանել «Washington Post»-ի գնահատականները, այնուամենայնիվ մի անմեղ դիտարկում անենք։ Փաստորեն, Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «հրապույրները» ներվեցին հանուն նավթի։ Իսկ հանուն ինչի՞ պետք է ներվի Հայաստանի ոչ պակաս բռնապետական ռեժիմը։ Ի՞նչ ծախու ապրանք ունենք մենք՝ ժողովրդավարությունից բացի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ