Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ»

Հոկտեմբեր 22,2003 00:00

«ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ» «Բոլոր այն կառույցները, որոնք արվել են իմ որոշումների փաթեթի շրջանակում՝ օրինական են, բայց, ցավոք, դրանց 99%-ը նախագծային կոպիտ շեղումներով են կառուցված եւ ապօրինության դաշտում են»,- երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին քաղաքապետ, ներկայումս՝ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Սակայն, ըստ բանախոսի, նման դեպքերում պայմանագիրը կարող է միակողմանի չեղյալ հայտարարվել եւ դադարեցվել տվյալ օբյեկտի գործունեությունը։ «Ինձ կարող են մեղադրել, թե ինչու չկարողացա լավագույնս պայքարել այդ ապօրինությունների դեմ»,- ենթադրեց բանախոսը ու պատասխանեց. «Բոլոր դեպքերը, երբ սկզբունքային մոտեցում էր լինում, տուժում էին միայն այն մարդիկ, ովքեր միշտ են տուժել։ Իմ՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալու պատճառներից մեկն էլ դա էր»,- թեման եզրափակեց Ռ. Նազարյանը։ Իսկ մայրաքաղաքի զարգացումը, ըստ բանախոսի, որեւէ մեկի անձով պայմանավորված չէ, այլ՝ Երեւանի կարգավիճակով. «Քանի դեռ Երեւանի կարգավիճակն այնպիսին է, ինչպիսին կա՝ լուրջ առաջընթացներ չենք ունենա։ Երեւանի կարգավիճակը խոչընդոտում է լավագույնս կազմակերպելու քաղաքային տնտեսությունում առաջացած հիմնախնդիրները վերացնելուն։ Ամենակարեւորը բյուջեն է, որը Երեւանը չունի՝ մնացածի մասին ավելորդ է խոսել»,- իր կարծիքը վերահաստատեց նախկին քաղաքապետը։ Պարոն Նազարյանը ասուլիս էր հրավիրել՝ իր պաշտոնում պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով։ Ըստ այդմ, խոսելով սակագների թեժ թեմայից, պարոն Նազարյանը՝ «ֆիֆտի-ֆիֆտի» գնահատեց գազի գնի բարձրացման հնարավորությունը. «Չի կարելի սպառողի հաշվին ապահովել մի սակագին, որը գերշահույթներ կբերի ընկերությանը, բայց նաեւ չի կարելի չզարգացնել համակարգը, ինչ է թե այսօր զլանում ենք մի քիչ ավել վճարել»։ Ռ. Նազարյանը տեղեկացրեց, որ այս առիթով վարչապետի հետ էլ է զրույց ունեցել եւ այժմ «մշակվում են տարբերակներ հնարավորինս հասկանալի եւ պատճառաբանված սակագին սահմանելու»։ Հանձնաժողովն իր, այսպես ասած, տղամարդու խոսքը կասի նոյեմբեր ամսվա վերջին։ Ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագներից բանախոսը չխոսեց, քանզի դրանք բարձրացնելու հայտեր հանձնաժողովը դեռ չի ստացել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել