Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԽՐՏՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԵՐ ԽԱՂԱԼՈՒՑ»

Հոկտեմբեր 22,2003 00:00

«ՉԵՄ ԽՐՏՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԵՐ ԽԱՂԱԼՈՒՑ» Հայտարարում է դերասան-երգիչ Գեւորգ Դավթյանը Գլխավոր պրոդյուսերի դեր ստանձնած Ալլա Պուգաչովան եւ Ֆիլիպ Կիրկորովը ամերիկյան կողմից գնելով արտոնագիր, 2002թ. հոկտեմբերի 4-ին Մոսկվայում իրականացրին կոմպոզիտոր Ջոն Քենդերի հանրահայտ «Չիկագո» մյուզիքլի բեմադրությունը։ Ռուսական «Չիկագոյում» լրագրողուհու դերը վստահված էր Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան-երգիչ Գեւորգ Դավթյանին։ Մյուզիքլը առաջին անգամ բեմադրվել է Ամերիկայում, սցենարիստ-բալետմայստեր Բոբ Ֆոսի նախաձեռնությամբ, իսկ 96-ին՝ Ֆոսի մահից հետո նրա սաները վերականգնել են այն։ 2002թ. գարնանը Մոսկվայում հայտարարված դերասան-երգիչների մրցույթին 5000 թեկնածուների թվում էր նաեւ Գեւորգը։ Իսկ երրորդ փուլ էին անցել 28 հավակնորդներ։ Գ. Դավթյանը հիշեց, որ մրցույթից դուրս են մնացել մեծ թվով ռուս հանրահայտ երգիչներ, այդ թվում՝ Կատյա Լելը, Սաշան եւ այլք։ «Ես որոշեցի փորձել ինձ։ Ցանկացա համոզվել՝ կարո՞ղ եմ համեմատվել ռուսների հետ։ Պարզեցի, որ նրանք այնքան էլ չեն բավարարում ամերիկյան մյուզիքլի պահանջները»,- պատմում է դերասան-երգիչը։ Նա Մոսկվայում շուրջ մեկ տարի խաղացել է մյուզիքլում. «Պետք է աշխատեինք այնքան, ինչքան ներկայացումն ապրեր»։ Հաջողությամբ հանդես է եկել Ֆիլիպ Կիրկորովի, Անաստասիա Ստոցկայայի, Լոլիտայի, Լիկա Ռուլլայի եւ այլոց ընկերակցությամբ։ «Ինձ բոլորովին էլ չխրտնեցրեց կնոջ դեր խաղալը «Չիկագոյում»։ Ըստ սցենարի, տղամարդ ժուռնալիստը համագործակցում է դատապաշտպանի հետ եւ ընդունում կնոջ կերպար՝ դատը շահելու համար։ Մեղադրվում էին վարիետեի նախկին երգչուհիներ Ռոքսին եւ Վելման, որոնք սպանել էին իրենց ամուսիններին։ Մի խոսքով, կնոջ կերպար ընդունած դատապաշտպանի շնորհիվ երգչուհիներն արդարացվում են, շարունակում իրենց կարիերան ու դառնում աստղեր»,- իր դերը ներկայացրեց դերասան-երգիչը։ Գ. Դավթյանը նաեւ տեղեկացրեց, որ «Չիկագոյի» պայմանագիրը լրանալուց հետո իրեն առաջարկել են նոր դերերգ կոմպոզիտոր Ալ. Զուբկովի «12 աթոռ» մյուզիքլում։ Ի դեպ, «12 աթոռի» բեմադրիչն է Տիգրան Քեոսայանը, պրոդյուսերը՝ Ալեքսանդր Ցեկալոն։ «Ճիշտն ասած, երաժշտությունը ինձ չգրավեց։ Մյուս կողմից էլ՝ քիչ էին վճարում՝ ներկայացումը 20 դոլար»,- անկեղծացավ դերասան-երգիչը։ Հետաքրքրվեցինք՝ ինչքա՞ն է եղել նրա հոնորարը «Չիկագոյից»։ Գ. Դավթյանը չցանկացավ հայտնել իրեն վճարված գումարի չափը, ընդամենն ասաց. «Վճարել են շա՜տ-շատ»։ Նրանից տեղեկացանք, որ շուտով Ֆ. Կիրկորովը կունենա ամերիկյան նոր մյուզիքլի («Մամա-միա» կամ «Վիկտորիա-Վիկտորիա») արտոնագիր։ Գ. Դավթյանը վստահ է, որ իրեն կհրավիրեն Մոսկվա այս առիթով. «Ես ու Ֆիլիպը լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ անպայման ինձ նկատի կունենա»։ Դերասան-երգիչը թեեւ չի սիրում երկար ժամանակով բացակայել Հայաստանից, բայց, միեւնույն ժամանակ, շահավետ ու հետաքրքիր առաջարկներից չի հրաժարվի։ Երեւանում նա ապրում է համեստ կենցաղով:z Գ. Դավթյանը՝ CD էլ չի կարող թողարկել, որովհետեւ չունի իմպրեսարիո։ «Չեմ կարող գիշերային ակումբներում էլ երգել, հոգեբանորեն պատրաստ չեմ»,- ասում է նա։ Իսկ ներկայումս Գ. Դավթյանը զբաղված է Է. Լ. Վեբերի «Կատուները» ու «Քվազիմոդո եւ Էսմերալդա» մյուզիքլներում (Կամերային երաժշտական թատրոնում) եւ դա առայժմ իրեն բավարարում է։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել