Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 22,2003 00:00

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ Ոճրագործն ակնհայտորեն չափազանցնում է իր դերը Հայաստանի քաղաքական կյանքում «Հոկտեմբերի 27» գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը երեկ նախ հանդես եկավ հայտարարությամբ, ապա միջնորդություններով։ Դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց նրա դիմումը՝ ուղղված հանրապետության նախագահին: Ամբաստանյալը գրում է. «Եկել է ամենավտանգավոր փուլը։ Ես ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ եթե մեղադրանքի ծավալը չբխի գործի նյութերից եւ նախկինի պես ակնհայտ կեղծ լինի, ապա կարող է դուրս գալ, որ ձեզ եք մեղադրանք առաջադրում։ Իմ անկեղծ խորհուրդն է՝ մտորել այս մասին՝ որեւէ անդառնալի բան անելուց առաջ։ Քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեր քայլից։ Հիշեք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»։ Դիմումի հետգրության մեջ Ն. Հունանյանը ավելացնում է. «Ցայսօր ձեր իշխանությունը հիմնվել է երկու հիմնական բաղկացուցիչների վրա։ Մի կողմից դուք ժողովրդի առջեւ եղել եք իմ եւ մյուսների երաշխավորը, մյուս կողմից ունեցել եք իմ աջակցությունն ու պաշտպանությունը։ Դուք քաղաքական այլազան ուժերին մշտապես ուղղակի եւ անուղղակի սպառնացել եք ինձ ազատություն տալուն, ինչը նրանց ստիպել է համակերպվել եւ հանդուրժել ձեր իշխանությունը»,- շարունակել էր նա։ «Հիմա մենք մոտենում ենք մի կետի, երբ կարող եք խորտակվել եւ մնալ փլատակների տակ։ Մեր ժողովուրդը մեզանից մի բան է սպասում՝ իմ ազատ արձակումը, որին սպասելով մի կերպ հանդուրժել է ձեզ։ Հիմա պատկերացրեք, որ ներկայացվում է այնպիսի մեղադրանք, որը բացառում է իմ անհապաղ ազատ արձակումը։ …Դուք կորցնում եք քաղաքական որոշ ուժերին վախեցնելու իմ ազատության հաղթաթուղթը եւս, իսկ սա ազատ է արձակում նրանց ձեռքերը եւ հոգեբանորեն անկաշկանդ դարձնում։ Հոկտեմբերի մեջ տեղի ունեցած բեկումը պիտի ձեզ ցույց տված լինի, թե որքան կարող է արագ փոխվել իրավիճակը եւ թե որքան թույլ են ձեր հիմքերը։ …Ձեր պաշտոնանկության հարցը կարող է լուծվել շատ արագ։ Բավական է ԱԺ-ին ներկայացնել նյութեր եւ ամբողջ ժողովուրդը ոտքի կելնի, ԱԺ-ն որոշում կընդունի 120 ձայնով։ Իմ ընդունակության վրա դուք չեք կասկածում»,- գրում է ամբաստանյալը՝ դիմելով ՀՀ նախագահին: Ամբաստանյալը փորձեց նաեւ «փչացնել» տուժողների ներկայացուցիչների բոստանը, ասելով. «Իմ համառ ջանքերով հաջողվեց տուժողներին դեպի ինձ բերել եւ մի բանակ կազմել։ Մնում է, որ մեղադրողները միանան մեր բանակին»։ Մեղադրողների արձագանքը նյարդային էր. «Իր պապերի գերեզմանի տեղը չգիտի։ Աթաթուրքի գերեզմանին այցելելու ժամանակ է իժի ծնունդը այսպիսի հիմնավորումներ երեւի արել»,- զայրացավ Կորյուն Փիլոյանը։ Իսկ մեղադրող Գագիկ Ավետիսյանը զայրացել էր հատկապես ամբաստանյալի մեծամտության վրա, որ իրեն ժողովրդի հետ է նույնացնում՝ «ութ դիակ կա ձեզ վրա, էլի արյուն եք պահանջում»։ Այնուհետեւ եկավ միջնորդությունների հերթը։ Ամբաստանյալը միջնորդեց դատակոչել որպես վկա Ալիկ Հարությունյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սուրեն Պետրոսյանին (Հարություն Հարությունյանի ընկերը, որին փոխանցվել էր «27»-ի իրադարձությունները պատկերող տեսաերիզը եւ որի քրոջ՝ Գայանե Աբրահամյանի տանն էր այն պահվել)։ Տեսաերիզի օգտագործման անթույլատրելիության մասին էլ եղավ միջնորդություն, որի կապակցությամբ դատավոր Ուզունյանը տվեց այսպիսի մեկնաբանություն. «Դուք ուզում եք, որ դատավորը գնահատական տա ապացույցների կապակցությամբ մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը, ինչը բացարկի հիմք է»։ Տուժողի շահերի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանը կանխատեսեց, որ միջնորդությունները «բիրիքով» կմերժվեն, այդպես էլ եղավ։ Շատ հետաքրքիր միջնորդություն արեց տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը։ Նա միջնորդեց, որ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը «Ալֆայի» հետ կապված փաստաթղթեր ներկայացնի երկու պետությունների իրավական փոխօգնության համաձայնագրի շուրջ, այնուհետեւ ներկայացվեն Դրյուկովի զեկուցագրերը եւ վերլուծական նյութերը։ Յունոշեւը մեջ բերեց Պուտինի խոսքերը, որ այս ահաբեկչությամբ վերացվել են Ռուսաստանի լավագույն ընկերները։ Հանդես գալով ոչ այնքան որպես տուժողի շահերի ներկայացուցիչ, Յունոշեւն ասաց, որ Ռուսաստանը շահագրգիռ է այս գործի բացահայտմամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել