«Ամեն ինչ արվում է նրանց կյանքը բարդացնելու համար» Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի բնակիչները ծննդաբերելու համար պիտի հասնեն Աբովյան քաղաք, ընդ որում՝ ոտքով, քանի որ գյուղից մարզկենտրոն տրանսպորտ չի աշխատում: Նույն մարզի Կամարիս գյուղում մի կին իր երեք երեխաներին տանն է ծննդաբերել՝ մարզկենտրոն հասնելու համար միջոցներ չունենալու պատճառով: Այդ երեխաներից երկուսը մահացել են: Կինը չի գրանցել երեխաների ո՛չ ծնունդը, ո՛չ մահը: Մարզի 12 գյուղում նույն պրոբլեմներին հանդիպելով, Հետաքննող լրագրողների ընկերակցության անդամները կասկածի տակ են առնում մանկական մահացության վիճակագրությունը: Անգամ ծննդաբերության համար մարզկենտրոն չհասնող գյուղացի կինը, պարզ է, որ չի հսկվում ամբողջ հղիության ընթացքում: «Հասարակությունից մեկուսացվածները» անունը կրող հետաքննությունը պարզել է նաեւ, որ փաստաթղթային ձեւակերպումներ չկատարելով՝ գյուղացիները հաճախ զրկվում են իրենց հասանելիք պետական աջակցությունից: Իսկ այդ ձեւակերպումները միշտ չէ, որ իրենց մեղքով է լինում: Այդ ճանապարհին նրանց առջեւ խոչընդոտներ են հարուցում տեղական ինքնակառավարման մարմինները: Ինչպես երեկ արձանագրեց ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը, «Աբովյանի քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի աշխատանքը հեռու է բավարար լինելուց»: Գյուղից դժվարությամբ մարզկենտրոն հասած բնակիչը հաճախ տեղում չի գտնում «զագսի» տնօրենին կամ եթե գտնում է, վերջինս մի քանի անգամ հետ է ուղարկում քաղաքացուն՝ պատճառ բերելով գյուղապետարանից ստացած տեղեկանքի անճշտությունները: Արդյունքում այդ գյուղերում կան երեխաներ, որոնք արդեն դպրոց են գնում, սակայն դեռ ծննդյան վկայական չունեն: Հաճախ քաղաքացին գաղափար չունի, թե որքան է այս կամ այն փաստաթղթի իրական արժեքը կամ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ծննդյան կամ մահվան վկայական ստանալու համար: Այս հանգամանքն անընդհատ չարաշահվում է այդ փաստաթղթերը տվողների կողմից: Հետաքննող լրագրողները ընտանիքներում հանդիպել էին նաեւ բազմաթիվ հաշմանդամների, որոնք սակայն չեն կարողանում ստանալ հաշմանդամության կարգ, հետեւաբար եւ համարվում են աշխատունակ: Իսկ դա իջեցնում է նրանց ընտանիքների կարիքավորության բալը եւ զրկում ընտանեկան նպաստից: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության, սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները: Նրանց պարզաբանումներից հիշարժան էր Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Սամվել Թադեւոսյանի այն փաստարկը, թե տեղական կառույցներում իրենք չեն կարող պատերին փակցնել յուրաքանչյուր գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ «ողջ օրենսդրությունը»: Նշվում է միայն պետական տուրքի չափը, այն էլ տոկոսային հարաբերակցությամբ: Երեկվա քննարկման արդյունքում, այնուամենայնիվ, զգալի առաջընթաց արձանագրվեց. արդարադատության նախարարության ներկայացուցիչները որոշեցին, որ արժե տոկոսի կողքին նշել դրա դրամային արտահայտությունը՝ 100 դրամ: Իսկ փաստաթղթերի հետ կապված չարաշահումները, ըստ ամենայնի, կշարունակվեն: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ