ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՏԵՍԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց կառավարության շենքում հանգրվանած «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսը, եւ մեկ առ մեկ մոտեցավ բոլոր ներկայացված տաղավարներին, համտեսեց գրեթե բոլոր հրամցվող արտադրատեսակներից: Դժվար չէր նկատել, որ համտեսելը նախագահին դուր եկավ, այլապես այդ հոգնեցուցիչ աշխատանքի վրա նա երկու ժամ չէր ծախսի: Հայկական գինիների եւ կոնյակների լավագույն գիտակների պես նա ըմպում էր մատուցվող խմիչքներից մեկ-երկու կաթիլ, բերանում երկար պահում, ապա տալիս էր իր գնահատականը՝ «լավն է, ոչինչ», «այ, սա գործ է», «ոչինչ, մի կերպ դիմանալու է»: Քանի որ նախագահին ուղեկցող բազմամարդ թիկնազորը ամեն ինչ անում էր, որ լրագրողները ոչինչ չտեսնեն ու չլսեն, մեզ մնում է միայն ենթադրել, որ նախագահին ավելի դուր էին գալիս այն մթերքները, որոնց տաղավարների մոտ նա ավելի երկար էր կանգնում, կամ փորձելիս դեմքին ավելի գոհունակ արտահայտություն էր տալիս: Սակայն ակամա գովազդողի դեր չկատարելու համար, չենք նշի, թե հատկապես որ կոնյակը կամ որ գինին նախագահին դուր եկավ: Ասենք միայն, որ նախագահը փորձում էր զուտ չոր գինիներ: Համտեսեց եւ սպիտակ, եւ կարմիր գինի, բայց միայն՝ դառը: Քիչ չէին նաեւ պանիրների, մուրաբաների, չրեղենի արտադրողների տաղավարները: Ներկայացված քաղցրավենիքներին Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ, բայց առանձնապես մեծ ձգտում չհայտնեց համտեսելու: Չփորձեց նաեւ սիգարետներից՝ ինչպես հայտնի է, նախագահը առողջ ապրելակերպի ջատագով է: Այնքան առողջ, որ նույնիսկ մսամթերք չփորձեց: Պիտի նկատել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մսամթերք արտադրողները ներկայացրել էին ընդամենը մի արտադրողի տաղավար: Շատ էին աղբյուրի, հանքային եւ զովացուցիչ ջրեղեն ներկայացնողները: Դրանցից էլ Ռ.Քոչարյանը փորձեց: Բայց տպավորությունները չենք կարող փոխանցել՝ թիկնազորը դարձյալ խանգարեց: Ի դեպ, նրանց գործողություններից տուժում էին ոչ միայն լրագրողները. տաղավարներից երկուսի մոտ նախագահը հարցեր ուղղեց, բայց պատասխանող չկար, քանի որ թիկնապահները չէին թողնում, որ տաղավարի տերերը մոտենան: Մասնավորապես, «Կոտայքի» ներկայացուցիչը որքան համոզում էր թիկնապահներին՝ իրեն թույլատրել մոտենալ տաղավարին, որպեսզի որոշ բաներ ասի իրենց արտադրատեսակի վերաբերյալ, ոչինչ չէր ստացվում: Նմանատիպ իրավիճակ էր նաեւ Արենի գյուղի արտադրած գինու տաղավարի մոտ: Այստեղ նախագահը հարցեր բարձրացրեց, բայց տաղավարում գտնվող երիտասարդները պատասխան չունեին, իսկ նա, ով կարող էր պատասխանել, գտնվում էր թիկնապահների նշած սահմանագծից այն կողմ: Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը գոհ մնաց տեսածից, լսածից ու համտեսածից, քանի որ ճեպազրույցի ժամանակ նշեց, թե «որակի, տեսականու հետաքրքիր զարգացումներ կան, մակարդակ կա»: Նա գոհունակություն հայտնեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ արտադրողները հիմնականում խնդիրներ էին բարձրացնում պետության առաջ, հիմա այլ հարցեր են դնում: Նախագահը նաեւ ասաց, որ օգտվում է միայն տեղական արտադրության մթերքներից, նաեւ՝ խմիչքներից: Սակայն չնշեց (գուցե նույնպես չգովազդելու համար), թե համտեսած խմիչքներից հատկապես որը դուր եկավ իրեն. «Էսօր էնքան եմ խառնել, որ մի քիչ կարող է օբյեկտիվ չլինեմ զուտ որակի առումով, բայց մեր ընտանիքում ընդունված է միայն հայկական արտադրանքը»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ